«Այս երկրում միայն ճամփա փակելով է, մենք էլ լիֆտերն անջատելով ենք ուզում ինչ-որ բանի հասնենք». ցուցարար
Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում մայրաքաղաքում նոր վերելակների աշխատանքներով զբաղվող քաղաքացիները: Նրանց խոսքով՝ արդեն 2 ամիս է՝ ինչ ներգրավված են այդ աշխատանքներում, 134 վերելակ են փոխել, սակայն 4 վերելակի գումար են փոխանցել իրենց կազմակերպությանը, վերջինն էլ չի կարողանում իրենց աշխատավարձերը վճարել:
«Շենգավիթում, Ավանում, Էրեբունիում, Մասիվում, Դավթաշենում, Մալաթիայում տեղադրվել են վերելակները, ու ոչ մի գումարային փոխհատուցում: Քաղաքապետը եկել քշել է լիֆտը, նայել է, որ նորմալ է, ու ասել է՝ ժողովուրդ ջան, ամեն ինչ նորմալ է: Եկել ենք կառավարություն, որ կոնկրետ պահանջենք, որ թեկուզ վարչապետը միջնորդի այս հարցին, որովհետև ծայրահեղ վիճակի է հասել»,- ասաց երիտասարդ աշխատակիցը:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ շուրջ 300-400 աշխատակից գումար չի ստացել, եղել է միայն կանխավճար, բայց ավարտական աշխատանքների գումարը ոչ ոք չի ստացել.
«Նիստում բանավոր պայմանավորվածություն է եղել, որ փոխքաղաքապետը, քաղաքապետը միջնորդելու են, որ 20 հատ վերելակ հանձնվի, դրանից հետո փող կփոխանցվի հաշվին, այնտեղից էլ մեր աշխատավարձերը տա, որ շարունակենք աշխատել: Մոտավորապես ամեն վերելակի համար 700.000 դրամ և ավելի է, որի վրա 2 աշխատակից է աշխատում, 350.000 աշխատավարձ պետք է ստանա յուրաքանչյուրը: Մարդիկ գիշեր-ցերեկ, դաժե իրենց ոչ աշխատանքային օրերին գնացել աշխատել են, որ այդ 20 հատ լիֆտը հանձնեն, որ «Ռաֆայել Գրիգ»-ին օգնեն, վիճակը լավ լինի, մենք էլ կարողանանք դրանից օգտվել: Մեր աշխատավարձը պետական բյուջեից փոխանցվում է «Ռաֆայել Գրիգ», այնտեղից էլ փոխանցվում է մեզ, մենք քաղաքապետարանի, վարչապետի կամ կառավարության հետ գործ չենք բռնել, ուղղակի եկել ենք պահանջենք, որ ինչ-որ մեկը հարցին լուծում տա»:
Քաղաքացիների խոսքով՝ մինչև կառավարություն գալը եղել են նաև քաղաքապետարանում, հանդիպել նորանշանակ փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանի հետ, ավելին՝ նորանշանակ փոխքաղաքապետի հետ հանդիպել են մինչև նրա այդ պաշտոնում նշանակվելը, նա խոստացել է, որ ամեն ինչ կլինի իրենց ուզածով.
«Մինչև ամսի 8-ը՝ իր ընտրվելը, որ դարձավ փոխքաղաքապետ, ասում էր, որ՝ սաղ ձեր ուզածով է լինելու, բերեք 1 ժամ շուտ փոխանցենք, բայց հիմա եկել է ժամանակը, արդեն ընտրվել է փոխքաղաքապետ, ասում է՝ մենք նման բան չենք ասել»:
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ քաղաքապետարանը պատճառաբանում է, որ առաջնահերթ պետք է փոխվեին բարձրահարկ շենքերի վերելակները՝ 14-16 հարկերը, հետո նոր միայն՝ 9 հարկանի շենքերինը: Քաղաքացիները նկատում են, եթե նման խնդիր կար, ինչո՞ւ էր քաղաքապետ Հայկ Մարությանը ժողովրդին ցույց տալիս, որ՝ տեսեք, մեր ասածներին տեր ենք:
«Քաղաքապետը խի՞ էր ժողովրդին ցույց տալիս, փոշի փչում աչքերին, որ՝ տեսեք-տեսեք, շատ լավ է, մենք մեր ասածներին տեր ենք, 500 լիֆտերը փոխվելու է: Թող 2 հոգի աշխատակազմից ուղարկեին, ասեին՝ «Ռաֆայել Գրիգ» ջան, եթե դուք պայմանագրով ունեք 12 հարկ, 14 հարկ, 16 հարկ, խի՞ դրանցից չեք սկսել, ու թույլ չտային, որ 9 հարկանի շենքերում վերելակների փոխման աշխատանքները սկսվի: Հիմա 9 հարկերում ավարտվել են աշխատանքները, արդեն հանձնված են… նախապես նման պայման չի՛ եղել, եթե մենք իմանայինք՝ այդ պայմանով ենք աշխատում՝ ճար կգտնեինք, որ այս երկրից թողնեինք, գնայինք, որովհետև էլ իմաստ չկար այստեղ մնալ աշխատելու»,- ասացին ցուցարարները:
Քաղաքացիները նաև տեղեկացրին, որ աշխատակիցների մի մասն էլ մարզերից էին եկել Երևան, սակայն աշխատավարձեր չստանալու և տան վարձավճարները չվճարելու հետևանքով վերադարձել են մարզեր և սպասում են իրենց աշխատավարձերին, իրենք էլ, որպես բողոքի ակցիա՝ անջատել են բոլոր շենքերի վերելակները, որ իրենց հարցին լուծում տան.
«Բոլոր լիֆտերն անջատել ենք, դե այս երկրում միայն ճամփա փակելով է, մենք էլ լիֆտերն անջատելով ենք ուզում ինչ-որ բանի հասնենք: Քաղաքապետարանն էլ է ասում՝ միացրեք, պատասխանում ենք՝ եթե չեք ընդունել, ո՞նց միացնենք, ո՞վ է պատասխան տալու»:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը վերջերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Երևանում արդեն 134 վերելակ է տեղադրվել, և, որ անկախությունից հետո մինչև 2018 թվականը 20 վերելակ էր փոխարինվել, սակայն չէր անդրադարձել աշխատակիցների աշխատավարձերի փոխանցման հարցին: 168.am-ը փորձեց կապ հաստատել Հակոբ Կարապետյանի հետ, հետաքրքրվել, թե ինչո՞ւ գումարը չի փոխանցվել սպասարկող ընկերությանը, որպեսզի աշախատակիցների աշխատավարձերը վճարեն, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց:
Մանրամասները՝ տեսանյութում