«Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշումը մեզ համար սպասելի էր. որոշումը կբողոքարկվի». Փաստաբան
ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Սամվել Դիլբանդյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ, բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում։
Փաստաբանի խոսքով՝ վերաքննիչ բողոք կներկայացնեն օրենքով սահմանված ժամկետում՝ կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո 5-օրյա ժամկետում։
«Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշումը մեզ համար սպասելի էր, որովհետև այս գործընթացը, որն այսպես հապճեպ իրականացրեցին թե՛ դատական, թե՛ նախաքննական մարմիններում դրա ապացույցն էին։ Այդ ամենն ակնհայտորեն վկայում էր, որ ամեն ինչ անում են, որպեսզի օր առաջ մեկուսացնեն Գագիկ Ծառուկյանին։ Այստեղ դատավարություն, որպես այդպիսին՝ չկար, իմաստ էլ չկար դատարանում խոսելը, քանի որ լսող չկար։ Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ գտնվելով, գործին խոչընդոտելու որևէ հանգամանք չկար և նախաքննության մարմնի կողմից խոչընդոտելու որևէ փաստարկ չէր բերվել՝ սա լրիվ անհիմն որոշում էր»,- նշեց Սամվել Դիլբանդյանը։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով ԱԱԾ-ի ներկայացրած՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, որոշում է կայացրել ԲՀԿ առաջնորդին երկու ամսով կալանավորել։
Հիշեցնենք նաև, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի ընտրություններում կաշառք տալու և դրա դիմաց ձայներ ստանալու մեջ։