Նախագահի թեկնածու Բայդենը խոստանում է կանխել Թուրքիայի, վարձկանների միջամտությունը ԼՂ կոնֆլիկտում

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը և փոխնախագահի թեկնածու սենատոր Քամալա Հարիսը նախընտրական քարոզարշավում հայտարարության տեքստով ներկայացրել են, թե Բայդենն ինչ է արել հայկական հարցերի առնչությամբ և թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչ կանի ընտրվելու դեպքում: Այս մասին տեղեկացնում է Asbarez-ը՝ մեջբերելով հայտարարությունը, որից երկու օր առաջ Բայդենն ու Հարիսն անդրադարձել էին Ղարաբաղյան հակամարտությանը և խաղաղ լուծման կոչ արել:

«Ջո Բայդենի աջակցությունը հայ ժողովրդին» խորագրով հայտարարության տեքստում մասնավորապես հիշեցվում է 2020 թվականի ապրիլի 24-ին Բայդենի խոսքերը. «Հայոց ցեղասպանության զոհերին հիշելու և նրանց հիշատակը հարգելու հարցում ես կանգնած եմ ողջ հայ ժողովրդի և ամերիկահայ համայնքի կողքին, որը այնքան մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ-ում»:

Անդրադառնալով Բայդենի՝ ապագա անելիքներին՝ նշվում է, մասնավորապես, որ նա կճանաչի Հայոց ցեղասպանությունը, և մարդու համընդհանուր իրավունքները կդարձնի իր վարչակազմի առաջնահերթություններից, որպեսզի նման ողբերգություններ այլևս չլինեն: Նշվում է նաև, որ Բայդենը կուժեղացնի ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝ բարելավելու հայ ժողովրդի կյանքը: Բայդենը կաջակցի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը ՝ ակտիվացնելով ԱՄՆ-ի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, կփնտրի նաև լրացուցիչ միջազգային դիտորդներ՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար: Շեշտվում է նաև, որ Բայդենը կաշխատի կանխել երրորդ կողմերի, այդ թվում ՝ Թուրքիայի նման պետությունների և օտարերկրյա վարձկանների միջամտությունը, որոնք վարձատրվում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հանցագործություններ կատարելու համար: Նա լիովին կողմ է Հայաստանին ԱՄՆ աջակցության շարունակմանը՝ ժողովրդավարական կառավարումն ամրապնդելու և տնտեսական աճը խթանելու համար, և կվերանայի Ադրբեջանին անվտանգության նպատակով տրամադրվող աջակցությունը՝ համոզվելու համար, որ այն չի օգտագործվում հարձակողական նպատակներով: Նշվում է նաև, որ նա կշարունակի հումանիտար ականազերծման երկարաժամկետ օգնությունը Լեռնային Ղարաբաղում, որը Թրամփը փորձել է կասեցնել: Բայդենը նաև կդատապարտի ատելության հողի վրա կատարված հանցագործությունները՝ ամերիկահայերի դեմ:

Հայտարարության տեքստում ներկայացվում է նաև, թե Բայդենն ինչ է արել հայկական հարցերի առնչությամբ: Մասնավորապես, որպես ԱՄՆ սենատոր, նա ջանքեր է գործադրել՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Անցյալ տարի Բայդենը Կոնգրեսում սատարել է երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությանը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը ու ԱՄՆ-ում ոգեկոչման անհրաժեշտությունը:

Այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նա կոչ է արել ցեղասպանությունը լիովին ճանաչել և խոստացել է աջակցել դրա ճանաչմանը: Այնուհետև նա ասել է. «Եթե մենք լիովին չենք ընդունում, ոգեկոչում և մեր երեխաներին տեղեկացնում ցեղասպանության մասին, ապա «այլևս երբեք» բառերը կորցնում են իրենց իմաստը»:

Հայտարարությունում հիշեցվում է նաև, որ Օբամա-Բայդենի վարչակազմը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ հումանիտար օգնություն է տրամադրել: Երբ 2020-ի սեպտեմբերին վերսկսվել է հակամարտությունը, Ջո Բայդենը կոչ է արել Թրամփի վարչակազմին ավելի ակտիվորեն զբաղվել խաղաղ լուծման փնտրտուքներով և պահանջել, որ այլ պետություններ, ինչպիսիք են Թուրքիան, հեռու մնան հակամարտությունից:

Տեսանյութեր

Լրահոս