«Փոքր-ինչ ավելի միջազգային ճնշման դեպքում Թուրքիան ձեռքերը լվանալու է և Իլհամ Ալիևը միայնակ է մնալու». Լևոն Մնացականյան

«Այս պատերազմն ամբողջովին տարբերվում է թե՛ ապրիլյան պատերազմից, թե՛ 92-94թթ. արցախյան գոյամարտից. տարբերվում է կիրառվող զրահատեխնիկայի մասշտաբներով, քանակով, տեսակներով, մարդկային մեծ ռեսուրսների ներգրավմամբ և մեկ շատ կարևոր հանգամանքով՝ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունն այս պատերազմում: Արդեն բոլորին պարզ է, որ Ադրբեջանը դարձել է խամաճիկ Թուրքիայի ձեռքում և կատարում է Թուրքիայի կամքը»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց միջազգայնագետ Լևոն Մնացականյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան՝ որպես տարածաշրջանում ուժեղ պետություն, փորձում է խցկվել արցախյան հակամարտության կարգավորման կողմերի շրջանակներում. «Մենք նաև տեսանք, որ Ռուսաստանի զսպիչ քայլերին և հայտարարություններին թուրքերն անմիջապես փորձեցին պատասխանել՝ որոշակի դաշնակցային հարաբերություններ ցուցադրելով Ուկրաինայի հետ: Ուկրաինան երկիր է, որը մինչև հիմա ունի տարածքային խնդիրներ Ռուսաստանի հետ: Այսինքն՝ Ադրբեջանի կողմից զինադադարը խախտելու հիմնական դրդիչ ուժը Թուրքիան է»:

Միջազգայնագետը նկատեց՝ Ռուսաստանը տարածաշրջանային լիդերն է, և ըստ նրա՝ ինչպես՝ Ռուսաստանը, այնպես էլ՝ Իրանն ամեն ինչ անելու են, որպեսզի հանդարտեցնեն կրքերը տարածաշրջանում. «Նարիշկինի կողմից հայտարարություն եղավ, որ Սիրիայում հայտնաբերվել են զինյալներ, որոնք պատրաստվում են մեկնել Արցախի դեմ պատերազմի: Արցախն այս իրավիճակում թեժ կետն է, սակայն կա նաև վտանգ, որ որոշակի գործողություններ կարող են ձեռնարկվել Ռուսաստանի սահմանին և, ընդհանրապես, ավելի լայն ճակատով: Ռուսաստանի կողմից պաշտոնական հայտարարությունը, որ խոցվել են մի քանի ահաբեկչական ճամբարներ, արդեն իսկ վկայում է գործնական քայլերի մասին. դա արդեն իսկ օգնություն է ՀՀ-ին»:

Լևոն Մնացականյանի կարծիքով՝ Աբովյանում ԱԹՍ-ների երևալը, Կապանում հնչած օդային տագնապը, Վարդենիսում խաղաղ բնակիչների զոհվելը կարող են առիթ լինել, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին. «Կարելի է դիմել ՀԱՊԿ-ին, որովհետև ՀՀ բնակչությունը մոտավորապես 3 մլն է, մենք կռվում ենք 10 միլիոնանոց Ադրբեջանի և 90 միլիոնանոց Թուրքիայի դեմ: ՀՀ մարդկային կորուստները պետք է դրդեն դիմել ՀԱՊԿ-ին, որպեսզի ՀԱՊԿ-ը միջամտի: Չնայած՝ վստահ եմ, որ կրքերի թեժացման դեպքում, բնականաբար, Հայաստանը կդիմի ՀԱՊԿ օգնությանը»:

Ինչ վերաբերում է Արցախի անկախության ճանաչմանը, նա նշեց, որ այդ դեպքում ՀՀ-ն և նրա ռազմավարական դաշնակից Ռուսաստանը կարող են ներգրավվել այս պատերազմի մեջ. «Սա կարճաժամկետ հատվածում կարող է ՀՀ-ի համար որոշակի կորուստներ բերել, բայց դրանից հետո եթե Թուրքիան և Ադրբեջանը շարունակեն ահաբեկչական մոտեցում ցուցաբերել, միանշանակ ՌԴ-ն միջամտելու է»:

Նա նկատեց՝ ցանկացած պետություն հետապնդում է սեփական շահը. «Ռուսաստանը ևս հետապնդում է իր շահը, և Թուրքիայի և Ուկրաինայի մերձեցումն անպատասխան չի մնալու: Ռուսաստանը թույլ չի տալու, որ տարածաշրջանում Թուրքիան մեծացնի իր ազդեցությունը: Ողջ աշխարհը տեսնում է, որ Թուրքիան ունի ագրեսիվ նկրտումներ՝ կործանելու ժողովուրդներին»:

Միջազգայնագետը հավելեց, որ Թուրքիայի վրա փոքր-ինչ ավելի միջազգային ճնշման դեպքում Թուրքիան ձեռքերը լվանալու է, և Իլհամ Ալիևը միայնակ է մնալու՝ պատասխան տալու իր կատարած ահաբեկչական գործողությունների համար:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս