Ծառուկյանի չորս տարբերակները
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է համառորեն լռել առաջիկա նախագահական ընտրություններում իր մտադրությունների մասին, իսկ ԲՀԿ-ականները կամ նրանց մի մասն անձնական կարծիք են հայտնում այն մասին, թե ճիշտ կլիներ, եթե Ծառուկյանն առաջադրվեր:
Տեսականորեն Ծառուկյանը կարող է գնալ չորս ճանապարհով. առաջադրել սեփական թեկնածությունը, սատարել Սերժ Սարգսյանին, առաջադրել մեկ այլ ԲՀԿ-ականի, ենթադրենք` Վարդան Օսկանյանին, կամ գրավել չեզոք դիրք. չառաջադրել սեփական թեկնածու և չհայտարարել որևէ մեկին սատարելու մասին: Դատելով ներկայումս ընթացող գործընթացներից ու ԲՀԿ-ամերձ շրջանակների ներքին տրամադրություններից, ամենահավանականը վերջին տարբերակն է:
Առաջին տարբերակը քիչ հավանական է համարվում, քանի որ Գագիկ Ծառուկյանի համար դժվար է մրցակցության մեջ մտնել նախագահ Սարգսյանի հետ. նա պատկերացնում է դրա կործանարար հետևանքներն իր և իր շրջապատի համար: Բացի այդ, այլ բան է, երբ ԲՀԿ-ն է պարտվում ՀՀԿ-ին, այլ բան է, երբ պարտվում է անձամբ Ծառուկյանը: Ծառուկյանը պարտվել չի սիրում:
ԲՀԿ-ի կողմից այլ թեկնածու առաջադրելու հնարավորությունը ևս գրեթե բացառված է. նախ` առաջադրելով այլ թեկնածուի, Ծառուկյանն այդպիսով ընդունում է, որ կուսակցությունում կա ավելի արժանավոր թեկնածու, քան ինքն է, ինչն ինքնստինքյան նորմալ երևույթ չէ, բացի դա, ԲՀԿ-ն կարող է համախմբվել միայն Ծառուկյանի առաջադրման դեպքում: Մյուս բոլոր դեպքերում ԲՀԿ ռեսուրսը կկիսվի:
Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում նաև հայտարարել Սերժ Սարգսյանին սատարելու մասին, քանի որ այդ դեպքում անհասկանալի կլինի, թե ինչու խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն չմտավ իշխանական կոալիցիա, հայտարարելով, որ ունի սկզբունքային տարաձայնություններ կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության հետ, իսկ հիմա սատարում է նույն կառավարության դե ֆակտո ղեկավարին` նախագահին:
ԲՀԿ մեր աղբյուրները հավաստիացնում են, որ ԲՀԿ-ում քննարկվող ամենահավանական տարբերակն այն է, որ Գ.Ծառուկյանը կարող է չառաջադրվել նախագահական ընտրություններում, բայց նաև չհայտարարել որևէ թեկնածուի սատարելու մասին: Այս դեպքում առաջին հարցն այն է, թե ինչ հիմնավորումներ կարող է ներկայացնել Ծառուկյանը նման վարքագիծ դրսևորելու դեպքում:
Նա կարող է հայտարարել, որ ինքը մշտապես հայտարարել է, թե իրեն պաշտոնը երբեք չի գրավել, երբեք չի պայքարել պաշտոնի, այդ թվում` երկրի թիվ մեկ պաշտոնի համար, և իր նպատակը եղել է երկրի և ժողովրդի բարեկեցության ապահովումը, որով ինքը կարողանում է զբաղվել նաև առանց պաշտոն ունենալու` իր ձեռնարկությունների և բարեգործական հիմնադրամի միջոցով:
Գագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարում է, որ ինքը չի ուզում նմանվել ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին. այդ «նմանվելը» Ծառուկյանի մոտ ասոցիացվում է գործող իշխանությանը պաշտպանելու հետ. չհայտարարելով Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին, նրան թվում է, որ իրեն զերծ է պահում նաև ՕԵԿ-ի հետ համեմատվելու վտանգից: Մյուս կողմից` չհակադրվելով իշխանությանը, նա իր թիմին կարող է զերծ պահել քրեական և տնտեսական ճնշումներից` նրանց տնտեսական գործունեության համար ստեղծելով բարենպաստ պայմաններ:
Նախագահական ընտրություններից հետո նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը` նոր կառավարություն ձևավորելիս, ԲՀԿ-ին` որպես ԱԺ-ում մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցությունը, որպես կառուցողական ուժի` կարող է առաջարկել մաս կազմել կառավարությանը: Եթե նախագահ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի փոխարեն այլ մարդու նշանակի վարչապետ, ԲՀԿ-ն միանշանակ կընդունի այդ առաջարկը, և նոր վարչապետի հետ կմշակի կառավարության նոր ծրագիրը, որտեղ կներառվեն ԲՀԿ առաջարկները:
Իսկ եթե դարձյալ վարչապետ նշանակվի Տիգրան Սարգսյանը, ապա հնարավոր է, որ ԲՀԿ-ն չմտնի կոալիցիա, բայց կառավարության կազմում տեղ հատկացվի մի քանի ԲՀԿ-ականների, որպես արժեքավոր կադրերի, ինչպես այժմ Սպորտի և երիտասարդության նախարարն է:
Իհարկե, սա ԲՀԿ-ականների համար լավագույն լուծումը չէ. նրանց համար լավագույն լուծումը կլիներ այն, որ Գագիկ Ծառուկյանն առաջադրվեր նախագահի թեկնածու և համաժողովրդական աջակցության շնորհիվ ընտրվեր Հայաստանի նախագահ ու կառուցեր իր երազած բարգավաճ երկիրը: Բայց Գագիկ Ծառուկյանը հասկանում է, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, իսկ վերոնշյալ սցենարն իրականացման շատ քիչ հնարավորություն ունի, եթե ընդհանրապես ունի: Իսկ հնարավորն այն սցենարն է, որը վերը նկարագրեցինք: Հենց այդ պատճառով էլ Գ.Ծառուկյանը հակված է գնալ այդ ճանապարհով:
Նա ուղղակի համարում է, որ դեռ ժամանակը չէ դրա մասին հայտարարելու. ի՞նչ իմանաս` առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում ինչե՞ր կփոխվեն: