«Ցեղասպանության հարցը առաջ չքաշելը ցույց է տալիս ամերիկյան քաղաքականության բարոյականության պակասը»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը խոսեց ԱՄՆ-ում առաջիկա նախագահական ընտրությունների և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին:
Ռ.Կիրակոսյանը նախ նշեց, որ որպես ԱՄՆ քաղաքացին ինքը դեմոկրատ է և նախագահական ընտրություններում աջակցելու է նախագահ Բարաք Օբամային:
Ըստ նրա` այս անգամ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն աչքի են ընկնում ուժեղ մրցակցությամբ, և ծախսվող ֆինանսական միջոցներն են շատ մեծ: «Բայդ դա նաև ցույց է տալիս ժողովրդավարության դինամիկ ուժը և մրցակցությունը: ԱՄՆ-ում, ինչպես Հայաստանում, նախագահական ընտրություններն ընտրություն են անձերի միջև (Ռոմնի՞ն, թե՞ Օբաման), բայց, ի տարբերություն Հայաստանի, դա նաև ընտրություն է քաղաքական կուրսերի միջև»:
Ըստ փորձագետի վերլուծության` Հայաստանի վրա ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների 4 ազդեցություններ կան:
«Առաջինը Հայաստան-ԱՄՆ հարաբերություններն են: Իմ կարծիքով` կարևոր չէ, թե թեկնածուներից ով կընտրվի, քանի որ հայ-ամերիկյան հարաբերությունները սերտ են և կայուն կմնան անփոփոխ: Դա կապված է ԱՄՆ-ում հայկական լոբբի հզորության հետ: Բայց վատ լուրը` կապված հայ-ամերիկյան հարաբերությունների հետ, Ցեղասպանության խնդիրն է: Ցավոք սրտի, ո´չ հանրապետական և ո´չ դեմոկրատ թեկնածուն առաջ չեն քաշում Ցեղասպանության հարցը: Սա զարմանալի է և ցույց է տալիս ամերիկյան քաղաքականության բարոյականության պակասը»,- ասաց Ռ.Կիրակոսյանը:
Երկրորդ ազդեցությունը, ըստ փորձագետի, կապված է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հետ. «Եթե Ռոմնին ընտրվի, մենք պետք է սպասենք ավելի ագրեսիվ քաղաքականություն ԱՄՆ-ի կողմից և առճակատում Ռուսաստանի հետ, ինչը լավ չէ և´ Հայաստանի և´ ԱՄՆ-ի համար»:
Երրորդ, առավել առանցքային ազդեցությունը ԱՄՆ-Իրան հարաբերություններն են.«Օբաման արդեն ասել է, որ եթե վերընտրվի, ապա կսկսի երկխոսություն Իրանի հետ: Իսկ Ռոմնին ավելի ագրեսիվ է և հակված է Իրանի դեմ ռազմական գործողություններին»:
Իսկ Հայաստանի վրա չորրորդ կարևոր ազդեցությունը, ըստ Ռ.Կիրակոսյանի, Ադրբեջանի և նրա էներգետիկ պաշարների հետ: «Ընդհանուր առմամբ` և´ Ռոմնին, և´ Օբաման արժևորում են Ադրբեջանում նավթի գործոնը: Այնուամենայնիվ, տարբերությունն այն է, որ հանրապետականներն ավելի շատ են հետաքրքրված խորացնելու էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի հետ և ավելի սերտ հարաբերություններ ունեն նրա վերնախավի հետ: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Ռոմնին չունի փորձ անվտանգության և ռազմական համագործակցության ոլորտում, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ցանկացած հանրապետական թեկնածու, եթե դա, օրինակ, Ռոմնին է, ավելի քիչ գիտելիքներ ունի ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ»,- ասաց Ռ.Կիրակոսյանը:
Կատարելով եզրակացություններ` Ռ.Կիրակոսյանը նշեց, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները ցույց են տալիս ժողովրդավարության դինամիկ զարգացումը, բայց նաև ավելացրեց, որ այս ընտրությունները ցույց տվեցին փողի բացասական ազդեցությունը քաղաքականության վրա:
«Դժբախտաբար, մենք ունենք նմանատիպ բացասական ազդեցություն նաև Հայաստանում, որտեղ փողը քաղաքականություն է, և չափից ավելի օլիգարխներ շարունակում են մնալ խորհրդարանում»,- ասաց նա:
Ռ.Կիրակոսյանի մյուս եզրակացությունը ԱՄՆ-ում հայկական լոբբին աճող ուժն է: «Սա կարևոր է Հայաստանի արտաքին քաղաքականության հզորացման առումով, և նաև կարևոր է Արցախ հարցի համար: Ավելի կարևոր է այն, որ այս ընտրություններում հայկական լոբբի հզորացումը միտում ունի ուժեղանալ մինչև 2015 թ., ինչն ավելի կարևոր է դարձնում Հայոց Ցեղասպանության ճանաչման ջանքերը: Սա նաև կնշանավորվի նրանով, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված դրա ճանաչման հարցը առաջ կքաշվի աշխարհի մի շարք մայրաքաղաքներում»,- ասաց Ռ.Կիրակոսյանը: