«Արկղերը քրեական գործերով լցնելը տեխնիկայի գործ է, որը կարելի է անել ընդամենը մի քանի ժամում». Արայիկ Հարությունյան

2019-ին ՀՅԴ ՀԵՄ անդամները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերից մեկի ժամանակ արկղեր էին բերել նախարարություն, որոնց մեջ, ըստ իրենց ներկայացման, նախարարը պետք է դներ իր իրերն ու հեռանար: Հարությունյանն էլ  այն ժամանակ խոստացել էր այդ արկղերը լցնել ոլորտի հետ կապված տասնյակ քրեական գործերով և հետ ուղարկել իրենց: Նշենք, որ կրթության ոլորտը երկար տարիներ ղեկավարել է ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը: Ինչո՞ւ այդ արկղերը մինչև հիմա չեն լցվել: Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ քրեական գործեր կան, դրանք կարելի է գտնել Դատախազության հայտարարություններում:

«Եթե հետևեք Դատախազության հայտարարություններին, ապա կտեսնեք տասնյակ և հարյուրավոր գործեր, որոնք 2 տարվա ընթացքում բացահայտել են: Դրանք վերաբերում են տասնյակ հարյուր-միլիոնավոր չարաշահումների և տասնյակ ու հարյուր պաշտոնյաների, որոնք ոլորտում թույլ են տվել այդ չարաշահումները: Կոռուպցիան բացահայտելը նախարարության գործառույթը չէ, բայց երբ ուսումնասիրությունների արդյունքում ունենում ենք նման բացահայտումներ, թղթերն ուղարկում ենք Դատախազություն»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ վերոնշյալ արկղերը լցնելը ժամերի խնդիր է միայն:

«Դա ընդամենը տեխնիկայի գործ է, որը կարելի է անել ընդամենը մի քանի ժամում: Կարելի է վերցնել այդ ցանկը Դատախազությունից, սիրուն արկղիկներով փաթեթավորել անվանումները գործերի և ուղարկել Դաշնակցությանը»:

Իսկ ինչո՞ւ նախարարը մինչև այժմ չի արել դա:

«Այն ժամանակ չեմ արել, քանի որ իրենք հանգստացան և գնացին տներով, իսկ ես չէի ցանկանում՝ իրավիճակը բարդանա այդ ուղղությամբ: Եթե նրանք շարունակեն, ես էլ կվերանայեմ իմ գործելաոճը: Գործերը ցանկերով կան Դատախազության կայքում, դրանք վերաբերում են նախորդ իշխանության, այդ թվում՝ նաև դաշնակցական նախարարի օրոք տեղի ունեցած չարաշահումներին»,- ասաց Հարությունյանը:

Նշենք, որ ՀՅԴ ՀԵՄ-ն այսօրվանից վերսկսում է իր ակցիաները՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով:

Տեսանյութեր

Լրահոս