ՍԴ դատավորները հոկտեմբեր-նոյեմբեր ամսին պարգևավճարներ չեն ստացել, իսկ 84 աշխատակիցները միայն սեպտեմբեր ամսվա համար են ստացել աշխատավարձի 30%-ի չափով

Դեռևս նոյեմբերի 3-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվում էր 2021թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը, ասաց, որ պարգևավճարին պետք է վերաբերվել ոչ թե՝ որպես շռայլություն կամ շքեղություն, այլ՝ վարձատրության համակարգի բաղկացուցիչ․ «Այն ընտրված է՝ որպես միջանկյալ լուծում, քանի դեռ պետական համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին, խոսքը աշխատանքի ծանրաբեռնվածության մասին է»,- ասել է նախարարը:

Նախարարը, ներկայացնելով 2021-ի պետական բյուջեի նախագիծը, խոսել էր պետական համակարգում պարգևավճարների մասին, որը նախօրեին հանրային լայն արձագանք էր ստացել:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 2-ին,  նույն հանձնաժողովի նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարց էր բարձրացրել առ այն, որ 2021-ի պետական բյուջեով պարգևատրումների համար նախատեսված է 18,825 մլրդ դրամ՝ չհաշված քաղծառայողների համար նախատեսվածը, իսկ այս ցուցանիշը 21 և ավելի տոկոսով գերազանցում է նախորդ տարվանը: Նա մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյո՞ք նոր իրողություններով պայմանավորված՝ նախատեսվում է կրճատել պարգևավճարների համար հատկացված գումարը:

Հարցին ի պատասխան՝ նախարար Ջանջուղազյանն ասել է, որ լուծումը միջանկյալ է այնքան ժամանակ, քանի դեռ «պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին»:

Նախարարի հայտարարությունը լայն հանրային արձագանք է ստացել: Համացանցում բազմաթիվ են քննադատական հայտարարություններն այն մասին, որ պատերազմի պայմաններում տեղին չէ խոսել պարգևավճարի մասին, անգամ, եթե պաշտոնյաների մի մասն այն օգտագործում է բարեգործական նպատակներով:

Հենց նույն օրը՝ նոյեմբերի 3-ին, 168.am-ը գրավոր հարցում ուղարկեց Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ ցանկանալով պարզել՝ արդյո՞ք սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորներն ու աշխատակազմը պարգևավճարներ ստացել են:

Ցանկացել էինք իմանալ նաև, թե եթե ամեն դեպքում ստացել են,  որքա՞ն են կազմել այդ պարգևավճարները, ՍԴ դատավորներից ովքե՞ր և որքա՞ն գումար են փոխանցել «Հայաստան համահայկական» և «1000+» հիմնադրամներին:

Օրեր անց ՍԴ-ից ստացանք պատասխան, որ մեր հարցման պատասխանը կտրամադրվի 2020 թվականի նոյեմբերի 16-ին, քանի որ կատարվում են լրացուցիչ աշխատանքներ՝ ամբողջական պատասխաններ ապահովելու առումով:

Երեկ ՍԴ-ն, պատասխանելով մեր հարցմանը, մասնավորապես նշել էր, որ 2020 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ՍԴ դատավորները չեն ստացել պարգևավճարներ:

Հոկտեմբեր ամսին պարգևատրումներ չեն ստացել նաև ՍԴ աշխատակիցները։

«Այս քայլը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին «ՀՀ-ում Ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման կապակցությամբ՝ ՍԴ-ում իրականացվող ֆինանսական օպտիմալացման աշխատանքներով»,- նշված էր ՍԴ պատասխանի մեջ:

Միևնույն ժամանակ, ինչպես գրված էր ՍԴ կողմից ուղարկված պատասխանի մեջ, 2020թ. հոկտեմբեր ամսին ՍԴ նախագահ Արման Դիլանյանի կարգադրությամբ Դատարանի 84 աշխատակիցներ բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների համար պարգևատրվել են աշխատավարձի 30%-ի չափով: Այս կարգադրությունը, սակայն, չի վերաբերել ՍԴ դատավորներին:

«Բացի այդ, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում ՍԴ աշխատակազմի երկու

ստորաբաժանումների ղեկավարներ (յուրաքանչյուրը մեկ անգամ) ստացել են

պարգևատրում՝ մեկ ամսվա աշխատավարձի դրույքաչափով։

…Սահմանադրական դատարանը որպես պետական մարմին՝ փորձում է

հնարավորինս բալանսավորել իր ծախսերը և խնայված միջոցները վերադարձնել

Պետական բյուջե»,- ասել էին ՍԴ-ից:

Ինչ վերաբերում է անհատական նվիրատվությունների վերաբերյալ մեր հարցին, ՍԴ-ից տեղեկացրել էին, որ դա յուրաքանչյուր քաղաքացու անձնական տիրույթի հարց է, և Սահմանադրական դատարանն իրավասու չէ տեղեկություններ հայցել կամ մեկնաբանություններ տալ այդ մասով։

Տեսանյութեր

Լրահոս