«Հայաստանում Թուրքիայի ֆինանսավորմամբ ծրագրեր են արվում. թիրախներից մեկը ռուսական ռազմաբազան է». Ռուբեն Մելքոնյան
Օրերս «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասված էր, որ նախաձեռնում են ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող օրենքի նախագիծ ստեղծելու, այն հանրային քննարկման դնելու և ստորագրահավաքի միջոցով իրավասու մարմիններին ներկայացնելու գործընթաց:
Նախաձեռնության անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղրոդաշարի եթերում ասաց, որ նման օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունն առաջացավ, երբ արդեն պարզ և ակնհայտ դարձավ, որ ազգային արժեքների նկատմամբ մեր երկրում կա հստակ ուղղորդված արշավ։
«Այս խնդիրը ծագել է ստեղծված իրավիճակից ու նկատելի է անզեն աչքով, որ ազգային արժեքները, մասնավորապես՝ ընտանիք, եկեղեցի, հերոսներ, հայոց լեզու և հայ գրականություն, գտնվում են թիրախային հարձակման տակ և գտնվում են այդ հարձակման տակ ոչ թե մեկ օր, մեկ ամիս, այլ տևական ժամանակ, ավելին՝ այդ հարձակումների ինտենսիվությունն աճում է, ինչը խոսում է դրանց մշակված և ծրագրային լինելու մասին։ Եթե լինեին մեկ-երկու առանձին դրվագներ, ապա դա կարող էինք ընդունել՝ որպես նորմալ երևույթ, սակայն արդեն գործ ունենք սիստեմատիկ մի երևույթի հետ, որը տեղավորվում է արդեն պետական քաղաքականության մեջ, մասնավորապես՝ կրթական չափորոշիչների, նախարարների և այլ պետական գործիչների հայտարարությունների տեսքով»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Ըստ նրա՝ միգուցե հռչակագրային և փաստաթղթային առումով մեր ազգային արժեքները պաշտպանված են, սակայն թղթի վրա գրվածն իրսկանության հետ աղերս չունի։
«Մենք տեսնում ենք պաշտոնյաների, որոնք միտումնավոր կամ անզգուշաբար անում են հայտարարություններ՝ ընդդեմ այդ արժեքների, տեսնում ենք պաշտոնյաների, որոնք անընկալունակ են լսել քննդատություն և ամենապրիմիտիվ միաբջիջ ոճով քննադատողին որակում են՝ «նախկին են». ընդ որում, նրանք նախկին ասելով՝ նկատի չունեն, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակները, քանի որ այդ տարիները համարում եմ լուսավոր շրջան, որովհետև հիմա իրենցից շատերի հոգևոր և ֆիզիոլոգիակակն հայրերը հենց Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակակիցն են, սակայն ազգային արժեքները նախկիններ և ներկաներ չեն ճանաչում»,- ասաց Մելքոնյանը։
Պատմաբանն անդրադարձավ նաև շատ շահարկվող հարցին՝ եթե նախկինների ժամանակ ազգային արժեքներն այդքան պաշտպանված էին, ապա ինչո՞ւ են այդ նույն իշխանությունները ժամանակին ստորագրել Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաները, կամ թույլ տվել աղանդավորական և արևմտյան դրամաշնորհներով աշխատող կազմակերպությունների գործունեությունը։
«Մեծ քաղաքականության մեջ կան մեծ ճնշումներ, և մեծ քաղաքականությունը պահանջում է խուսանավել այդ ճնշումներից, նախկին իշխանությունները ստորագրել են, բայց չեն վավերացրել. մյուս կողմից, եկեք նայենք՝ արդյոք այդ գրանտային, աղանդավորական կազմակերպությունների ներկայացուցիչների մեծամասությունը եղե՞լ են պետական պաշտոնների կամ տարբեր ոլորտների պատասխանատուներ, իհարկե ոչ»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ ազգային արժեքների նկատմամբ ոտնձգությունների կործանարար հետևանքները մեզ համար էլ ավելի ակնառու են դառնում նաև տարածաշրջանային զարգացումների համատեքստում։
«Որպես թուրքագետ՝ ես այս ամենում տեսնում եմ մեծ վտանգներ, և դա է, որ ինձ մղել է, որ մասնակցեմ այս նախաձեռնությանը։ Թուրքիան Հայաստանի և հայության դեմ պայքարում, բացի սահմանների փակ պահելն ու Ադրբեջանին զինելը, որպես թիրախ է պահում մեր ազգային ոգին։ Ինքնության դեմ մեր երկրում ընթացող կամավոր այս պայքարը նպաստում է թուրքական պլաններին։ Եկեք հետ գնանք և տեսնենք, թե ինչպես մենք Կարսը հանձնեցինք առանց կրակոցի, որովհետև այն ժամանակ քարոզ էր տարվում, որ կան լավ թուրքեր, ինչն արվում է նաև հիմա։ Ազգային ժողովում կա քարոզ, որ սրանք լավ և ազատարար թուրքեր են, կան չափորոշիչներ, և այլն։ Կարսը հանձնելուն զուգահեռ՝ այդ նույն ժամանակահատվածում Գարեգին Նժդեհը, հենվելով ազգային ոգու վրա, անհավասար պայքարում հաղթում էր գրեթե բոլորին, այդ թվում՝ բոլշևիկներին։ Հիմա կամավոր հարվածում են մեր ազգային արժեհամակարգին։ Թշնամու համար թիրախներից մեկը հետևյալն է՝ վերացնել այդ ազգային ոգին, եթե սա հաջողվի, ապա Թուրքիան էլ մեզ համար սպառնալիք չի ընկալվի, պետք չէ զգոն լինել, հետևաբար՝ հասարակությունը կկորցնի իր զգոնությունը և չի դիմադրի թուրքական ազդեցությանը, իսկ հիմա իշխանահաճո գրանտակեր կազմակերպությունները հենց դա են քարոզում, թե Թուրքիան սպառնալիք չէ»,- ասաց նա։
Շարունակելով թուրքական սպառնալիքներին ի պատասխան ՀՀ իշխանության վարած քաղաքականության հարցը՝ Մելքոնյանը նշեց, որ ունի մտահոգություններ՝ կապված հայաստանյան մի շարք գերատեսչությունների աշխատանքի հետ, քանի որ ակնհայտ է, որ մենք գործ ունենք բոլորովին նոր Թուրքիայի հետ, որը գնում է գերտերություն դառնալու ճանապարհով, իսկ այդ գերատեսչությունների արձագանքը համարժեք չէ։
«Այդ երկրից բխող վտանգները ահագնացող չափերի են հասնում. ես մասնագետ եմ և չեմ կարող այն վտանգները, որոնք տեսնում եմ, չարտահայտեմ։ Այստեղ պետք է մենք ձերբազատվենք ինքնախաբեությունից։ Հայաստանում տարբեր գրանտներով ծրագրեր են արվում՝ Թուրքիայի ֆինանսավորմամբ, և դա չի կարող լինել հայանպաստ, և չի կարող Թուրքիան Հայաստանում փող ծախսել, որ ՀՀ-ում զարգանա ինչ-որ բան՝ թեկուզ քաղաքացիական հասարակություն, իսկ այդ ֆինանսավորման թիրախները շատ են՝ մեկը, օրինակ, ռուսական ռազմաբազան է»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում