Ի՞նչ էին անում Եսայան եղբայրներն Արցախում և ինչո՞ւ էին ցուցումներ տալիս «Ղարաբաղ-Տելեկոմի» աշխատակիցներին

Հոկտեմբերի 2-ին՝ սեպտեմբերի 27-ից ադրբեջանաթուրքական խուժանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին շաբաթվա ավարտին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր.

«Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով՝ որոշում եմ կայացրել այսօր «Ղարաբաղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում արձանագրված լրջագույն խնդիրները և կապի ոլորտի ռազմավարական նշանակությունը պատերազմում գտնվող երկրի ու ժողովրդի համար՝ կառավարումը դարձնում ենք պետական: Վստահ եմ, որ ռազմական դրության պայմաններում մեզ կհաջողվի ապահովել անխափան կապն Արցախի Հանրապետության տարածքում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները: Նշեմ, որ մինչև հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար, իսկ այն խոստումները, որոնք տրվել են մեր հանրությանը՝ սակագների էական նվազեցման, կապի որակի բարձրացման և զարգացման առումով, բոլորը հընթացս իրականացվելու են»:

Արցախի նախագահը որպես այդ որոշումը կայացնելու պատճառ՝ նշեց օպերատորի աշխատանքում արձանագրված լրջագույն խնդիրները, սակայն որևէ կոնկրետ խնդիր չմատնանշվեց:

Հետագայում Hraparak.am-ի հետ հարցազրույցում «Ղարաբաղ-Տելեկոմի» արդեն նախկին տնօրեն, այդ պաշտոնը 8.5 տարուց ավելի զբաղեցրած Կարեկին Օդաբաշյանը, ի պատասխան լրագրողի այն հարցին, թե տեղեկություն է տարածվել, որ շուրջ 300 հայ սպաների հեռախոսահամար հասանելի են դարձել ադրբեջանական կողմին, ասաց, որ այդ տեղեկությունն իրականության հետ ընդհանրապես կապ չունի, և իր կառավարման ժամանակաշրջանում նույնիսկ տեսականորեն հնարավոր չէր նման բան:

«Ես պիտի հորդորեի, նաև խնդրեի մեր պետական ուժերին՝ իմ հանդեպ տարածված այս սուտը արժանի դարձնել հետազոտության և պատասխանատուներին ենթարկել պատասխանատվության, որովհետև, վերջիվերջո, այստեղ իմ համբավի ու հեղինակության հարցն է: Եվ այս զրպարտությունը շատ լրջորեն վիրավորել է ինձ»,- ասել էր Կարեկին Օդաբաշյանը՝ հավելելով, որ ենթադրություն չունի, թե ովքեր են իր դեմ գործում:

Ըստ 168.am-ին հասած տեղեկությունների՝ «Ղարաբաղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության այս ընդունում-հանձնումից հետո հետաքրքիր  իրադարձություններ են տեղի ունենում ընկերությունում: Մասնավորապես, ընկերության ցանցը ենթարկվում է հաքերային DDOS հարձակման, և մինչ մասնագետները փորձում են կարգավորել ընկերության աշխատանքը, Արցախում են հայտնվում հեռահաղորդակցության ոլորտում նորաստեղծ, բայց մեծ քայլերով առաջ գնացող «Թիմ» ՍՊԸ-ի հիմնադիրներ Ալեքսանդր և Հայկ Եսայանները:

Մինչ իրադարձությունների հետագա ընթացքին անդրադառնալը՝ հիշեցնենք՝ ովքեր են Եսայան եղբայրները:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԿԾՀ) հուլիսի 10-ին արտահերթ նիստում քննարկեց և թույլատրեց «ՎԵՈՆ Արմենիա»-ի ներքո հանդես եկող հեղահաղորդակցման «Բիլայն» ընկերության օտարումը «Թիմ» ՍՊԸ-ին, որի սեփականատերերը «Յուքոմ»-ից դուրս եկած Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներն են:

168.am-ը ժամանակին անդրադարձել է այս պատմությանը:

Վերոնշյալ նիստից մեկ օր առաջ ՀՀ ՏՄՊՊՀ նիստում էր որոշում կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:

Այս պատմությունը սկիզբ է առնում անցած տարեվերջից, երբ հեռահաղորդակցման Խաչատրյան ընտանիքին (ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան.- Գ.Ս.) պատկանող «Յուքոմ» ընկերությունը ցանկանում էր ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ով  հանդես եկող «Բիլայն» ընկերությունը: Այստեղ մի ուշագրավ նրբություն կա: Ըստ էության՝ երկու ընկերությունների սեփականատերերը որոշում են, որ գործարքի հաջող ելքի դեպքում ընկերության տնօրեն է դառնալու «Բիլայնի» գործող տնօրեն Անդրեյ Պյատախինը: Սրան կտրականապես դեմ է լինում այն ժամանակ «Յուքոմի» գործող տնօրեն Հայկ Եսայանը, ով մեծ աղմուկ է բարձրացնում այդ թեմայով: Հիշեցնենք, որ Հայկ Եսայանը և վերջինիս եղբայրը՝ Ալեքսանդր Եսայանը, «Յուքոմ» ընկերության 6% բաժնեմասերի սեփականատերերն են:

Այս խափանված գործարքից հետո հենց Հայկ Եսայանը հայտարարեց, որ հեռանում է «Յուքոմից», և իր հետ միասին ընկերությանը հրաժեշտ են տալու նաև մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք ապահովում են ընկերությունում տեխնիկական աշխատանքների իրականացումը:

Այս գործընթացներին զուգահեռ՝ ակտիվանում են Գագիկ Խաչատրյանի որդիների՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների նկատմամբ հարուցված քրեական գործերը, և Եսայան եղբայրները հասկանում են, որ հասել է «ճշմարտության պահը», ու մեղք է դրանից չօգտվելը, և հայտարարում են «Յուքոմը» գնելու մտադրության մասին: Այնուամենայնիվ, «Յուքոմի» ղեկավարության հետ բանակցություններ են սկսվում ընկերությունը ձեռք բերելու վերաբերյալ, ու որպես բանակցային գին՝ առաջարկվում է 30 միլիոն դոլար գումար՝ հուսալով, որ այն ճնշումները, որոնք իշխանությունների կողմից գործադրվում են Խաչատրյանների նկատմամբ, կստիպեն վերջիններիս «ջրի գնով» վաճառել իրականում շատ ավելի թանկ արժեցող բիզնեսը:

Ի զարմանս Եսայան եղբայրների՝ Խաչատրյան եղբայրները հրաժարվում են 22 մլրդ 100 մլն դրամով վաճառել «Յուքոմը», և այս անգամ արդեն Եսայաններն առաջարկում են շատ ավելի բարձր՝ 70 միլիոն դոլար գին, ու, բնականաբար, այստեղ հարց է առաջանում՝ իսկ որտեղի՞ց ընդամենը 6 % բաժնեմասի սեփականատեր եղբայրներին այդ ահռելի գումարը, հարցն օրակարգում է մնում մի որոշ ընթացք, սակայն դրա հոդաբաշխ պատասխանն այդպես էլ չի հնչում:

Տեղին է հիշել, որ այս ընթացքում Խաչատրյանների նկատմամբ հարուցված քրեական գործերը նոր թափ են հավաքում, սկսվում են կալանքի միջնորդություններ, հետախուզումներ և այլն:

Այս ամենից հետո Եսայանները հայտարարեցին «Թիմ» ՍՊԸ-ն ձևավորելու մասին:

Հիշեցնենք, որ Եսայան եղբայրների անունը սերտորեն առնչվում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Մասնավորապես, Ալեքսանդր Եսայանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վաղեմի մտերիմ ընկերն է, ում հետ հաճախ է հանդիպում իրեն պատկանող «Գաստրոպոլիս» սրճարանում, քննարկումներ ունենում:

Ընկերությունը ձևավորելուց որոշ ժամանակ անց Եսայանները հայտարարում են «Բիլայնը» ձեռք բերելու և այդ նպատակով սկսված բանակցությունների մասին ու հայտ են ներկայացնում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ), որպեսզի վերջինս եզրակացություն տա, որ մրցակցությունն այդ գործարքով չի խաթարվում: Քննարկումները կոմերցիոն գաղտնիքի քողի տակ ընթանում են փակ դռների հետևում, և ՏՄՊՊՀ-ն շատ արագ հաստատում է գործարքը: Տեղին է նշել, որ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ևս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերն է:

Վերադառնանք Եսայան եղբայրների՝ Արցախում հայտնվելու պատմությանը:

Մեզ հետ զրույցում «Ղարաբաղ-Տելեկոմի» աշխատակիցներն ասացին, որ այն ընթացքում, երբ ընկերությունը ենթարկվել էր DDOS հարձակման, Եսայան եղբայրները եղել են ընկերությունում, ավելին, ցուցումներ են տվել աշխատակիցներին ու ղեկավար կազմին, որոշակիորեն ղեկավարել ընկերության աշխատանքները:

Մեր հարցին՝ ի՞նչ իրավունքով, պատասխան չտրվեց. չգիտեին:

Այս և այս պատմության այլ հարցերը պարզաբանելու և նյութը միակողմանի չներկայացնելու համար 168.am-ը փորձեց զրուցել Եսայան եղբայրների հետ:

Նախ կապ հաստատեցինք Հայկ Եսայանի հետ, ներկայացանք՝ որ լրատվամիջոցից ենք, ասացինք, որ հարցեր ունենք, սակայն վերջինս ասաց, որ չի կարող խոսել մեզ հետ, քննարկման է մտնում, սակայն մեր ճշգրտող հարցին՝ ե՞րբ կարող ենք զրուցել, պատասխանեց, որ չի կարող ասել:

Զանգահարեցինք Ալեքսանդր Եսայանին, կրկին ներկայացանք, ասացինք, որ հարցեր ունենք:

– Լսում եմ Ձեզ:

– Նախ ցանկանում ենք իմանալ՝ ի՞նչ առնչություն ունեք դուք «Ղարաբաղ-Տելեկոմի» հետ:

– Ոչ մի առնչություն:

– Այդ դեպքում, մենք ինֆորմացիա ունենք, որ այս պատերազմական օրերին դուք եղել եք Արցախում, միջամտել եք «Ղարաբաղ-Տելեկոմի» աշխատանքներին, ցուցումներ եք տվել աշխատակիցներին: Եղե՞լ է նման բան:

– Հիմա իմ տեղը հարմար չէ Ձեզ հետ զրուցելու համար, շատ զբաղված եմ ես:

– Ես ընդամենը ցանկանում եմ իմանալ՝ այո՞, թե՞ ոչ: Եղե՞լ է նման բան, թե՞ ոչ:

– Շնորհակալություն:

Ինչևէ, թեպետ մեզ չհաջողվեց ստանալ մեր հարցերի պատասխանները, այնուամենայնիվ, մենք միշտ բաց ենք համագործակցության համար, և ցանկացած ֆորմատով մեր հարցերի պատասխանները ստանալու դեպքում պատրաստ ենք դրանք հրապարակել:

Իսկ թե ի՞նչ նպատակով էին Եսայան եղբայրները մեկնել Արցախ և ինչո՞ւ էին հրահանգներ տալիս ընկերության աշխատակիցներին, թերևս, կփորձենք պարզել հետագայում:

Տեսանյութեր

Լրահոս