«Զինվորին ասելիք չունեմ, զինվորը գիտի իր անելիքը, այ, թիկունքին մաղթում եմ, որ հույսով լցվի…». Վազգեն Սիսիլյան
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսիլյանի խոսքով՝ քանի դեռ աշխարհում գոյություն ունի թուրք, «Նեմեսիս» գործողությունը պետք է ուժի մեջ մնա։
«Այսօրվա ստեղծված իրավիճակն ապացուցում է, որ մեր «Նեմեսիս» գործողությունը պետք է միշտ օրակարգում պահենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սիսիլյանը։
Անդրադառնալով Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Վազգեն Սիսիլյանն ասաց, որ շատ բան չունի ասելու։
«Ինքս միշտ զինվորի ու բանակի կողքին եմ, մենք հաղթելու ենք։ Շատ բաներ չասեմ, ինքս մեր բանակին վստահում եմ։ Այսօր եթե հետքայլեր լինում են, դրանք, ինչպես ՊՆ ներկայացուցիչն է բացատրել, ունեն ռազմավարական նշանակություն։ Վստահ եմ՝ հաղթանակը մերն է լինելու»,- նշեց նա։
Նա նաև հավելեց, որ սահմանին կանգնած հայ զինվորին ցանկանում է, որ ողջ-առողջ վերադառնա տուն։
«Թշնամին անցել է վայրագ պատերազմի, առանց օրենքների։ Անկեղծ՝ չգիտեմ, ինչ մաղթեմ մեր զինվորին, քաջություն մաղթեմ՝ նրանք բոլորը քաջ են, համբերություն մաղթեմ՝ համբերող են, ավելի շատ կուզեի, որ թիկունքում շատ վստահ լինեն։ Չեմ ցանկանում, որ թիկունքում շատ բամբասանք լինի, բոլորը կարծես դարձել են քաղաքագետներ, ռազմագետներ։ Այս պատճառով էլ զինվորին ասելիք չունեմ, զինվորը գիտի իր անելիքը, այ, թիկունքին մաղթում եմ, որ հույսով լցվի, վստահի զինվորին»,- ասաց Վազգեն Սիսիլյանը։
Նա նաև ընդգծեց, որ չպետք է աշխարհի որևէ երկրից ակնկալիք ունենալ, քանի որ որևէ պետության չի վստահում։
«Ինքս աշխարհից որևէ ակնկալիք չունեմ, ամեն ինչ հիմնված է ստերի վրա, փորձը սա է ցույց տալիս։ Հույսը պետք է դնենք միայն մեզ վրա և մեր ժողովրդի վրա, որոնք գտնվում են աշխարհի տարբեր կետերում։ Իսկ թե ով, ինչպես Հայաստանին օգտակար կլինի, կարծում եմ՝ դրանով նաև սեփական երկրին է օգտակար լինում։ Մենք պայքարում ենք աշխարհի մեծագույն չարիքի դեմ»,- եզրափակեց Վազգեն Սիսիլյանը։