Արմեն Աշոտյանը հոտընկայս կծափահարի քաղաքական այն ուժին, որն իշխանափոխություն կանի առանց ՀՀԿ-ի

Այսօր «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք»կուսակցությունները համատեղ  հայտարարություն տարածեցին, որ հոկտեմբերի 8-ին հրավիրում են համապետական հանրահավաք: Կմիանա՞ Հանրապետական կուսակցությունն այս հանրահավաքին՝ հարցին, այսօր հրավիրված ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ դեռ չեն քննարկել, թե ի՞նչ մասնակցություն կարող են ունենալ:

«ՀՀԿ-ն աշխատանքային հարաբերություններ է պահպանել և ստեղծել ու զարգացրել այսօրվա ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր հիմնական դերակատարների հետ: Այդ հարաբերություններն աշխատանքային են, թույլ են տալիս եզրակացնելու, որ չի բացառվում ընդհանուր եզրերի ստեղծումը տարբեր քաղաքական ուժերի հետ: Մենք այդ հավաքի հետ կապված տեղեկությունները ստացել ենք, բայց չենք քննարկել առնչվելու կամ չառնչվելու հարցը: Կմասնակցե՞նք, թե՞ ոչ, ինչպիսի՞ առնչություն կունենանք, կուսակցությունը դեռ չի որոշել»,- ասաց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ հնարավոր իշխանափոխությանն ու ասաց, որ դա չի կարող տեղի ունենալ առանց ՀՀԿ-ի:

«Վստահաբար, առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է լինելու ՀՀ-ում պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության: Եթե կստացվի որևէ ուժի մոտ դա անել առանց ՀՀԿ-ի, ես կարող եմ պարզապես ոտքի կանգնել և ծափահարել իրենց»,- ասաց Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս