Հակակոռուպցիոն դատարանի դատավորներն ի սկզբանե լինելու են վերահսկելի. Լուսինե Սահակյան
ՀՀ կառավարությունը հակակոռուպցիոն ռազմավարությունը իրագործելու համար նախատեսում է ստեղծել մասնագիտակցված հակակոռուպցիոն դատարաններ: Առաջին ատյանի հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան՝ առնվազն 25 դատավորի կազմով, որոնցից 5-ը պետք է քննեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր, իսկ մյուս 20-ը քննելու են կոռուպցիոն բնույթի քրեական գործերը: Նախատեսվում է ստեղծել նաև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, իսկ Վճռաբեկ դատարանի երկու պալատներում ավելացնել դատավորների մեկ կամ երկու հաստիք նույն բնույթի գործեր քննելու նպատակով: Հակակոռուպցիոն դատարանում դատավորի պաշտոնի համար հայտարարվող մրցույթին կկարողանան մասնակցել թե՛ գործող դատավորները, թե՛ դատավոր չհանդիսացող անձինք: Դատավորներն էլ ընտրվելու են բաց մրցույթի արդյունքում, իսկ ընտրվելուց հետո ստանալու են ավելի բարձր աշխատավարձ, քան ընդհանուր իրավասության դատարանի դատավորները:
Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման հիմնավորումների, դատավորների ընտրության չափանիշերի, կոռուպցիայի դեմ այս մեթոդով պայքարելու՝ իշխանությունների որդեգրած քաղաքականության մասին 168.am-ը զրուցել է փաստաբան Լուսինե Սահակյանի հետ:
– Տիկին Սակակյան, այն հիմնավորումները, որոնք բերվում են հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան ստեղծելու վերաբերյալ, որպես մասնագետ՝ Ձեզ համար ընդունելի՞ են: Կամ արդյո՞ք բերված են անհրաժեշտ հիմնավորումներ:
– Բնականաբար, այն հիմնավորումները, որոնք ներկայացվել են, չեն կարող հիմք ծառայել, որպեսզի օրենսդրական նման փոփոխություն լինի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ըստ էության հիմնավորումները վերաբերում են նրան, որ մասնագիտացված դատարան է անհրաժեշտ ստեղծել, մասնագիտացված դատավորներ պետք է լինեն նմանօրինակ գործերով, որոնք սահմանված են կոնկրետ օրենսդրությամբ: Եվ 2-րդը ծանրաբեռնվածության խնդիրն է, որ բարձրացրել են, որ նման կերպ նրանք փորձում են լուծել դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը:
Ինչ վերաբերում է մասնագիտացված նման դատարան ունենալուն, ապա այդ հիմնավորումն ըստ էության անտրամաբանական է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատարաններն ընդհանրապես բոլոր գործերով պետք է մասնագիտացված լինեն: Եվ այստեղ, եթե համարենք, որ այս գործերով պետք է մասնագիտացված լինեն, բայց, օրինակ, մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով մասնագիտացված չպիտի լինեն, այստեղ տրամաբանություն չկա: Այսինքն՝ պետք է դատավորները բոլորը պատրաստված լինեն ըստ էության բոլոր հոդվածներով քրեական գործերը քննելու համար:
Ինչ վերաբերում է նրան, որ ծանրաբեռնվածության խնդիր են իբր թե լուծելու, իրականում այդպես չի, որովհետև նման քանակությամբ դատավորների ավելացումը, եթե խոսքը վերաբերեր բոլոր քրեական գործերին, այո, կարող էր որոշակի ծանրաբեռնվածության խնդիր լուծել: Բայց, քանի որ մասնագիտացված դատարան են ցանկանում ստեղծել, և երբ որ մենք նայում ենք քանակը այդ գործերի և քանակը այն դատավորների, որոնք ավելացվում են, պարզ է դառնում, որ այդ դատավորները ծանրաբեռնված ընդհանրապես չեն լինելու, իսկ մյուս դատարաններն ինչպես ծանրաբեռնված եղել են, այնպես էլ ծանրաբեռնված շարունակելու են աշխատել: Այսինքն՝ նույն քանակությամբ դատավորներ ուղղակի պետք էր ավելացնել, որ մյուս գործերով ծանրաբեռնվածության խնդիրը լուծվի:
Այստեղ խնդիրն ամենևին այլ է, և այս հիմնավորումներն ընդամենը շղարշ են ցույց տալու համար, թե իբր ինչ-որ հիմնավորում կա նման օրենսդրական փոփոխություն կատարելու:
– Եթե համեմատելու լինենք կոռուպցիոն գորեծրի քանակը և այլ քրեական գործերը, արդյո՞ք հնարավոր է հիմնավորում ներկայացնել, որ կոռուպցիոն գործերն այնքան շատ են, որ միայն նման գործեր քննելու համար պետք է որոշակի թվով դատավորներ զբաղվեն:
– Բնականաբար՝ ոչ: Ես դա էի փորձում ասել, որ, եթե այն դատավորների քանակը ուսումնասիրելու լինենք, որոնք ցանկանում են ավելացնել, և կոռուպցիոն գործերը, բնականաբար, դրանք համադրելի չեն, առավել ևս՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս դատավորները ստանալու են շատ ավելի բարձր աշխատավարձ, ինչը ևս անընդունելի է, եթե համեմատելու լինենք մյուս դատավորների հետ, որովհետև այն ծանրաբեռնվածությունը, որ ունենալու են այս դատավորները, և այն ծանրաբեռնվածությունը, որ ունենալու են մյուս գործերով դատավորները, իսկ նրանց ծանրաբեռնվածությունը լինելու է մի քանի անգամ ավելի շատ, բայց նրանք ստանալու են շատ ավելի քիչ աշխատավարձ, սա շատ լուրջ հետևանքներ է ունենալու:
– Հաշվի առնելով աշխատավարձը, քննվող գործերի թիվը, սա արդյո՞ք դատավորների հավասարության սկզբունքի հետ որոշակի անհամատեղելիություն չի առաջացնում:
– Բնականաբար, շատ լուրջ խնդիրներ է առաջացնում: Սա հենց հանգեցնելու է նրան, որ իրենք իրենց համար վերահսկելի դատավորներ են ունենալու, որովհետև այդ դատավորները ցանկանալու են, որպեսզի լինեն այս մասնագիտացված դատարանի դատավորներ, և, բնականաբար, ցանկանալու են իշխանության համար հաճո որոշումներ, դատական ակտեր կայացնել, որպեսզի մնան այդ դատարանի դատավոր: Ես ի սկզբանե վստահ եմ, որ, եթե այս օրենսդրական փոփոխությունը լինի, ապա դատավորների արդեն իսկ կազմն ի սկզբանե լինելու է այնպիսին, որ նրանք վերահսկելի դատավորներ են լինելու:
– Երբեմն նշվում է, թե կա հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան ունենալու հանրային պահանջ: Ձեզ համար նկատելի՞ է այդ հանրային պահանջը:
– Գիտեք, այս իշխանություններն ամեն ինչ քողարկում են հանրային պահանջի տակ: Սահմանադրական դատարանի հետ կապված այդ խնդիրները հանրային պահանջի տակ էին քողարկում, բայց, ըստ էության, հանրությունը, նույնիսկ շատ մասը տեղեկացված էլ չէր, թե ՍԴ-ն ինչ գործեր է քննում, և, բնականաբար, նման պահանջ գոյություն էլ չուներ: Հիմա նույն կերպ փորձում են այս խնդիրը քողարկել իբր թե հանրային պահանջի տակ: Ես նման պահանջ չեմ տեսել: Հիմա ես չգիտեմ, եթե Դուք դա նկատե՞լ եք, կամ կարո՞ղ է կան անձինք, ովքեր դա նկատում են, թող գոնե հիմնավորում ներկայացնեն, որ նման հանրային պահանջ կա: Բայց, նաև պետք է հաշվի առնենք մի հանգամանք:
Եթե նույնիսկ որոշ խնդիրներով կա հանրային պահանջ, մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում անձինք ինչ-որ պահանջներ են ներկայացնում՝ տեղյակ չլինելով կոնկրետ ոլորտի: Այսինքն, այստեղ հանրային պահանջով քողարկվելով չի կարող նման օրենսդրական փոփոխություն լինել, եթե նույնիսկ նման հանրային պահանջ լիներ, որովհետև այստեղ կոնկրետ մասնագետները, որոնք աշխատում են կոնկրետ դատարանների հետ, կոնկրետ նման գործերի հետ են առնչվում, նրանք կարող են ասել, թե արդյո՞ք կա խնդիր և այդ խնդիրը այդ կերպ լուծելի՞ է, թե՞ ոչ: Հիմա կոնկրետ մենք, որ շփվում ենք նման գործերի և բազմաթիվ մասնագետների հետ, որ մենք խոսել ենք, նման պահանջ մասնագետների մոտ չկա: Առավել ևս՝ այդ հիմնավորումները, լուրջ մասնագետների չեն թվացել, որ իրական են:
Եվ բոլորն էլ հասկանում են, որ այս փոփոխության նպատակն ամենևին այլ է: Եվ դա շատ ավելի լուրջ հետևանքների է հանգեցնելու: Իսկ նպատակը մեկն է: Նրանք ուղղակի ցանկանում են վերահսկելի դատավորներ ունենալ այդ գործերով: Այսքան բան: Որովհետև իշխանություններն այս ամբողջ ժամանակահատվածում հասկացան, որ, այո, դատարաններն անկախ չեն ընդհանուր առմամբ, բայց կան անկախ դատավորներ, որոնց իրենք չեն կարողանում պարտադրել իրենց կամքը: Եվ իրենք նմանօրինակ փոփոխություններով ցանկանում են գոնե որոշ ոլորտներում, իրենց համար ցանկալի ոլորտներում ունենալ վերահսկելի դատավորներ, ինչն իրենք անում են այս օրենսդրական փոփոխությամբ:
– Որոշ մասնագետներ նշում են, որ հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանն իր մեջ արտակարգ դատարանի հատկանիշներ է պարունակում:
– Ըստ էության կարելի է այդպես ասել, որովհետև պետք է նաև գիտակցենք, որ այս դատավորները քննելու են այն տխրահռչակ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով գործերը, և մենք գիտակցում ենք, որ այս օրենսդրությունն այնպիսին է, որ հնարավորություն է տալու ուղղակի մարդկանցից խլել իրենց գույքը: Այստեղ շատ լուրջ իրավունքների խախտումներ են լինելու, և, բնականաբար, նմանօրինակ գործերով ևս այս դատավորների նմանօրինակ կազմ ունենալը և հատուկ իրենց համար հատուկ օրենսդրությամբ դա անելն արդեն իսկ խոսում է նրա մասին, որ, այո, այս դատավորները լինելու են շատ ավելի վերահսկելի և, ըստ էության, իրենց լիազորություններով, այո, կարելի է խոսել նրա մասին, որ շատ նմանվում է արտակարգ դատարաններին:
– Տիկին Սահակյան, սա կոռուպցիայի դեմ պայքարի ընդունելի՞ եղանակ է, ըստ Ձեզ:
– Գիտեք, ՀՀ-ում ես չեմ տեսել, որ կոռուպցիայի դեմ պայքարը լուրջ ինչ-որ խնդիրներ առաջացնի: Ես չեմ տեսել կոռուպցիոն գործեր, որոնցով ինչ-որ խնդիրներ են եղել, դատարանները ապօրինի դատական ակտեր են կայացրել, անձինք ապօրինի ազատություն են ստացել կամ ապօրինի չեն դատապարտվել: Այսպիսի բաներ չի եղել ընդհանրապես: Եթե լինի կոռուպցիայի դեմ պայքարի ցանկություն, գործող օրենսդրությունն այդ հնարավորությունը լիարժեք տալիս է: Ցանկություն է պետք: Անընդհատ օրենքները փոխելով չի կոռուպցիայի դեմ պայքարը: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում ընդհանրապես, մենք տեսնում ենք՝ այդ բարեկամական կապեր ունեցող անձինք ինչ հնարավորություններ են ստանում: Սա կոռուպցիայի ամենալուրջ դրսևորումներից է: Եվ մենք դրա դեմ պայքար չենք տեսնում: Այսինքն՝ ընդամենը պետք է ցանկություն ունենալ, որն այս իշխանությունները հայտարարում են, բայց իրականում, պրակտիկայում մենք դա չենք տեսնում: