Բաժիններ՝

«Պաշտոնյայի այդ վայրում հայտնվելը և ինքնասպանության կանխումը դեռ չի նշանակում, որ այդ խնդիրները լուծվեցին». Աստղիկ Ավետիսյան

Հատկապես վերջին շրջանում Երևանի Հաղթանակ կամրջից ինքնասպանության փորձ կատարելու դեպքերն ավելացել են: Միայն վերջին 10 օրում ԱԻՆ-ի պաշտոնական կայքում նշված վայրից ինքնասպանության փորձ կատարելու 7 դեպք է գրանցվել, 2-ը՝ նույն օրում: Վերջին դեպքն այսօր ժամը 00:17-ին է գրանցվել, սակայն փրկարարները՝ քաղաքացիների և ոստիկանների հետ համատեղ, կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։ Վերջինը տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա:

Տարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառները կարող են լինել՝ ֆինանսականից մինչև նեղ անձնական խնդիրներ: Նախորդ տարի ինքնասպանության 679 փորձ է կատարվել, որոնցից 176-ն ավարտվել է մահով, այս տարի՝ մինչ այս պահը, գրանցվել է ինքնասպանության փորձ կատարելու շուրջ 480 դեպք, որոնցից 116-ն ավարտվել է մահով: ԱԻՆ-ի մասնագետը վերջերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր, որ այս տարվա դեպքերը 2018 թվականի համեմատ ավելացել են:

Հոգեբան Իրինա Ծատուրյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ ինքնասպանություն կատարելու հիմնական գործոնը ֆինանսականն է: Մասնագետը նաև օրինակներ բերեց:

«Որոշ երկրներում, օրինակ՝ Ֆինլանդիայում, ինքնասպանությունների թիվը շատ բարձր է, քանի որ այնտեղ արևային օրը շատ կարճ է, և այն շատ է ազդում դեպրեսիվ վիճակի վրա: Մեզ մոտ, փառք Աստծո, արևի հետ ամեն ինչ նորմալ է: Ըստ իս, երբ երիտասարդը չի տեսնում ապագա և չի հասկանում, թե ինչ պետք է անի, գնում է նման ծայրահեղ քայլի, իսկ դա կարող է կապված լինել թե ֆինանսական, թե անձնական գործոնների հետ, իսկ անձնականը, որպես կանոն, կապված է լինում սոցիալականի հետ: Գյուղերում և քաղաքում էլ շատ են քչացել ամուսնությունները, որովհետև սոցիալական խնդիրներ կան, մարդիկ ֆինանսապես չեն կարողանում, դրա համար բնականոն ճանապարհից շեղվում են: Հնարավոր է՝ ինչ-որ մեկն առանձին ապրի, բայց կան մարդիկ, որոնք շատ ծանր են տանում, հատկապես երիտասարդի համար, որը կյանքի փորձ չունի և ամեն ինչ ընկալում է՝ իբրև փակուղի, և վերջ: Համաշխարհային թիվ կա, որ տոկոսային առումով ամենաշատը երիտասարդներն են գնում այդ քայլին»,- ասաց հոգեբանը:

Ծատուրյանի խոսքով՝ խնդիրներ առաջացել են նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված.

«Մենք երևի ավելի լարվող ենք, ավելի ապահով չենք, չգիտենք, թե վաղը մեզ ինչ է սպասվելու, ի տարբերություն մնացած երկրների, որոնք սոցիալապես ավելի պաշտպանված են»:

Ամփոփելով խոսքը՝ մասնագետն ինքնասպանության փորձերի կարևոր հանգամանք նշեց.

«Քանի որ հոգեկան հիվանդությունը հիմա չի հսկվում, իրենք կարող են հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ լինեն, և առհասարակ ապացուցված է, որ ինքնասպանության փորձը երբ մարդը կատարում է՝ արդեն իսկ հոգեպես լավ վիճակում չէ, բայց եթե հոգեկան հիվանդը գտնվում է բժիշկների հսկողության տակ, նա ինքնասպանությամբ չի ավարտում իր կյանքը, այլ բուժվում է, լավանում է»:

Հարցին, թե արդյոք կա՞ վիճակագրություն, եթե կանխվում է անձի ինքնասպանություն գործելու փորձը, հետագայում նրանց քանի՞ տոկոսն է կրկնում նույն արարքը, մասնագետը պատասխանեց.

«Երկրորդ անգամ ինքնասպանության դիմում են արդեն 20-25 տոկոսը, երրորդ անգամ՝ 7-8, այդ 7-8 տոկոսը հաստատ ինքնասպաններ են: Առաջին անգամ ինքնասպանության փորձ կատարողների մասին չենք կարող ասել, որ 100 տոկոս հոգեկան խնդիրներ ունեն, բայց երկրորդ և երրորդ անգամ արդեն կարող ենք ասել»:

Ինքնասպանոթյան փորձ կատարող մարդիկ հաճախ պահանջում են, որ իրենց հետ հանդիպեն պաշտոնատար անձինք, սակայն կան դեպքեր, երբ պաշտոնյաները «պատահաբար» են հայտնվում նշված վայրում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում նման մի քանի տեղեկություն է տարածվել մամուլում, երբ կամրջից քաղաքացու նետվելը կանխել է այս կամ այն պաշտոնյան:

2020 թվականի մարտի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել էր կանխել Հաղթանակ կամրջից քաղաքացու ցած նետվելու փորձը: Մարզերի շրջայցից վերադարձող վարչապետը մեքենայից նկատել էր մարդկանց բազմությունը և ցած նետվել փորձող քաղաքացուն: Նա կանգնեցրել էր մեքենան, մոտեցել քաղաքացուն, որն արդեն անցել էր վտանգավոր եզրագիծը, զրուցել նրա հետ ու դրանով ետ պահել ինքնասպանություն կատարելու մտքից:

Օրեր առաջ էլ՝ օգոստոսի 24-ին, Հաղթանակ կամրջից միաժամանակ 2 քաղաքացի էին փորձում ցած նետվել, սակայն ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին հաջողվել էր կանխել քաղաքացիների ինքնասպանության փորձը:

168.am–ը կապ հաստատեց Ալեն Սիմոնյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է հայտնվել նշված վայրում, և քաղաքացիներն ինչ խնդիրներ են ներկայացրել, սակայն ԱԺ փոխխոսնակը հրաժարվեց մեկնաբանություն տալ մեզ:

Հիշեցնենք, որ 2 քաղաքացիների ինքնասպանության փորձի վերաբերյալ ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել էր 18:59-ին: Ավելի ուշ՝ ժամը 22:29-ին, կրկին ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մեկ այլ քաղաքացի փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Այս դեպքում էլ փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցներն են կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը:

Հաղթանակ կամրջից ինքնասպանության փորձ է կատարվել նաև օգոստոսի 21-ին, այս անգամ էլ քաղաքացու կյանքը փրկել էին ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը և փրկարարները:

168.am-ը պատգամավորից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է պատահել, որ հենց այդ պահին եղել է Հաղթանակ կամրջի վրա, հարցրեցինք նաև, թե քաղաքացին որևէ, ասենք, ինչ-որ պաշտոնյայի հետ հանդիպման պահանջ ներկայացրե՞լ է, կամ ասե՞լ է, թե որն է նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառը:

«Հանդիպումից տուն էի վերադառնում, տեսա, որ ճանապարհը փակված էր՝ ոստիկանություն, հրշեջ մեքենաներ, շտապօգնության մեքենաներ: Լինելով պատգամավոր, ակտիվ քաղաքացի, չէի կարող չկանգնել, կանգնեցի, հետաքրքրվեցի, թե խնդիրն ինչումն է, և այդ պահին քաղաքացին տեսավ ինձ, մոտեցա, բանակցեցինք և, փառք Աստծո, ամեն ինչ ստացվեց: Մարդն արտագնա աշխատող էր, եկել էր Հայաստան և այս պայմաններում չէր կարող դուրս գալ, քանի որ գումարն էր վերջացել, քանի որ անձնագիրն էր արդեն անվավեր, մի խոսքով՝ խնդիրների մեծ կույտ էր, և իր նպատակն էր՝ ինչ-որ ձևով իր վրա ուշադրություն սևեռել, որ աջակցեն, անձնագիր հանի, գնա Ռուսաստան»,- ասաց պատգամավորը:

Արման Աբովյանը տեղեկացրեց, որ քաղաքացու խնդիրը մասնակի է լուծվել, և, որ ինքն աջակցել է, որպեսզի քաղաքացին նոր անձնագիր ձեռք բերի.

«Իմ պատգամավորի լիազորությունների շրջանակում՝ ինչքան հնարավոր է, ես կաջակցեմ, որ իր խնդիրը լուծվի»:

168.am-ը Հայկական PR ասոցիացիայի նախագաh Աստղիկ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե պաշտոնյաների նմանօրինակ քայլերը կարո՞ղ են ուղղակի կամ անուղղակի PR լինել, և արդյոք այն կարո՞ղ է բարձրացնել նրանց վարկանիշը:

«Հարաբերությունների ձևավորումը երկարաժամկետ գործընթաց է, գրագետ հաղորդակցությունը (PR) հիմնված է ճշմարտության վրա: Կարո՞ղ են արդյոք մի շարք գործողություններ բեմականացված լինել, իհարկե այո, սակայն մյուս կողմից՝ որևէ հիմք չկա այդպես կարծելու և պնդելու: Պետք է փաստենք, որ նմանօրինակ քայլերը մեծ արձագանք են գտնում մամուլում և հանրության շրջանում, ինչը, անշուշտ, նպաստում է իմիջի բարձրացմանը: Սակայն հարաբերությունների կառուցումը և պահպանումը պետք է լինի մտածված, բխի ռազմավարությունից, տեսանելի լինի քայլերի հաջորդականությունը… Պետք է նշենք, որ PR-ը նուրբ արվեստ է, բեմականացումներն ու արհեստականությունը միշտ զգացվում են: Որպես քաղաքացի և պաշտոնյա, նման արարքը, իհարկե, գովելի է և տեղավորվում է մարդկային ռեֆլեքսների տրամաբանությունում. շատերս ենք փորձում օգնության ձեռք մեկնել կենսական նշանակության հարցերում: Սակայն իմիջի տեսանկյունից նման մեկ արարքը ոչինչ չի փոխում, կարճաժամկետ էֆեկտ ունի, հետո շատ արագ մոռացվում է: Պետք է նաև փաստենք, որ վերջին ամիսների մեկուսացվածությունը, գործազրկությունը սոցիալական լուրջ խնդիրների ստեղծման պատճառ են դարձել, որը կարող է բերել ինքնասպանության մտադրության աճին: Եվ պատահականորեն պաշտոնյայի այդ վայրում հայտնվելը և ինքնասպանության կանխումը դեռ չի նշանակում, որ այդ խնդիրները լուծվեցին: Հասարակությունն անորոշ վիճակում է, և դա էլ բերում է հոգեբանական լուրջ խնդիրների»,- պատասխանեց Աստղիկ Ավետիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս