Արցախի ՊԲ-ն Քարին տակից արևելք 1-2 գյուղից մաքրել է ադրբեջանական դիվերսանտներին
Արցախի պաշտպանության բանակի ուժերը Քարին տակից արևելք ընկած 1-2 գյուղերից մաքրել են ադրբեջանական դիվերսանտներին: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը FactorTV-ին տված հարցազրույցում: Նա նաև նշել է, որ հայկական հետախուզական ստորաբաժանումները հայտնաբերել են զինամթերքի մեծ պահեստ. հրետանու կրակից այրվել է դիվերսանտների բազա:
Խոսելով դիվերսանտների խմբերով առաջանալու ադրբեջանական մարտավարության մասին Հովհաննիսյանը նշեց. «Բաց ճակատում դժվար է առաջանալը, մի քանի օր մենք տեսանք, որ ցանկացան Ֆիզուլիի ուղղությամբ դեպի Մարտունի ճեղքել, չկարողացան, և ուղիղ առճակատման չեն ցանկանում գնալ. դրա համար դիմում են դիվերսիոն գործողությունների՝ փորձելով շրջանցելով փոքր խմբերով առաջանալ: Դրանում կա ինչպես քաղաքական PR-ի, այնպես էլ ռազմական նշանակություն: Ռազմականը խուճապ տարածելու ու կապուղի կտրելու նպատակ ունի, իսկ քաղաքականը՝ Ալիևը ձգտում է դրոշ դնել հերթական բնակավայրի վրա՝ PR-ի համար»: