«Արայիկ Հարությունյանի հետ ամբողջ իշխանությունը պետք է հեռանա երկրից, բարձր պաշտոններից». ԲՀԿ երիտթևի ղեկավար

Այսօր ԿԳՄՍ նախարարության առջև կրկին բողոքի ակցիա էր՝ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Այս անգամ ակցիան կազմակերպել էր ԲՀԿ երիտթևը: ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջում են մի շարք քաղաքական ուժեր, ՀԿ-ներ, անհատներ: Այս պահանջով երեկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդում էր ներկայացրել խորհրդարանին, կուսակցության մյուս անդամները դրսում էին ակցիա անցկացնում, ավելի ուշ ՀՅԴ Հայաստան երիտասարդական միությունն էր երթ կազմակերպել՝ Մատենադարանից դեպի ԿԳՄՍ նախարարություն: Նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բոլոր ակցիաներին միանում է «Կամք» նախաձեռնությունը: Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է ԲՀԿ երիտթևը պատրաստվում  հասնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականին, եթե նրան սատարում է իշխանությունը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը,  ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը պատասխանեց.

«Եթե Նիկոլ Փաշինյանը սատարում է մի նախարարի, որն իր ամբողջ ներուժով հակահայ քաղաքականություն է վարում, Հայոց եկեղեցին արժեզրկել է, հովանավորում է սատանայական խմբերի, որ մետրոներում անհասկանալի, Աստծուն դեմ կոչերով հանդես գան, եթե նա իր ներուժով փորձում է այնպես անել, որ դպրոցներում երեխաները 2-3-րդ դասարանից անցնեն սեռական կրթության դասընթացներ, Հայոց եկեղեցու պատմություն առարկան պարտադիր առարկաների ցանկից հանվի և միացվի Հայոց պատմությանը, եթե նախարարը կարողանում է մի մարզի ժողովրդի անտեղի վիրավորել, մեղադրել մի բանում, որը չի արել, և այդ ամենին Փաշինյանն աջակցում է ու ասում է, որ նախարարը հրաժարական չի տալու,   ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես աջակցում է երկրում այլասերմանը, եկեղեցու արժեզրկմանը: Մեզ համար պարզ է, որ այս այլասերումը վարչապետի կողմից է հովանավորվում»:

ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը վստահեցրեց՝ պայքարելու են այնքան, մինչև ԿԳՄՍ նախարարը հրաժարական տա: Պնդեց՝ պահանջում են նաև նրան սատարողների հրաժարականը:

«Մենք պահանջում ենք նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, եթե սատարում է այլասերմանը, դեմ է եկեղեցուն: Արայիկ Հարությունյանի հետ ամբողջ իշխանությունը պետք է հեռանա երկրից, բարձր պաշտոններից»,- ասաց Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է նույն օրակարգն ունեցող այլ ուժերի հետ համագործակցությանը, Անդրեասյանն ասաց, որ կան քաղաքական ուժեր, որոնց հետ համագործակցությունն ընդունելի է իրենց համար, կան նաև այնպիսիները, որոնց հետ չեն պատրաստվում համագործակցել:

Տեսանյութեր

Լրահոս