«Մենք իրենց մեջքին կանգնած ենք». առաջին անհրաժեշտության իրեր՝ առաջնագծի համար

Այսօր մի խումբ երիտասարդներ Հանրապետության հրապարակի հարակից այգում առաջին անհրաժեշտության իրեր, քաղցրավենիք ու չփչացող սնունդ էին հավաքում՝ Արցախ ուղարկելու համար: Նախաձեռնության կազմակերպիչ Ալեն Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հավաքածը Պաշտպանության նախարարություն են տանելու, որ իրենք որոշեն՝ ինչպես բաշխել: Մեր հարցին, թե հետաքրքրվե՞լ են, դրա անհրաժեշտությունը կա՞, Ալեն Գասպարյանը պատասխանեց.

«Ես զինվորական եղել եմ, ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը: Գիտեմ, որ մեր բանակում ոչ սննդի կարիք կա, ոչ էլ մեկ այլ բանի, բայց ծխախոտի, քաղցրավենիքի կարիք զինվորները միշտ էլ ունենում են»:

Ալեն Գասպարյանն ասաց, որ նախաձեռնությանն աջակցած բոլոր մարդկանց և կազմակերպությունների անունները հրապարակելու են: 100-ից ավելի մարդ է արձագանքել նախաձեռնությանը, նաև կազմակերպություններ:

«Մեր տղերքը թող միայն ամուր կանգնեն, չմտածեն: Մենք իրենց մեջքին կանգնած ենք»,- ասաց Գասպարյանը:

Մի կին, որ խանութում գնումներ կատարելիս էր իմացել նախաձեռնության մասին, իր երեխաների հետ շտապել էր միանալ մյուս երիտասարդներին:

«Ցանկացածս պետք է մեր լուման ներդնենք, թեկուզ ամենափոքրիկ, որ Արցախի թիկունքին պինդ կանգնած լինենք»:

Երիտասարդները վստահեցրին, որ անհրաժեշտության դեպքում նախաձեռնությունը շարունակական կլինի:

Տեսանյութեր

Լրահոս