Ղարաբաղյան հակամարտությունը մոտենում է անդառնալի կետի. Քերի Քավանո

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարված մարտերը արագորեն մոտենում են իրենց ամենավտանգավոր փուլին: Ադրբեջանի ռազմական առաջխաղացումը խոչընդոտում է հրադադարի ռեժիմի վերականգնմանը, News.am-ի հաղորդմամբ՝ Financial Times-ի իր հոդվածում գրում է ԵԱՀԿ ՄԽ նախկին ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն:

«Եթե Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ են, չխթանեն իրենց դիվանագիտական ջանքերը բանակցությունների հաջորդ փուլում՝ հոկտեմբերի 29-ին, ռազմական գործողությունները կարող են կտրուկ սրվել: Արտասահմանյան երկրները, մասնավորապես Թուրքիան եւ Ռուսաստանը, կարող են պատերազմի մեջ մտնել: Դրա արդյունքը կլինի մահերի, ավերածությունների եւ տառապանքների անհավանական մակարդակը:

Սրանք արդեն ամենադաժան ռազմական գործողություններն են 1994 թվականից հետո, երբ Ռուսաստանը միջնորդ հանդիսացավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկզբնական հրադադարի համար: Չնայած այս հրադադարը հաճախ էր խախտվում, սակայն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը ունեցավ զգալի մարդկային կորուստներ: Հենց այդ ժամանակ Ադրբեջանը հայտնաբերեց, որ կարող է բռնի ուժով հետ վերցնել այն տարածքը, որը կորցրել էր 1990-ականներին:

Դրանից հետո երեք նոր գործոն է գործի դրվել. Ադրբեջանը Իսրայելից եւ Թուրքիայից ձեռք է բերել բարդ ռազմական տեխնիկա, Անկարան ուղղակիորեն միջամտել է հակամարտությանը, իսկ երեք երկրները, որոնց հանձնարարված է զբաղվել միջնորդությամբ, զբաղված են ներքին եւ միջազգային ավելի հրատապ խնդիրներով:

Նույնիսկ երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին կանչեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին Մոսկվա` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ինտենսիվ բանակցություններ վարելու համար, հետագա «հումանիտար զինադադարը» մեկ օր չտեւեց: Այնուհետեւ, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձեց օգտագործել հեռախոսային դիվանագիտությունը եւ միացավ Ռուսաստանին, որպեսզի հրադադար կնքվի, որն ուժի պետք է մտներ հոկտեմբերի 18-ին, դա տեւեց ընդամենը մի քանի ժամ: Վերջապես, հոկտեմբերի 23-ին, երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վաշինգտոնում հանդիպեց երկու արտգործնախարարների հետ, հրադադարի մասին համաձայնության գալը տեւեց երկու օր: Հրադադարի ռեժիմը սկսվել է հոկտեմբերի 26-ի առավոտյան եւ խախտվել է հաշված րոպեների ընթացքում:

Խաղաղության կոչ անող միջազգային երգչախմբի անարդյունավետության հիմնական պատճառներից մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որը Ադրբեջանին կոչ է անում շարունակել պայքարը: Մեկ այլ պատճառ էլ այն է, որ բարձր տեխնոլոգիական զենքերը (ներառյալ անօդաչու թռչող սարքեր եւ զինամթերք), որոնք Իսրայելն ու Թուրքիան մատակարարել են Ադրբեջանին, շատ արդյունավետ եղան՝ վերջին ամսվա ընթացքում Ադրբեջանը գրավել է մեծ տարածքներ: Այս արտաքին աջակցությունը եւ ռազմական հարաբերական հաջողությունը Ադրբեջանում առաջ բերեցին լայն աջակցություն ռազմական գործողություններին: Դա ակնհայտորեն մեծացրեց մարտական գործողությունները շարունակելու նախագահ Իլհամ Ալիեւի հակվածությունը:

Քանի որ ռազմական գործողություններն արդեն մտնում են երկրորդ ամիս, մարդկային կորուստներն արդեն մեծ են: Պուտինը նշել է, որ զոհերի ընդհանուր թիվը մոտ 5000 է՝ Աֆղանստանում 10 տարվա մարտերի ընթացքում 13 000 խորհրդային զոհերի համեմատ: Հաղորդվում է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության կեսից ավելին տեղահանվել է:

Սակայն հայտնի է մեկ բան. Ադրբեջանը հետ է վերցրել իր տարածքի մեծ մասը Իրանի սահմանի երկայնքով եւ այժմ կարծես թե սրընթաց մղվում է դեպի հյուսիս, դեպի Լաչինի միջանցք՝ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կապող մայրուղի: Եթե այս միջանցքը կտրվի, եւ ըստ իրարամերժ հաղորդումների, առաջ մղվող ադրբեջանական ուժերը ընդամենը 20-30 մղոն հեռավորության վրա են, ապա հակամարտությունը կհայտնվի հումանիտար աղետի եզրին: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կհայտնվի թակարդում, խաղաղ բնակիչները խուճապի կմատնվեն, իսկ Հայաստանը կհանգեցնի հակամարտության հետագա սրման: Դա կարող է դրդել Մոսկվային գործել Հայաստանի հետ փոխադարձ պաշտպանական պակտին համապատասխան, ինչը, իր հերթին, կարող է դրդել թուրք զինվորականների հայտնվելը:

Պատերազմի ընդլայնման ռիսկը օրեցօր աճում է: Հակամարտությունը շուտով կարող է հասնել անդառնալի կետի, երբ այն չի դադարի առանց ռազմական գործողությունների կտրուկ ընդլայնման եւ մարդկային զոհերի մեծացման:

Այս ամսվա վերջին Ժնեւում Մինսկի խմբի բանակցությունների հաջորդ փուլում միջազգային դիվանագիտությունը պետք է դառնա ավելի վճռական: Ռուսաստանը, թերեւս, ամենահարմարն է այս ջանքերը գլխավորելու համար, մանավանդ որ ԱՄՆ-ը գտնվում է նախագահական ընտրությունների վերջին փուլում: Նույնիսկ այս դեպքում առավելագույն արդյունավետության համար ցանկացած դիվանագիտական գործողություն պետք է համակարգված լինի ՄԽ երեք համանախագահների միջեւ: Ժամանակն էական նշանակություն ունի»:

Տեսանյութեր

Լրահոս