Բաժիններ՝

«Քաղաքապետարանը շարունակում է կուռ համառությամբ հանցավոր անգործություն ցուցաբերել»

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը, «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը և «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն են տարածել, որում ասված է.

«Երևանի նախկին քաղաքապետեր` Երվանզ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը, Կարեն Կարապետյանը և ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը պետք է ներգրավվեն քրեական գործում` որպես անմիջական մասնակիցներ, քանզի վերջիններիս թողտվությամբ է շարունակվում Երևան քաղաքի մշակութային և ճարտարապետական դիմագիծը այլանդակվել և անմեղ «զոհեր» ունենալ:

Երևան քաղաքի Խանջյան 20 հասցեում կիսակառույց, արդեն փլուզված շինության շինարարական աշխատանքներն ընթացել են առանց Երևանի քաղաքապետարանի համապատասխան թույլտվության: Այդ մասին Panorama.am-ին հայտնել է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Նա ասել է, որ մի անգամ քաղաքապետի որոշմամբ կառուցապատողը տուգանվել է 2 միլիոն դրամ եւ վճարել տուգանքը: Սակայն ինչպես ականատես ենք եղել շինարարությունը խիստ ինտենսիվ ընթանում էր, և որևէ պետական և տեղական լիազոր մարմին չէր անհանգստացնում կառուցապատողին շինարարությունն անհապաղ դադարեցնելու պահանջով: Բացի Երևանի քաղաքապետարանից` հանցավոր անգործություն է ցուցաբերել նաև ՀՀ քաղաքաշինական պետական տեսչությունը, որը պետք է պատասխանատվություն կրի ևս օրենքի ամենայն խստությամբ:

Երևան քաղաքի Խանջյան 20 հասցեում փլուզված կիսակառույց շենքի ապօրինության մասին մենք բազմիցս ահազանգել ենք և գրավոր պահանջել քաղաքային իշխանությունից հանրային տարածքի հաշվին ընթացող շինարարությունն անհապաղ դադարեցնել և ապամոնտաժել այն: Վերջին անգամ` ս. թ. հոկտեմբերի 12-ին գրավոր դիմում և իրավական լուծում պահանջող փաթեթ ենք ներկայացրել Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին, սակայն դեռևս պատասխան չենք տացել:

Հաշվի առնելով, որ շենքի շինարարության թույլտվությունը տրվել է նախկին քաղաքապետ Գ. Բեգլարյանի կողմից, այն երկարացվել է նախկին քաղաքապետ Կ. Կարապետյանի կողմից և ներկայիս քաղաքապետ Տ. Մարգարյանն էլ անգործություն է ցուցաբերել և չի դադարեցրել ակնհայտ ապօրինի շինարարությունը Օղակաձև զբոսայգում՝ ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք վերոնշյալ նախկին և ներկա պաշտոնյաներին ներգրավել հարուցված քրեական գործում բացատրություններ տալու և պատասխանատվության ենթարկել նրանց հանցավոր անգործության համար: Ի վերջո, նրանց անհեռատեսության և անտարբերության արդյունքում անմեղ մարդիկ են տուժում, եթե այսպես շարունակվի, ապա մայրաքաղաքում արտակարգ դրություն կհայտարարվի` քաղաքաշինական տեսանկյունից:

Այս և վերջին ամիսների մի շարք այլ փաստեր վկայում են այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը լուրջ չի ընդունում ՀՀ օրենքներն ու Երևանի գլխավոր հատակագիծը կամ ի վիճակի չէ ապահովել օրենքի պահանջների կատարումը՝ սիմվոլիկ տուգանքների գանձումից զատ: Երևանի քաղաքապետին օրենքով տրված են հստակ գործառույթներ ու լիազորություններ. ո՞րն է քաղաքաշինական ոլորտում այս «կարկատանային» վիճակի պատճառը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ այս բոլոր ապօրինությունների շարքն ու դրանք իրականացնող պաշտոնատար անձինք վտանգ են ներկայացնում Հայաստանի քաղաքացիների կյանքին ու առողջությանը, սույն դեպքում 11 բանվորների համար:

Նախկին և ներկա քաղաքապետերը, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինական պետական վերահսկողության մարմինների պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ, այլապես մեզնից յուրաքանչյուրը կարող է լինել նրանց կամայականության ու հանցավոր անգործության հերթական զոհը:

ՀՀ ոստիկանության և ՀՀ գլխավոր դատախազության կողմից համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում համարելու ենք, որ նրանք նույնպես քողարկում են տեղի ունեցած հանցագործությունները»:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս