«Պատերազմից հետո ամենաառաջին բանը, որը պահանջվելու է մեզանից՝ աշխատանքի արդյունավետության բարձրացումն է և մեր սուղ ռեսուրսների՝ սարսափելի արդյունավետ օգտագործումը»․ Վարդան Բոստանջյան
168.am-ի զրուցակիցը տնտեսագետ Վարդան Բոստանջյանն է
– Պարոն Բոստանջյան, պատերազմի ավարտից հետո, թերևս, կարևոր հարցերից մեկը լինելու է տնտեսության առաջ կանգնած լրջագույն մարտահրավերը։ Արդեն իսկ կարո՞ղ ենք վերլուծել և գոնե ուրվագծել այն առաջնային քայլերը, որոնք հրատապ պետք է անել՝ այս ամենի ավարտից հետո:
– Ամենաառաջին բանը, որը պահանջվելու է մեզանից, դա աշխատանքի արդյունավետության աննախադեպ բարձրացումն է և մեր սուղ ռեսուրսների՝ սարսափելի արդյունավետ օգտագործումը: Մեր հիմնական ռեսուրսներն են՝ ընդերքը, հողը, ջուրը և մարդկային կապիտալը: Յուրաքանչյուր հայ, նույնիսկ «ամենաանշնորհք» հայը, ունի պոտենցիալի առումով՝ մարդկային կապիտալի դրսևորման ընդգծված ձև: Միայն թե մենք պետք է կարողանանք այնպես անել, որ ցանկացած սուբյեկտ, նույնիսկ ոչ «ճոխ մտածող», շահագրգռված լինի իր գործունեության մեջ: Մեր խոցելի տեղերից մեկն է, որ բազմաթիվ պոտենցիալ ունեցող մարդկանց մենք հակված չենք նկատելու, առանձնացնելու, ուղղորդելու, օգտագործելու, ինչը, կոպիտ ասած, բերում է տվյալ մարդու «մաշվածության»: Աշխարհի տարբեր երկրներում ես առնչվել եմ այնպիսի հայերի հետ, որոնք իրենց կրթությամբ, հասարակության մեջ, այսպես ասած, իբր զբաղեցրած դիրքով, պետք է շատ օտար և հեռու լինեն, բայց, արի և տես՝ ազատ վիճակում, նրանք կարողացել են շատ ընդգծված ձևով դրսևորվել: Հենց սա մենք պետք է անենք նախ և առաջ:
– Դուք նաև ընդերքն առանձնացրեցիք: Իր ելույթներից մեկում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ հատկապես պատերազմական իրավիճակում հանքարդյունաբերությունն Էական դերակատարում կարող է ունենալ մեր երկրի համար: Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում ընդերքի օգտագործումը, որ բոլոր առումներով արդյունավետ լինի:
– Համալիր: Այսօր Հայաստանի հանքերը շահագործում են միայն խտանյութ ստանալու համար: Շատ դեպքերում անգամ խտանյութ չեն ստանում. պատկերավոր ասած՝ սարը հանում և ուղարկում են եվրոպաներ, որտեղ այդ հողից պատրաստի արտադրանք են ստանում: Բայց մենք ունենք փորձ, որը կարելի է արդյունավետ կիրառել: Որքան էլ Սովետական Միությունը փնթի երկիր էր, բայց կենտրոնացված կառավարման սովետական հարաբերությունների մոդելը մի վիճակ էին ստեղծել, որ այդ 1/6 տարածքում հայերը արդյունավետ էին գործում: Մենք ունեինք թեթև արդյունաբերություն, էլեկտրատեխնիկական արտադրություն, ռադիոէլեկտրոնային արտադրություն և այլն: Սա նշանակում է, որ մենք ի զորու ենք, բայց շուկայական հարաբերությունների ձևավորման շրջանում մենք գնացինք «հեշտ փողի», «հեշտ հարստության» ետևից: Հիմա, երկրի կառավարող էլիտան պետք է կարողանա այնպես անել՝ խիստ, ճնշող մեթոդներ չօգտագործելով, որ յուրաքանչյուրը շահագրգիռ լինի իր գործունեության մեջ:
– Մենք ունենք չշահագործվող և վիճելի հանք՝ Ամուլսարը: Այս դեպքում ինչպե՞ս պետք է վարվել:
– Կառավարությունը պետք է ուժեղ լինի և անպայման պետք է որոշում կայացնի: Այժմ պատերազմական իրավիճակ է և շատ պետք չէ քննադատական սլաքներ ուղղել դեպի կառավարություն, բայց անցած 2,5 տարում կառավարությունն ի զորու չեղավ որևէ գործ ավարտին հասցնել: Մենք շատ մեծ և շատ հարուստ երկիր չենք, և Ամուլսարի հանքն այն տեղերից մեկն է, որտեղից մենք պետք է կերակրվենք: Հանքը բացելու մասին պետք է մտածենք, բայց այնպես անենք, որ էկոհամակարգի վրա ազդեցությունները զրոյականի հասցնենք: Աշխարհում անլուծելի խնդիրներ չկան: Միակ խնդիրը նրանում է, թե դու որքան վճռական ես:
– Հողը, իբրև հիմնական ռեսուրս նշելով՝ նկատի ունեք գյուղատնտեսությա՞ն զարգացումը:
– Մեր հողը՝ իր քարքարոտությամբ, իր արևով, իր բարձրությամբ, իր քամիներով՝ աստվածային հող է: Հողն է մեզ սնում, իսկ հողը մեզ կարող է սնել, երբ նրա վրա աշխատող լինի: Այնպես պետք է անենք, որ հայ մարդը սիրի և մշակի հողը: Դրա համար պետք է աջակցություն՝ բացահայտ և ոչ բացահայտ: ԱՄՆ-ի նման հարուստ երկիրը 7 տարի շարունակ անտոկոս վարկեր է տալիս, որ հողն աշխատի: Ամենաբարդ բաները հողագործությունն ու անասնապահությունն են, բայց մենք մարդուն հողից դուրս ենք դրել: Պետությունն ի զորու է մեծ աջակցություն ցույց տալ, որ հողն աշխատի:
– Իսկ ջրային ռեսուրսներն ինչպե՞ս օգտագործել՝ տնտեսական զարգացման համար:
– Աշխարհի ամենաթանկ ռեսուրսը ջուրն է, պարզապես մեր կուլտուրան այնքան ցածր է, որ դա չենք հասկանում և անխնա վատնում ենք մեր ջուրը: Ջրաչափերի տեղադրումից հետո, իհարկե, որոշակի առումով զսպել ենք, բայց, դրանով հանդերձ, մենք ջրի նկատմամբ բացարձակապես հարգանք չունենք, շարունակում ենք անտարբեր վատնել:
– Պոտենցիալ հնարավորություններ ունե՞նք մեր ջուրն արաբական երկրներ արտահանելու, որտեղ դրա կարիքը մեծ է:
– Գործարար աշխարհում միշտ բարձունքի վրա են մնում միմյանց նկատմամբ վստահությունն ու ազնիվ գործընկերությունը: Եթե մենք կարողանանք դուրս գալ մեկը մյուսին խաբելու սովետական գեղջկական մոդելից և գործընկեր լինենք և պետության հետ, և արտաքին աշխարհի հետ, բոլորն էլ շահագրգիռ կլինեն հայ գործարարների հետ աշխատելու, քանի որ հավասար պայմանների պարագայում, հայ գործարարների հետ աշխատանքի արդյունավետությունը շատ բարձր է լինում: