Բաժիններ՝

«Գյուղատնտեսական շտապօգնություն» հ/կ նախագահը՝ գյուղում 100 տուն, գոմեր սարքելու և միայն ոչխար պահելու ծրագրի մասին

«Գյուղատնտեսական շտապօգնություն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Արմենակ Խաչատրյանը կարծում է, որ գյուղացիները բավարար չափով տեղեկացված չեն, չկա խորհրդատու՝ այս կամ այն քայլն անելուց առաջ օգնելու համար:

Նրանք չգիտեն, թե ինչքան վարկ վերցնեն, քանի՞ տրակտոր ձեռք բերեն, ինչպե՞ս պայքարեն ցեցի դեմ, և այլն:

«Պետք է ֆինանսական հաշվարկ լինի, թե ամեն գյուղին որքա՞ն տրակտոր են տալու, միգուցե ամեն գյուղին մեկ կամ երեք տրակտոր տային ու գյուղապետի վրա դնեին պարտադրանքը, որ այդքանը բավական է գյուղում վարել-ցանելու համար, ու միայն  «սալյարկայի»  գումարը գյուղացիները տան, մեկ էլ ամբողջ գյուղից ամեն տարի 1000-2000 դոլար վճարեն: Մեկը կա՝ ունի 3 հա խաղողի այգի, 2 հա խնձորի, աշխատողները 3-րդ տրակտորն են գնել տվել: Ասում եմ՝ 3 տրակտորը 300 հեկտար հող կմշակի, դու այս ի՞նչ ես անում, սա, թե՝ անտոկոս վարկով եմ ձեռք բերել: Այսինքն, մարդկանց հետ խորհրդակցող չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Գյուղատնտեսական շտապօգնություն» հ/կ նախագահը:

Արմենակ Խաչատրյանը պատմեց, որ վերջերս այցելել է  Նիգավան գյուղ, և պարզվել է, որ գյուղացիները նախընտրել են Երևան գալ ու օրավարձով աշխատել, քան հող մշակել:

«Գյուղապետն ասում է՝  ունենք 600 հեկտար վարելահող, այս տարի ընդամենը 50 հեկտար է ցանվել, գյուղացուն հարցնում եմ՝ ինչո՞ւ չես ցանել, պատասխանում է, թե՝ ցանում եմ, մի տարի կարկուտ է լինում, մյուս տարի՝ երաշտ, ոռոգման ջուր չկա, ինչո՞ւ ռիսկի դիմեմ ու ցորեն ցանեմ, այն է՝ կգնամ ալյուր կգնեմ: Գյուղն ունի  5000 հեկտար արոտավայր, իսկ սա նշանակում է, որ մոտ 5000 գլուխ մայր ոչխար կարող է այդտեղ արածել: Սակայն գյուղում կա ընդամենը 500 ոչխար: Ամեն 2 կմ-ին կարելի էր գոմեր սարքել, բերել 2000 էգ ոչխար, հետո բաժանել մյուս մարզերին ու զարգացնել ոչխարաբուծությունը: Գյուղապետն ասում է՝ 150 տնից մնացել է 100-ը, մեծ մասը մայրաքաղաք է գնացել, 5000 դրամով բանվորություն է անում: Իսկ, եթե մարդը մոտ 20 ոչխար ունենար, չէր հեռանա, ամեն օր միջինը 10.000 դրամից ավելի եկամուտ կստանար: Ինֆորմացված չեն մարդիկ»,- նշեց «Գյուղատնտեսական շտապօգնություն» հ/կ նախագահը:

Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ գյուղատնտեսությունը զարգացնելու համար վերջերս ծրագիր է մշակել, սակայն դա մնացել է օդում կախված:

«Ծրագիր էի մշակել, Արմավիրի մարզում 25 աշխատատեղ էր բացվում, ամեն գյուղում 100 տուն էի սարքում, 1000 մետրանոց ջերմոց, 100 գոմ: Այս ամենը կազմում էր 25 միլիոն դրամ: Ընտանիքներին տանում էի, ապրում և աշխատում էին,  իսկ հետո Երևանում շրջիկ խանութների միջոցով իրացնում էին արտադրանքը: Մոտ երեք ամիս առաջ Կառավարությունում ծրագիրը տարան, ժողով արեցին, որ վարչապետին ներկայացնեն, ու ամեն ինչ մնաց օդում: 100 տունը կազմում էր 5 միլիոն դոլար ծախսայինը, որը տարեկան բերում էր 1 միլիոն 700.000 դրամ եկամտաբերություն, ինչը գոյանում էր գյուղմթերքը վաճառելու արդյունքում»,- մանրամասնեց «Գյուղատնտեսական շտապօգնություն» հ/կ նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս