«Քաղաքական ակտիվ աշնան պիկերից մեկը կլինի հոկտեմբերի 8-ի հանրահավաքը». Քաղաքագետ

Թեժ կլինի՞ քաղաքական աշունը. Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ վերջին երկու տարիներին քաղաքական առումով բոլոր եղանակներն են թեժ, 2020թ. աշունն էլ արդեն խոստումնալից է:

«Մեզ սպասվում է և սկսվել է բավականին ակտիվ քաղաքական աշուն, որի գագաթներից, պիկերից մեկը, ես կարծում եմ, որ կլինի հոկտեբերի 8-ի հանրահավաքը: Սա կարևոր միջոցառում է, քանի որ այսօր ընդդիմության գլխավոր խնդիրներից մեկը ցույց տալն է, որ կա այլընտրանք: Կարող է հասարակության մի մասը, մեծ մասը, փոքր մասը  դժգոհ լինել օրվա  իշխանությունից, բայց եթե չկա ռեալ այլընտրանք ընդդիմադիր դաշտում, ապա դա զուտ քաղաքական պրոցես է լինելու, հոդվածներից ու դժգոհություններից այն կողմ չի անցնելու: Հասարակությունը պետք է փորձի հասկանալ, թե ո՞ւմ վրա է հույսը դնելու»,- ասաց Հակոբյանը:

Քաղաքագետի խոսքով՝ հասարակությունը, որը դժգոհ է, փնտրում է ուժեղ այլընտրանք, իսկ ընդդիմությունը պետք է ցույց տա իր ուժը:

«Հոկտեմբերի 8-ի հանրահավաքն առաջին փորձն է՝ ցույց տալ այլընտրանք՝ թե՛ մարդկային ռեսուրսների տեսակետից, այսինքն՝ որքանո՞վ կհաջողվի զանգվածային դարձնել միջոցառումը, թե՛ այլ ռեսուրսների առումով: Պետք է ուժ ցույց տաս, դա նշանակում է ոչ միայն՝ մարդկային ռեսուրսներ, այլ՝ ֆինանսներ, ակնարկել գոնե այդ ֆինանսների գոյության մասին»,- ասաց Հակոբյանը:

168.am-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք»  քաղաքական եռյակը հանդես գա մեկ ընդհանուր օրակարգով և մեկ առաջնորդով, թե՞ նրանցից յուրաքանչյուրը առաջ կտանի սեփականը, Վիգեն Հակոբյանը պատասխանեց, որ հավանաբար մեկ ընդհանուր առաջնորդի մասին խոսակցություններ եղել են սկզբնական փուլում, սակայն այս երեք ուժերն այդ փուլն արդեն անցել են:

«Ի հեճուկս կանխատեսումների, գուցե միտումնավոր պառակտելու փորձերի՝ ամսի 8-ին երեք քաղաքական ուժերն էլ մի հարթակի վրա են լինելու: Ես կարծում եմ, որ իրենք շատ արագ հասկացել են, կամ հասկացրել են իրենց, որ այն հարցերը, որոնք կարող են տարաձայնություններ առաջացնել, պետք է չշոշափել ընդհանրապես, առավել ևս, որ դեռ կիսելու բան չկա: Ուժերը պետք է ձևավորեն ռեալ և հասարակության համար ընկալելի այլընտրանք, փորձել իրավիճակը փողոցում ինչ-որ տեղ  հավասարակշռել քաղաքական ինստիտուտներում դե ֆակտո իրավիճակին»,- ասաց Հակոբյանը:

Քաղաքագետի պնդմամբ՝ ընդդիմության առաջնորդը քաղաքական գործընթացի ժամանակ կծնվի, իսկ առայժմ օրակարգն ընդհանուր է՝ Նիկոլ Փաշինյանի Կառավարության հեռացումը, ինչի պատճառով  այս պահին այդ քաղաքական ուժերը լիդերի մասին չեն մտածում:

«Լիդերի մասին մտածելը տապալման տանող ճանապարհ է: Ցանկացած ընդդիմադիր պայքար, եթե սկսվում է լիդերի որոնումով, այդ պահից այդ քաղաքական պրոցեսը ֆիկցիայի է վերածվում»,- ասաց Հակոբյանը:

Ընդդիմադիր ուժերից ՀՀԿ-ն այս եռյակում չկա: Երեկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասուլիսում ասել էր, որ առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության՝ դժվար է լինելու ՀՀ-ում պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության: Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ նման կատեգորիկ գնահատականները համոզիչ չեն:

«Վստահ չեմ, որ առանց հանրապետականների՝ ոչինչ չի ստացվի, ամեն ինչ էլ կարող է ստացվել: Կարծում եմ՝ հանրապետականներն են շահագրգիռ, որ լինեն այս կամ այն ֆորմատում, ակտիվ դիրքորոշման մեջ: Ես չեմ ասում՝ դա կվնասի՞, թե՞ օգուտ կտա, դա ժամանակը ցույց կտա, բայց այստեղ որևէ կատեգորիկ գնահատականները համոզիչ չեմ համարում»,- ասաց Հակոբյանը:

Անդրադառնալով Կրեմլի և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ քննադատ, արտասահմանում բնակվող ռուս մեծահարուստ Միխայիլ Խոդորկովսկուն պատկանող «Դոսյե» կենտրոնի պատրաստած հետաքննական զեկույցին, որի մասերից մեկը վերաբերում է Հայաստանին և այստեղ ռուսական գործակալների առկայությանը՝ Վիգեն Հակոբյանն ասաց, որ այսպիսի տեղեկություններ առաջին անգամ չեն հրապարակվում, սակայն նախկինում ոչ մի արձագանք չի եղել: Քաղաքագետը նկատեց, որ «Դոսյե»-ի հոդվածում գործող անձինք այն մարդիկ էին, ովքեր հիմա ակտիվ ընդդիմադիր քաղաքականությամբ են զբաղվում:

«Այս անգամ ԱԱԾ ղեկավարի մակարդակով հայտարարություն հնչեց, որ ԱԱԾ-ն  սա ընկալել է՝ որպես հանցագործության մասին հայտարարություն, և քրեաիրավական արձագանք է լինելու: Սա այս կամ այն չափով կապված է այսօրվա քաղաքական իրադարձությունների հետ, այս քաղաքական ակտիվության հետ: «Դոսյե»-ի ֆիգուրանտները և այն մարդիկ, ովքեր պատրաստվում են հարթակ բարձրանալ, մեծ մասամբ, կամ գլխավոր դեմքերը համընկնում են:

Այստեղ ավելի շատ իրավիճակային արձագանք է ընդդիմության ակտիվությանը:

Մի քիչ դժվար եմ հավատում, որ ՀՀ-ի իշխանությունը՝ ի դեմս ԱԱԾ-ի, որը, ըստ «Դոսյե»-ի տվյալների, ֆիլիալն է ռուսական հատուկ ծառայությունների, կարող է նման քայլի լրջորեն գնալ և փորձել որոնել ոչ միայն՝ ազդեցության գործակալների, այլև ռուսական հատուկ ծառայությունների իրական գործակալների: Այս ռեակցիան նույնիսկ պայմանավորված չէ նրանով, որ միջպետական հարաբերությունները գտնվում են զարգացման պատմական մինիմումի վրա, այլ, այնուամենայնիվ, իրավիճակային ռեակցիա է, փորձ է՝ հոգեբանական ճնշում գործադրել ներքին քաղաքական դերակատարների վրա, սակարկություններ սկսել ոչ միայն՝ կոնկրետ մարդկանց, այլև՝ Ռուսաստանի հետ»,- ասաց Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս