Իդլիբի շրջանում ավիահարվածները ՌԴ-ի պատասխաններից մեկն է Թուրքիային. Պատմաբան
Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում գործ ունենք ցեղասպան պետությունների հետ: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ այսօր պանթյուրքիստական ծրագրի շարունակությունն են փորձում ապահովել:
«Թուրքիայի պարագայում, ինչպես գիտենք, 1915 թվականի հայոց ցեղասպանության իրագործումն է, այնուհետև մշակութային եղեռնը: 2014 թվականի մարտին նույն ահաբեկչական խմբավորումների միջոցով իր տարածքից հարձակում գործեց հայաբնակ Քեսաբի վրա: Դա շատ խոսուն փաստ է՝ ապացուցելով, որ Թուրքիան ահաբեկիչների հետ մշտապես գործակցող պետություն է՝ նրանց ուղղորդելով հայ բնակչության դեմ: Այսօր էլ նույն ահաբեկիչներին տեղափոխում է Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու համար»,-ասաց Արմեն Մարուքյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա պատմաբանը հիշեցրեց Մուսավաթական Ադրբեջանի գործողությունները, երբ թուրքական բանակի գլխավորությամբ 1918 թվականին իրականացվեց Բաքվի հայերի կոտորածը, հետագայում 1919 թվականի հունիսին և 1920 թվականի մարտին Շուշիի հայերի բնաջնջումը տեղի ունեցավ: Վերջին շրջանում 1988 թվականին Սումգայիթի հայերի կոտորածը եղավ, որին հաջորդեցին Բաքվի, Մարաղայի ջարդերը:
«Այսօր էլ Արցախի դեմ իրականացվող գործողություններից մենք տեսնում ենք, որ այդ ամենը տեղավորվում է ցեղասպանական, պանթյուրքիստական ծրագրի շրջանակում: Այս պահին Թուրքիան և Ադրբեջանը խոսքից անցել են գործի, և սա ոչ այլ ինչ է, քան գոյաբանական կռիվ»,-ասաց Արմեն Մարուքյանը:
Անդրադառնալով այս օրերին Ռուսաստանի դերակատարությանը՝ Արմեն Մարուքյանը նշեց, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունն իր դաշնակցային պարտավորությունները կատարում է: Նա պատահական չհամարեց Իդլիբի շրջանի ավիահարվածները: Գաղտնիք չէ, որ հենց այդ շրջաններից էր Թուրքիան մատակարարում ահաբեկիչներին Ադրբեջան:
«Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այնտեղից ահաբեկիչներ չեն բերվում, որովհետև բոլոր բազաները, ըստ էության, ոչնչացված են: Եվ տեղեկատվությունն առ այն, որ թուրքական հատուկ ջոկատայիններն են բերվում, խոսում է այն մասին, որ նոր ահաբեկիչների մուտքն ապահովելը դժվարանում է, և Թուրքիան ստիպված է ապավինել սեփական հատուկ ջոկատային ուժերին»,-ասաց պատմաբանը:
Արմեն Մարուքյանը նաև կարևոր համարեց Ադրբեջանի օդուժի սահմանափակումը, ինչը ռազմաքաղաքական համագործակցության կարևոր արդյունք է համարում: Ըստ նրա, սա նշանակում է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, բոլոր դեպքերում, ուղիղ չներգրավվելով ռազմական գործողությունների մեջ, միևնույն է, աջակցություն ցուցաբերում է:
«Ստեղծված իրավիճակը հօգուտ հայ ժողովրդի է: Չմոռանանք, որ մենք հաղթանակած բանակ ունենք, որը տարածաշրջանում համարվում է լավագույնը: Այսօր միայն ադրբեջանական ուժերը չեն պատերազմում, Թուրքիան է ներգրավված՝ իր հատուկ ջոկատայիններով, ահաբեկիչներով, սակայն կարծում եմ, որ անգամ այս պարագայում, մեր բանակը, ժողովուրդն ի զորու է պաշտպանելու իր ապրելու, պետականությունը պահպանելու և զարգացնելու իրավունքը»,-հավելեց պատմաբանը: