Վարչապետի խոսնակը՝ Արսեն Թորոսյանի հրաժարականի և վարչապետի հետ հանդիպման մասին
Արդեն մի քանի օր է՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքից հեռացրել է իր անձնական և պաշտոնական օգտահաշիվները։ Ֆեյսբուքում նախարարի ապաակտիվանալու վերաբերյալ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Ա. Թորոսյանի այդ քայլը չի մեկնաբանելու։
Այսօր էլ մամուլը գրել էր, որ Արսեն Թորոսյանը ցանկանում է հրաժարական տալ, ավելին՝ աշխատանքից ազատվելու դիմում է գրել, ինչը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել՝ նշելով, որ ինքն է որոշելու, թե երբ պետք է գնա Թորոսյանը։
Բացի այդ, մամուլում նաև լուրեր են շրջանառվում, որ վարչապետն ու Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել են, հանդիպումն էլ անցել է թեժ մթնոլորտում, նույնիսկ Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը միմյանց անձնական վիրավորանքներ են հասցրել։
Այս ամենից հետո էլ հայտնի դարձավ, որ վարչապետի որոշմամբ, Արսեն Թորոսյանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ կմեկնի արձակուրդ:
168.am–ը վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց՝ վարչապետն ու Առողջապահության նախարարը հանդիպե՞լ են, Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում ներկայացրե՞լ է, և այն վարչապետը մերժե՞լ է։
«Ասեմ, որ Առողջապահության նախարարի հետ կապված որևէ մեկնաբանություն չկա, այդ ամենը բամբասանքներ են, որոնք չեմ էլ ուզում մեկնաբանել։ Կրկնում եմ՝ չեմ պատրաստվում մեկնաբանել այդ բամբասանքները՝ չկա նման բան, վերջ»,- եզրափակեց Մանե Գևորգյանը։