Պարզ չէ, թե տարածաշրջանային ի՞նչ մակարդակում և պայմաններով են ցանկանում հարցին լուծում տալ․ Իրանագետ
«Իրատեսականություն և խաղաղություն՝ տարածաշրջանի երկրների ուժերով». այսպես էր պաշտոնական Թեհրանը բնորոշել ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը, որը քննարկելու համար երկրի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին այցելեց Երևան, Բաքու և Մոսկվա։
Բուն դրույթները դեռ չեն հրապարակվել, սակայն Թեհրանն ընդգծում է, որ իրենց մշակած պլանը մի շարք առանձնահատկություններ ունի, իրենք առաջարկում են խնդրի կարգավորումը գտնել տարածաշրջանի երկրների, ոչ թե դրանից դուրս գտնվող՝ Մինսկի խմբի անդամների մասնակցությամբ։
Ադրբեջանում Իրանի դեսպանատան հաղորդմամբ՝ Արաքչին մեկ օրում հինգ կարևոր ու կառուցողական հանդիպում է ունեցել, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Արաքչին, ժամանելով Մոսկվա, ասել է, թե Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ, և Բաքուն դրական է գնահատել իրենց առաջարկները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը ևս Թվիթերում արած գրառմամբ պնդել է, թե բանակցությունները «շատ արգասաբեր» էին։
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաքչիին: Իրանի փոխարտգործնախարարը ներկայացրել է իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն:
Իրանագետ Գարիկ Միսակյանը 168.am-ի հետ զրույցում ամփոփելով Իրանի ԱԳ նախարարի տեղակալի այցը երեք երկրներ՝ ասաց, որ դեռևս արցախյան առաջին պատերազմից հետո Իրանը մշտապես բավականին բարձր մակարդակով ցանկություն է հայտնել դառնալ միջնորդ կողմ կամ օգնել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը մինչև այս իրատեսական չի եղել, քանի որ Մինսկի խմբի շրջանակներում, մինչև Թուրքիայի՝ տարածաշրջանում ակտիվանալը, հակամարտության բանակցային գործընթացն ընթանում էր, իսկ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված, Թուրքիայի ակտիվացմամբ պայմանավորված՝ իրանական կողմը սկսեց զգուշանալ տարածաշրջանում, հատկապես՝ Ադրբեջանի տարածքում Թուրքիայի դիրքերի ամրապնդումից, ինչպես նաև՝ իր հյուսիսային սահմաններում լայնածավալ պատերազմական գործողությունների արդյունքում իր անվտանգության առումով։
«Իսկ ամենակարևորը Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչներն են, որոնք Իրանի ազգային անվտանգության սպառնալիքներից են։ Այս ամենից ելնելով՝ Իրանի արտաքին քաղաքական ղեկավարությունը որոշեց ավելի ակտիվորեն ներգրավվել գործընթացում՝ առաջարկելով հակամարտության լուծման իր ծրագիրը, որի փակագծերը, նույնիսկ երևանյան հանդիպումից հետո, ամբողջովին բացված չեն։ ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ հայկական կողմը հայտնել է, որ պատրաստ է մանրամասն ուսումնասիրել Իրանի ծրագիրը, սակայն մինչև դա ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը հայկական կողմի համար ընդունելի չէ։
Այսինքն՝ խնդիրը տարածաշրջանային ձևաչափում լուծելու փորձերը, որոնք նաև Թուրքիայի կողմից են առաջարկվում, դեռևս հայկական կողմի համար ընդունելի չեն, իսկ իրանական կողմը փորձում է, նաև պահանջում, որ, եթե տարածաշրջանային գործընթացներում պետք է ներգրավվի Թուրքիան, ապա Իրանն անպայման պետք է լինի այդ գործընթացներում։ Իրանի քայլը, կարելի է ասել, ուղղված է մի քանի պետությունների՝ Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան և Ռուսաստան, որպեսզի տարածաշրջանում առանց Իրանի գործոնը հաշվի առնելու, հատկապես՝ հյուսիսում ընթացող գործընթացներում, չեն կարող որևէ ձևաչափով բանակցություններ վարել»,- մանրամասնեց իրանագետը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի՝ Թվիթերում կատարած գրառմանը, թե բանակցությունները «շատ արգասաբեր» էին, Գարիկ Միսակյանը նկատեց․
«Չեմ կարծում, որ Ադրբեջանին ձեռնտու է, որ Իրանը խառնվի, նրանց ավելի ձեռնտու է, որ խառնվի Թուրքիան, սակայն ադրբեջանական կողմը գիտակցում է, որ առանց Իրանի՝ Թուրքիան գործնականորեն շանսեր չունի, քանի որ, եթե Իրանին փորձեն ադրբեջանական կողմով դուրս թողնել բանակցային գործընթացից, ապա դա հակառակ ռեակցիան կարող է բերել, և կարող է Իրանն ավելի լուրջ քայլերի դիմել՝ թուրքական այս ագրեսիան կասեցնելու համար։ Եթե ադրբեջանական կողմը փորձի Իրանին ընդհանրապես դուրս թողնել գործընթացից, կարծիքը հաշվի չառնել, Իրանը նույնիսկ կարող է ահաբեկիչներին ոչնչացնելու պատրվակով որևէ գործողություն ձեռնարկել սահմանների վրա։ Սա ադրբեջանական կողմը, իմ կարծիքով, գիտակցում է։ Բաքվում ակնահաճո որոշ հայտարարություններ իրանական կողմն արել է՝ փորձելով պայքար սկսել Ադրբեջանի ներսում թուրքական ազդեցության դեմ և սեփական դիրքերի ամրապնդման ուղղությամբ։
Կարևոր է նաև մեր ԱԳՆ նախարար Զ․Մնացականյանի հետ հանդիպումից հետո հնչեցված այն կարծիքը, որ կողմերը խիստ մտահոգություն են հայտնել ահաբեկիչների առկայության համար, այսինքն, սա նաև Իրանի մյուս դիրքորոշումն է՝ հասցեագրված Թուրքային ու Ադրբեջանին։ Արդեն ապացուցված փաստ է Թուրքիայի կողմից ահաբեկիչների ներմուծումը տարածաշրջան»։
Իրանագետն ընդգծեց՝ եթե նույնիսկ հակամարտությունն ընթանում է տարածաշրջանում և պետք է հաշվի առնել, իրենց ասելով, տարածաշրջանային երկրների կարծիքը, նաև պետք է հաշվի առնել 30 տարի գոյություն ունեցող Մինսկի խմբի ձևաչափը, դրանում ընդգրկված գերտերությունների կարծիքները։
«Եթե ՌԴ-ն տարածաշրջանային գերտերություն է, Ֆրանսիան և ԱՄՆ-ը համաշխարհային գերտերություն են, և չեմ կարծում, որ հեշտությամբ ցանկանան բանակցային գործընթացը կամ այս խաղաղ կարգավորումը թողնել Իրանին։ Կարևոր է նաև այն, թե ինչ են խոսելու Իրանն ու Թուրքիան ու ինչ հայտարարություններով են հանդես գալու։
Պարզ է արդեն Իրանը կողմ է տարածաշրջանային ձևաչափով հարցի լուծմանը, որին դեռևս բացասական չի արձագանքել ՀՀ ԱԳՆ-ն, սակայն դրական էլ չի արձագանքել, նշվել է Մինսկի խմբի պահպանման կարևորությունը, այսինքն, մենք դեռևս կողմ չենք տարածաշրջանային լուծմանը, պարզ էլ չէ, թե տարածաշրջանային ի՞նչ մակարդակում և պայմաններով են ցանկանում հարցին լուծում տալ»,- եզրափակեց Գարիկ Միսակյանը։