Էրդողանի և Ադրբեջանի արկածախնդրությունը ռիսկեր է ստեղծում աշխարհում. Campania Europa Mediterraneo

Իտալական հեղինակավոր «Campania Europa Mediterraneo» ասոցիացիան հանդես եկել է հայտարարությամբ Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ:

Ասոցիացիան խիստ անհրաժեշտ է համարում իրազեկել այն ռիսկերի մասին, որոնք ֆաշիստական Էրդողանի և Ադրբեջանի կառավարության արկածախնդրությունը կարող է ստեղծել ողջ Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և անընդունելի է որակում իրավիճակի թերագնահատումը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ:

Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 17 տանկ:

Սեպտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն զոհվել է:

Տեսանյութեր

Լրահոս