Հայաստանի ազգային առաջընթացը անկախության անշրջելության երաշխիքն է. «Ժառանգություն»
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Հայաստանի Հանրապետության անկախությունը բոլորում է իր 29-ամյակը, 1991 թ. սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի ընթացքում հայոց ընտրողները բացարձակ մեծամասնությամբ կողմ քվեարկեցին ԽՍՀՄ կազմից դուրս անկախ, ժողովրդավարական պետություն հռչակելու որոշմանը: 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն արդեն հաստատեց մեր ելքը ԽՍՀՄ կործանված կայսրությունից և մուտքը անկախ, ինքնիշխան պետության կառուցման ուղի:
«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է համայն հայությանը ի Հայաստան, Արցախ և սփյուռս աշխարհի անկախության վճռորոշ և պարտավորեցնող այս տոնի առիթով: Անկախության յուրաքանչյուր տարեդարձ պետք է դառնա յուրօինակ հաշվետվության ժամանակ՝ ի՛նչ ենք արել հանուն ժողովրդավարական, արդյունավետ պետության առաջընթացի, որքանո՛վ ենք անշրջելի դարձրել Հայրենիքի քաղաքական, տնտեսական, կրթամշակութային ինքնիշխանությունը, ազգային շահերի պաշտպանությունը: Այս ճանապարհին տարած մեր բոլոր հաղթանակները օրհնյալ են, բացթողումներն ու մոռացումները՝ ուղղելի և քննարկելի համերաշխության և փոխըմբռնման պարագայում:
«Ժառանգությունը» վստահ է, որ հայ ժողովրդի կամքն աներեր է Հայաստանի անկախության ամրակայման ուղղությամբ: Ճակատագիրը կանխորոշել է ինքնիշխանության ուղու բարդությունը: Բազում մարտահրավերներ մեր ժողովուրդը հերոսաբար հաղթահարել է ու անվարան պիտի պատրաստ լինի ներկա խնդիրների հանգուցալուծման՝ հույսը դրած իր միացյալ ուժերի, ողջամտության և դաշնակիցներ ունենալու իմաստնության վրա: Մեր անկախությունը, ժողովրդավարությունը և ստեղծարարությունը խաղաղություն ու բարօրություն են ապահովելու ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ու աշխարհի մնացյալ պետությունների և ազգերի համար, որոնց հետ մեզ միավորում են համամարդկային բարձր արժեքները: Մեր հայրենիք-պետության, նրա քաղաքացիների անվտանգության և ազգային առաջընթացի ապահովումը գերխնդիր է եղել ու կա, պետք է համախմբել ուժերը:
«Ժառանգություն» կուսակցության վարչություն