«Պատասխանները, բնականաբար, մեզ չեն բավարարել». արցախցի կանայք՝ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպման մասին
Այսօր արցախցի կանայք հանդիպել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ: Երեկ նրանք ակցիա էին անցկացրել գրասենյակի առջև, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ շենքում մարդ չէր եղել, որ նրանց ընդուներ: Անվտանգության աշխատակիցներն արցախցի կանանց փոխանցել էին, որ կարող են ձևավորել 3 հոգուց բաղկացած պատվիրակություն և արդեն այսօր գալ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակ: Հանդիպումն ավելի քան մեկ ժամ է տևել, արցախցի կանայք ներկայացրել են իրենց նամակ-պահանջը, որում, մասնավորապես, նշված էր, որ Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցչությունները պետք է չլռեն և իրենց կենտրոնական գրասենյակներին ներկայացնեն, թե ինչ է կատարվում Արցախում:
«Պատասխանները, բնականաբար, մեզ չեն բավարարել, այն, ինչ մենք ուզում ենք, դա չէ, բայց մենք փորձեցինք ավելի կոնկրետ պատասխաններ ստանալ: Քանի որ տիկին Վիկտորինը գերմանացի է, օրինակ բերեցինք, որ մեր դեմ օգտագործվող զինատեսակներից մեկի՝ Բայրաքթարի մեջ օգտագործվում են գերմանական արտադրության զինատեսակներ, որ գոնե այս պահին մատակարարումը դադարեցնեն, բերեցինք երկրների օրինակներ, որոնք դա արել են: Երբ խոսում ենք, շեշտում ենք սանկցիաների մասին, որ պետք է կիրառեն, փորձում են խուսափել, ասել, որ սանկցիաներն ավելի երկարատև գործընթաց են: Ասացինք, որ այդ քայլն արեք, ինչպես արել է, օրինակ, Ավստրիան, կամ մեկ ուրիշ երկիր: Փորձեցինք ավերածություններն իր հայրենի քաղաքի օրինակով ներկայացնել, որը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ամենաշատն է ավերվել»,- ասաց ակցիայի մասնակից Սիրանույշ Սարգսյանը:
Կանայք ասացին, որ զգացել են՝ Անդրեա Վիկտորինն իրենց զգացմունքային մակարդակում հասկանում է, սակայն ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակ գալուց առաջ էլ արցախցի կանանց համար կանխատեսելի էին դիվանագիտական պատասխանները, որոնք ստանալու էին: Սա հետ չի պահել կանանց, քանի որ նրանք ցանկանում են լսելի դարձնել իրենց ձայնը:
«Մենք չենք լռելու, մենք խնդիրներ ունենք, մենք պատերազմական ճգնաժամում ենք, պետք է օր առաջ այդ ճգնաժամի մեջ հայտնված կանանց, մայրերին ոչ թե հումանիտար օգնություն հասցնել, այլ հասցեական գնահատականներից զատ՝ գործնական քայլեր կիրառել՝ կանանց ու երեխաներին աջակցելու համար: Առաջնագծում թեժ մարտեր են, թեև Արցախի պարագայում առաջնագիծ չկա, ամեն բնակավայր առաջնագիծ է, իսկ Հայաստանում համավարակ է, ամեն 3-րդ արցախցի կին կա՛մ հիվանդ է, կա՛մ վերակենդանացման բաժանմունքում է»,- ասաց ակցիայի մասնակից Լիանա Ադամյանը:
Նա նշեց, որ իրենք Հայաստանում գործող միջազգային կառույցներին ներկայացնում են ոչ միայն արցախցի կանանց պատմությունները, այլև Արցախի ճանաչման հարցը և այդ հարցը տարածքային ամբողջականության սկզբունքի ներքո չդիտարկելու խնդիրը: Իսկ ինչո՞վ են բացատրում իրենց անգործությունը միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցիչները:
«Ամեն գրասենյակում մեր պատասխանը և Արցախ չհասնելու խնդիրը բացատրվում է ՀՀ-ի հետ համագործակցության պայմանագրի շրջանակներով և ՀՀ-ի պաշտոնական հայտարարության բացակայությամբ: Մենք, իհարկե, ներկայացնում ենք, որ այսօր հումանիտար օգնության հարցը լուծվում է ներքին օղակներով, գերատեսչությունների աջակցության շնորհիվ, բայց նաև բարձրացնում ենք այն հարցադրումը, որ արդյոք պե՞տք է սպասել պաշտոնական հայտարարության և ասել, որ մենք, ուղիղ մեկ ամիս է, գտնվում ենք պատերազմական իրադրության պայմաններում, փախստականի կարգավիճակում՝ տնից-տեղից զրկված, կրթական ու առողջապահական իրավունքից զրկված, և ակնկալել, որ նամակով պետք է դիմել ասել՝ մենք ճգնաժամի մեջ ենք, մենք հումանիտար, կրթական, առողջապահական իրավունքի պաշտպանության, իրացման խնդիր ունենք, դա իսկապես մեզ համար անհասկանալի է»,- ասաց Լիանա Ադամյանը:
Սիրանույշ Սարգսյանն էլ ավելացրեց, որ իրենց ասել են, թե պատրաստ են աջակցություն ցույց տալու:
«Նրանք ասացին, որ ՀՀ-ի տարածքում գտնվող, Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին ամեն ձևով պատրաստ են աջակցել: Մենք, համենայն դեպս, այն տպավորությունը ստացանք, որ այդտեղ շատ լավ կլիներ, որ մի քիչ ավելի նախաձեռնող լիներ նաև պետությունը, որ ավելի պահանջատեր լիներ, փորձեր տեղից շարժել այդ կառույցներին»,- ասաց Սիրանույշ Սարգսյանը:
«Կարիք լինի՝ նորից ենք գալու, օրակարգը թելադրում է առաջնագիծը»,- եզրափակեցին կանայք: