«Մեզ 7 ամիս ժամանակ տվեցին». տնտեսվարողը՝ հագուստի մաքսազերծման մասին
Հագուստի ներկրումով զբաղվող տնտեսվարողները դադարեցրել են բողոքի ակցիաները, կառավարությունը փոխզիջման է գնացել. Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հագուստ ներկրող քաղաքացիներից մեկը:
«Չորս հոգանոց խումբ ենք կազմել և կառավարությունում երեկ հանդիպել ենք ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի ու վարչապետի 2 օգնականների՝ Նաիրի Սարգսյանի և Սուրեն Ղամբարյանի հետ: Հավանաբար, վարչապետի հրահանգով մեզ 7 ամիս ժամանակ տվեցին, էլի օրինական՝ հատով ենք տալիս, բայց գնայինի մեջ տեղավորվում են, որ փուլ առ փուլ սկսենք իրենց հետ քննարկել: Պետք է թիվ կազմենք ու քննարկենք, էլի անցնեն հատայինին, բայց ավելորդ բարդություններ չլինեն: Այնպես չէ, որ հիմա անօրինական ենք անում»,- ասաց քաղաքացին:
Հարցին, թե կառավարության դիմաց բողոքի ակցիաների ժամանակ նշում էիք, որ նախկինում 1 կիլոգրամ ապրանքի մաքսազերծման համար 3.25 դոլար էիք վճարում, և նոր կարգով 2 անգամ թանկանում էր, պահպանվե՞լ է արդյոք նախկին գինը, և արդյոք սկսե՞լ են քաղաքացիները մաքսազերծել ապրանքները, տնտեսվարողը պատասխանեց.
«Պահպանվում է այդ գինը մինչ 4 դոլարի սահմաններում, քանի որ ապրանք կա, որ մի քիչ թանկ է: Այսօրվանից է սկսել մաքսազերծման գործընթացը, հիմա պարզեցվել է գործընթացը, ուղղակի դու պետք է ճիշտ իմանաս, թե որ բեռիդ մեջ ինչ ապրանք է, եթե դու չգիտես, թե կոնկրետ ո՞ր ապրանքն է եկել, իրենք թույլ են տալիս բեռդ բացել, հաշվել և ցուցակը ներկայացնել, որ հետո խնդիր չունենաս»:
Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր Կառավարությունում անդրադարձել էր առևտրականների բողոքի ակցիաներին՝ ասելով, որ հագուստ ներկրողներն այլևս բողոքի ակցիաներ չեն անում, քանի որ հարցը կարգավորվել է ՊԵԿ-ի և հագուստի ներկրմամբ զբաղվողների համատեղ աշխատանքով: «Այսինքն՝ հարցը լուծված է»:
Հիշեցնենք նաև, որ առևտրով զբաղվող քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ նշելով, որ նախկինում 1 կիլոգրամի համար վճարում են 3.25 դոլար, իսկ հիմա մաքսազերծման արժեքը միջինում 2 անգամ ավելացել է:
Նրանք մի քանի անգամ հանդիպել էին վարչապետի օգնականների հետ, ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի, ինչպես նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների հետ, սակայն գոհ չէին մնացել հանդիպումներից: