Բաժիններ՝

Դպրոցում չափազանց դժվար կլինի երեխաների համար դասարանից դուրս չգալը, սոցիալական հեռավորություն պահպանելը. հոգեբան

Պարետատունը հաստատել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը:

Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: Ուսումնական տարվա առաջին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:

Դասասենյակում սովորողները կրում են դիմակներ։

Սովորողները դասին մասնակցում են տեղից: Գրատախտակի մոտ կանչելն արգելվում է:

Սովորողներին ստուգված գրավոր աշխատանքները տրամադրելն արգելվում է, կարող է տրամադրվել գրավոր աշխատանքի լուսապատճենը:

Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբան-հոգեթերապևտ Սիրինա Առաքելյանի հետ զրուցել ենք դպրոցում պարտադիր դիմակ կրելու, դասամիջոց չանելու և այլ հարցերի շուրջ:

Տիկին Առաքելյան, դպրոցում սովորողները պետք է պարտադիր կրեն դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ: Կարծիքներ կան, որ երեխաների դեպքում դիմակով դասի նստելը հոգեբանական ազդեցություն է ունենալու։ Արդյո՞ք այդպես է:

– Չեմ կարծում, թե դիմակներով դասի նստելն ինչ-որ առանձնահատուկ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ։ Հոգեբանական որևէ ազդեցություն կարող է լինել հավանաբար միայն այն դեպքում, եթե ծնողների կամ իրենց համար ազդեցիկ այլ մարդկանց կողմից դիրքորոշումներ ստանան։ Եթե ծնողի դիրքորոշումը, տրամադրվածությունը նորմալ է, նույնիսկ որոշ տարիքներում երեխաներն իրենք են ուզում, իրենք են ձգտում դնել՝ վերածելով խաղի։ Հիմա նույնիսկ շատ դեռահասների համար որոշակի ոճի ընդգծման տարրի է վերածվում դիմակը, մի տեսակ՝ հագուստի ատրիբուտի։

Եթե դասարանից դուրս չեն գալու, միմյանցից հեռու են մնալու, սա երեխաների դեպքում հնարավո՞ր է, թե՞ ոչ, ու ճի՞շտ է նույն դասարանում փակված մնալը։

– Մարդկային շփումը սեռային, տարիքային, էթնոհոգեբանական, նույնիսկ կրթական որոշակի առանձնահատկությունների ազդեցությամբ է ձևավորվում ու դրսևորվում։ Ասենք, նախադպրոցական տարիքում երեխաների կամային առանձնահատկությունները կարող են շատ դժվարացնել շփվելու որոշակի կանոնների պահպանումը։ Դեռահասների և երիտասարդների (հատկապես որոշակի կրթական մակարդակ ունեցողների) համար ձեռքով չբարևելը, բարևելուց չողջագուրվելը, սերտ շփումների բացակայությունը մի տեսակ որպես վախկոտության, տղայական «սկզբունքների, կանոնների» խախտում կարող է ընկալվել։

Բացի ընդհանուր, տարիքային հոգեբանական դժվարություններից, առկա են նաև էթնոհոգեբանական առանձնահատկություններ, որոնք հավելյալ խնդիրներ, խոչընդոտներ կարող են առաջացնել և նպաստել հիվանդության տարածմանը։

Ասենք, շատերն ամաչում են ասել, որ չեն ուզենա հյուրեր ընդունել, հյուր գնալ, մեծաքանակ խմբային միջոցառումների (ծննդյան տոն, հարսանիք, հուղարկավորություն) մասնակցել։ Այսինքն, անհրաժեշտ է աշխատանք և՛ հանրային գիտակցության փոփոխման, և՛ նոր շփման սովորությունների ձևավորման նպատակով։ Հիմա ամբողջ աշխարհում տարբեր տարիքի անձանց համար նույնիսկ հատուկ «դասընթացներ» են կազմակերպվում սոցիալական հեռավորության պահպանման, դեմքին ձեռքով չկպնելու հարցերում պայմանական ռեֆլեքսների ձևավորման նպատակով։

Ավելի հասուն, ուշ տարիքում վտանգի առկայության գիտակցումը, հատկապես, եթե այն զուգորդվում է մահվան վախի տարիքային դրսևորումների հետ, ավելի զգոն է դարձնում մարդկանց, հնարավորություն տալիս պահպանել հեռավորության կանոնները։ Դպրոցում չափազանց դժվար կլինի երեխաների համար դասարանից դուրս չգալը, սոցիալական հեռավորություն պահպանելը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ մեր կրթական շատ հաստատություններում աշակերտների թվի հետ կապված ուղղակի ֆիզիկապես հնարավոր չի դա (որոշ դասարաններում աշակերների թիվը գերազանցում է 30-ը)։

Ուսուցիչը ինչպե՞ս պետք է կարողանա հոգեբանորեն տրամադրել երեխաներին, արդյո՞ք անհրաժեշտ է հոգեբանների այց դպրոց՝ առաջին տասնօրյակում։

– Ինչպես արդեն նշեցի՝ երեխաների աշխարհայացքի, դիրքորոշումների, վարքի վրա չափազանց կարևոր է հեղինակավոր անձանց՝ ուսուցիչների, ավագ ընկերների, ծնողների կարծիքը։ Ընդհանրապես, դպրոցում հոգեբանի առկայությունը և աշխատանքը անգնահատելի են բոլոր դեպքերում, իսկ նման իրավիճակներում՝ առավել ևս։ Կարելի է ասել, որ այստեղ անելիքներ ունեն բոլորը․ թե՛ ուսուցիչները, թե՛ հոգեբանները, թե՛ ծնողները, թե՛ երեխաները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս