Համավարակ, պատերազմ, բայց Պարոնյանի անվան թատրոնում նոր ներկայացման փորձեր են ընթանում
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը դեռ մարտ ամսին պետք է թատերասերների դատին հանձներ Ռոդոլֆո Սանտանայի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Հարդասենյակ կանանց համար» ներկայացումը: Համավարակով պայմանավորված՝ առաջնախաղը հետաձգվել է:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը խոստովանեց, որ ընկճված են, հոգեպես ծանր վիճակում են, սակայն կատարում են իրենց աշխատանքը:
«Բնականաբար, որոշ փորձեր իրականացնում ենք, որպեսզի դերասանները չկորցնեն իրենց մարզավիճակը, զբաղված լինեն, որպեսզի հոգեբանորեն ավելի ծանր վիճակում չհայտնվեն՝ կապված համավարակի, պատերազմի հետ»,-ասաց նա ու հավելեց, որ հատկապես իրենց թատրոնի համար բավականին բարդ ժամանակներ են, քանի որ ստեղծագործում են կատակերգության ժանրում:
Շահբազյանի խոսքով՝ այս պահին հաստատ չեն կարող բեմ բարձրանալ, քանի որ թատերասերները կատակերգություն դիտելու, իսկ իրենք խաղալու սիրտ չունեն, բայց դեռ տարեսկզբից մի քանի առաջնախաղ էին նախատեսել, որոնք չկարողացան իրականացնել:
Թատրոնի տնօրենն անդրադարձավ «Հարդասենյակ կանանց համար» ներկայացմանը, որի թարգմանությունը կատարել է Վիգեն Ստեփանյանը, բեմադրությունը և նկարչական ձևավորումը՝ Հակոբ Ղազանչյանը, իսկ կոմպոզիտորը՝ Վաչե Շարաֆյանն է:
Կարո Շահբազյանն ընդգծեց, որ հիմա ակտիվ փոձեր են ընթանում: «Այդ ներկայացմանը զուգահեռ թատրոնի բալետի արտիստները, երգչախմբի անդամներն են փորձեր անում»,-եզրափակեց Շահբազյանը: