«Դիմում եմ պարոն Փաշինյանին՝ այս ձևով գյուղատնտեսություն զարգացնելը խայտառակություն է». Խաղողագործ

Արարատի մարզի Ոստան համայնքի մի շարք խաղողագործներ երեկվանից խաղողով բեռնված մեքենաներով սպասում են, որ խաղող մթերող ընկերությունը կընդունի իրենց բերքը։ Ընկերությունից մինչև այս պահը դեռ չեն արձագանքել, ինչի համար խաղողագործները մեղադրում են ոչ միայն ընկերությանը, այլև Կառավարությանը, որը չի հետաքրքրվում գյուղացու վիճակով։

Նրանք վստահ են, որ, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանա, ապա մեկ ժամում հարցին լուծում կտա։

«Էս պահին հանրապետությունում որքան ղեկավար ուժ կա, բոլորը վարչապետի ձեռքին է՝ ԿԳԲ-ն էլ, ՊՆ-ն էլ, միլիցիան էլ, տո էլ ինչ ասեմ՝ մենք էլ, նա ոնց ասի, էնպես էլ լինում է։ Այստեղից ում էլ այդ աթոռը տան, ցանկացածն էլ կարող է նման բան անել։ Ուղղակի ցանկություն է պետք, ուրիշ ոչինչ, տեղից իրար գալ է պետք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց խաղողագործներից Աղաբեկ Մալխասյանը։

Խաղողագործների խոսքով՝ ժամանակին շատ ոգևորվեցին ու շատ քայլեր արեցին, որպեսզի ինչ-որ բան փոխվի, սակայն այսօր կանգնել են փաստի առաջ, որևէ մեկն իրենց կողքին չի կանգնում։

«Լավ է, այսօր ամբողջ հանրապետությունում ճանապարհաշինություն է, գոհ ենք, բայց ինձ պե՞տք է այդ ճանապարհը, որ ես դրանով չեմ կարողանալու գնալ։ Ախր ամեն ինչ համաչափ պետք է լինի, մեր խնդրանքն է, որ ժողովրդին այս վիճակից հանեն»,- նշեց խաղողագործներից մեկը։

Նրանք նաև նշեցին, որ, եթե պատճառաբանում են, թե մթերող ընկերությունը մասնավոր է, և Կառավարությունը ոչինչ չի կարող անել, այդ դեպքում ինչո՞ւ է Կառավարությունն առանց տոկոսների վարկեր տրամադրում։

«Այսօր պարոն Փաշինյանն ուզում է այս երկրում գյուղատնտեսություն զարգացնի, իմ տված հարկերի հաշվին մարդկանց ձրի վարկեր է տալիս։ Հիմա դիմում եմ պարոն Փաշինյանին՝ այս ձևով գյուղատնտեսություն զարգացնելը խայտառակություն է։ Ո՞վ է տեսել` խաղողը բերեն, երեք օր կանգնեն «քուչեքը», ու չընդունեն։ Պարոն Փաշինյանը թող իր գյուղանախարարին ուղարկի այստեղ, մթերում է` գան, տեսնեն՝ ինչպես է անցնում։ Մի ամիս առաջ մեր գյուղում եռուզեռ էր, բնակիչների հետ ընկերությունը պայմանագիր էր կնքում, կնքում էր, որ տաներ դներ Նիկոլի սեղանին ու սուբսիդիա ստանա՞ր պետությունից։ Կամ մթերող ընկերությունները Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն ունեն, կամ էլ եթե չունեն՝ ավելի վատ Նիկոլ Փաշինյանի համար»,- նշեցին խաղողագործները։

Ըստ նրանց՝ երկրում ամեն ինչ վերահսկողությունից դուրս է եկել, ով ինչ ցանկանում՝ անում է։

«Հես ա հոկտեմբերի 15-ին վարչապետն իր կաբինետից կհայտարարի՝ 2020 թվականի մթերումները լիարժեք է եղել՝ հինգ պլյուս, ու վերջ, ամեն ինչ կավարտվի։ Այդպես չի լինում։ Ասում են` Սերժի ժամանակ ավելի վատ էր, հա, հասկացանք, Սերժի ժամանակ սրիկայություն էր, հիմա ի՞նչ, այսօր այդ ամենը շարունակե՞նք»,- նշեց ներկա խաղողագործներից մեկը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս