Պուտինի վարչապետը՝ Հայաստանում

Դեկտեմբերի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա։ Այցի կարգավիճակը՝ աշխատանքային կամ պաշտոնական, դեռևս հայտնի չէ, ինչպես որ հայտնի չէ Նիկոլ Փաշինյանի կարգավիճակն ընդհանուր առմամբ։

Բանն այն է, որ նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթով նա Ադրբեջանին է հանձնել Արցախը, իսկ Ռուսաստանին՝ Հայաստանի ինքիշխանությունը։ Այդ թվում՝ իր սեփական իշխանությունը։

Պատերազմի ավարտից հետո մամուլում, քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներում հրապարակվեցին բազմաթիվ տեղեկություններ այն մասին, որ պատերազմի ընթացքում ռուսական կողմից Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է հրաժարական տալ՝ պատերազմի դադարեցման դիմաց։ Այդ տեղեկություններից որևէ մեկը մինչ այս պահը չի հերքվել։ Հետևաբար, մինչև այս պահը չհերքված այդ տեղեկությունների տրամաբանությամբ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանության պահպանումը գերադասել է պատերազմի դադարեցումից, իմա՝ մարդկային նորանոր զոհերից, իմա՝ կորսված նորանոր տարածքներից։

Պատերազմի երկարաձգմամբ Նիկոլ Փաշինյանը պահպանել է սեփական իշխանությունը՝ չհասկանալով ու չգիտակցելով, որ ռուսական միջնորդությամբ կնքված կապիտուլյացիոն համաձայնագրից հետո դա այլևս իր իշխանությունը չէ։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական և ոչ միայն քաղաքական ճակատագրում այլևս ամեն ինչ կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդու անունը Վլադիմիր է։ Եվ քանի որ նա հանուն իշխանության պահպանման պատրաստ է եղել հանձնել Արցախն ու զոհել հազարավորների, նույն նպատակի համար նա պատրաստ է լինելու նորանոր զիջումների ու հանձնումների։ Դա գիտակցում են բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանում։ Հետևաբար, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը նոմինալ առումով շարունակում է պահպանել իշխանությունը, նշանակում է՝ Ռուսաստանը դեռ նրանից ստանալու ինչ-որ բան ունի։ Խոսքը համաձայնագրով հանձնվող տարածքների մասին չէ, որոնց հանձնումը, այսպես թե այնպես, Նիկոլ Փաշինյանն իրականացնելու է ժամացույցի ճշտությամբ։ Պատահական չէ, որ նրան Մոսկվա են կանչել դեկտեմբերի 4-ին, այսինքն՝ համաձայնագրով նախատեսված բոլոր հանձնումների վերջնաժամկետից՝ դեկտեմբերի 1-ից հետո։ Կանչել են, ըստ ամենայնի, այդ հանձնումների մասին հաշվետվություն ներկայացնելու ու նոր հանձնումների պատրաստակամության մասին համաձայնություն ստանալու համար։

Այնպես որ, ամենևին բացառված չէ, որ դեկտեմբերի 4-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը կարող է կնքել կապիտուլյացիոն երկրորդ համաձայնագիրը, այս անգամ՝ Ռուսաստանին ինչ-որ բան հանձնելու նպատակով։ Եթե որևէ մեկն այդ հնարավորությունը համարում է անիրատեսական, ապա կարող է հիշել նոյեմբերի 9-ի երեկոն, երբ Նիկոլ Փաշինյանը գրում էր, որ Շուշիի համար մարտեր են ընթանում։ Ժամեր անց նա հանձնեց Շուշին, որը, ըստ Պուտինի, դեռևս հոկտեմբերի 19-ին ներկայացված, բայց մերժված առաջարկությամբ կարող էր մնալ հայկական։

Նիկոլ Փաշինյանը գործում է ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ սեփական իշխանության շահերի իրացման համար։ Բովանդակային իմաստով նա Հայաստանի վարչապետը չէ, քանի որ նրա իշխանության շահերը հակամետ են Հայաստանի պետական շահերին։ Նրա իշխանությունը հիմա ավելի շատ անհրաժեշտ է Ռուսաստանին, որն ամենաանիրական երազում անգամ չէր կարող Հայաստանում պատկերացնել այնքան ռուսահպատակ իշխանություն, որպիսին նոյեմբերի 9-ից հետո գոյատևող իշխանությունն է։
Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ թե Հայաստանի վարչապետն է, այլ Հայաստանում Ռուսաստանի կամ  Վլադիմիր Պուտինի վարչապետը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս