Բաժիններ՝

Աշտարակի ոստիկանները բնակարանային գողության ու փորձի դեպքեր են բացահայտել․ երեք անձ ձերբակալվել է

Օգոստոսի 18-ին, ժամը 17-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնում Վարդգես Պետրոսյան փողոցի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ անհայտ անձինք բացել են իրենց բնակարանի դուռը, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ոչինչ չգողացած, հեռացել են:

Իրավապահները գողության փորձը բացահայտելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ օգոստոսի 24-ին բաժնում ահազանգ ստացվեց, որ Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել:

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց` տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են տան դուռը և հյուրասենյակից գողացել ոսկյա կախազարդ ու ոսկեգույն շղթա:
Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները շուտով տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողության փորձն ու գողությունը հնարավոր է կատարած լինի նախկինում դատապարտված, Երևանի Նորաշեն թաղամասի 47-ամյա մի բնակիչ: Սեպտեմբերի 3-ին կասկածվողը, իր «Օպել» մակնիշի մեքենայով, Երևանից բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա մենակ չի գործել: Մասնակցել են 30 և 37 տարեկան ևս երկու երևանցի:
Օգոստոսի 4-ին նրանք նույնպես բերման ենթարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժին: Կասկածյալներից երկուսը խոստովանել են, որ նշված գողությունից ու գողության փորձից զատ՝ օգոստոս ամսին բնակարանային գողության և գողության փորձեր են արել նաև Հրազդան, Էջմիածին և Մասիս քաղաքներում:
Բերման ենթարկված տղամարդիկ ձերբակալվել են:

Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս