«Մենք ոմանց նման ինքնագլուխ հայտարարություններ չենք անում»

Երեկ երեկոյան ԲՀԿ խմբակցությունը նիստ է գումարել, որին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել, նիստը վարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

galatv.am-ն այսօր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվել է, թե մասնավորապես ի՞նչ հարցեր են քննարկվել նիստի ընթացքում: «Նիստը վարել եմ ես, մենք հիմնականում քննարկել ենք 2013 թվականի բյուջեի հետ կապված խնդիրներ, բացառապես ԱԺ օրակարգային հարցեր, որոնց մասին շուտով կիմանաք, այլ հարցեր չեն քննարկվել երեկվա նիստի ընթացքում»,- ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Իսկ ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի ու հիմա արդեն  քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի հարցաքննության վերաբերյալ խմբակցությունը որևէ բան չի քննարկել նիստի ընթացքում, քանի որ ինչպես Նաիրա Զոհրաբյանն է ասել կուսակցությունն այդ գործերի վերաբերյալ իր տեսակետն արդեն հայտնել է` դրանք որակելով քաղաքական հետապնդում: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ առաջիկայում որևէ հայտարարությամբ չի պատրաստվում հանդես գալ, քանի որ, ըստ Ն. Զոհրաբյանի` նրա կարծիքն արդեն պարզ է.

«Նա հենց սկզբից հայտարարել է, որ ինքն ու կուսակցությունը կանգնած են Վարդան Օսկանյանի կողքին, լրացուցիչ հայտարարության կարիք չկա, քանի որ ի տարբերություն այլ կուսակցությունների և քաղաքական գործիչների մենք անտեղի հայտարարություններ չենք անում, մենք կուսակցության ընդհանուր դիրքորոշումն ենք ներկայացնում, և ոմանց նման ինքնագլուխ հայտարարություններ չենք անում: ԲՀԿ-ն պետք չէ շփոթել այլ քաղաքական ուժերի հետ»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով ԲՀԿ անդամ, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի հարցաքննությանը, Նաիրա Զոհրաբյանը նշել է, թե ինքը՝ Վարդանյանը, գործին վերաբերող բոլոր հարցերի պատասխաններն ունի:

«Կա հարուցված քրեական գործ չարաշահումների վերաբերյալ, նա այդ ժամանակ եղել է ոլորտի ղեկավար, կանչել են հարցաքննության, ու ինձ թվում է՝  նա գործին առնչվող բոլոր հարցերի պատասխաններն ունի»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս