«Մեր գնահատմամբ՝ գյուղմթերքի 5-10 % գնաճ ունենք». Արմեն Պողոսյան

«Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում կաթի միջին օրական սպառումը 20 գրամից պակաս է, հացի սպառումը 450 գրամից ավելի է, սրանք աղաղակող թվեր են, որովհետև շատ ու շատ առաջատար երկրներում  200 գրամ է կաթի սպառման միջին օրական ծավալը». այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա պնդմամբ՝ այս թվերը վկայում  են հանրության ցածր   գնողունակության մասին:

«Անվճարունակ մարդկանց ծանրության կենտրոնը հացի, հացաբուլկեղենի և մակարոնեղենի վրա է, և դա առողջ սննդակարգ չէ։ Հատկապես երիտասարդ տարիքում, մանուկ հասակում 200 գրամ կաթը պարտադիր նորմ է, այլապես մանուկի օրգանիզմը չի մեծանա։ Հիմա սա է վիճակը»,- ասաց Պողոսյանը։

Նա նշեց, որ Հայաստանում այսօր ընտանիքի ծախսերի 65%-ն օգտագործվում է սննդի համար, իսկ զարգացած երկրներում, եթե 25%-ից անցնում է սննդին ուղղված գումարը, ապա այդ մարդիկ հայտնվում են սոցիալական կամ ընտանեկան նպաստառուների ցանկում։

«Եթե փորձենք այդ 65%-ին գումարել որոշ հանրային ծառայությունները՝ հոսանք, գազ, ջուր, ջեռուցում, որը չկա, կլինի ևս 30%, ու կստացվի, որ մնացած հետաքրքրությունների համար կամ ապրելու՝ հագուստ, գիրք, ժամանց, գումար չի մնում։ Մշակութային ծախսերը 1%-ից ցածր են, ինչը մեզ համար առաջնային խնդիր է։ Կարգախոսի պես ասում եմ նորից՝ մարդը չի ծնվել կոշիկ կամ բանջարեղեն սպառելու համար, նա ծնվել է հոգևոր կյանքով ապրելու համար»,- ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահը:

Արմեն Պողոսյանը փոխանցեց նաև, որ հայաստանյան շուկայում գների տատանումների մասին համապարփակ ինֆորմացիա Վիճակագրական կոմիտեում չի կարողացել գտնել, չկան համեմատություններ նախորդ տարիների հետ, սակայն իրենք ունեն իրենց դիտարկումները:

«Մեր դիտարկումներով՝ գները բարձրանում են, բայց համապարփակ պատկեր մենք չենք կարող տալ, դա պետք է անի վիճակագրական ծառայությունը»,- ասաց Պողոսյանը:

Սպառողների ասոցիացիայի նախագահը վստահեցնում է, որ սպանդանոցային պարտադիր մորթն էլ ազդելու է մսի գնի վրա, քանի որ անասուն պահողների համար մի շարք ծախսեր են ավելանում, օրինակ՝ սպանդանոցները հեռու են, և մարդիկ ստիպված են երկար ճանապարհ տեղափոխել անասուններին:

«Սննդի պետական ծառայության պետը հայտարարում է, որ կլինի այսքան սպանդանոց այս մարզում, կլինի, կկառուցվի,  վիրավորական է։ Երբ կլինի, երբ կկառուցվի, այդ ժամանակ էլ կխոսենք, կքննարկենք՝ ինչքանով դա ազդեց մսի գնի վրա»,- ասաց Պողոսյանը։

Նրա պնդմամբ՝ գյուղատնտեսության մեջ ամենակարևոր գործոններից մեկը գնումների ճիշտ կազմակերպումն է: Մարդու աճեցրած բերքը պետք է գան և իր տնից տանեն:

«Դա կա, պարտադիր կարգով: Մեկը գալիս է, ասում՝ կաթը 90 դրամով կընդունեմ։ Իսկ ինչո՞ւ այդ գնով, եթե խանութում կաթի գինը 300 դրամ է։ Այդ մարդը հայտնվեց պարտադրանքի տակ, կա՛մ կտուժի, կա՛մ կկործանվի, կա՛մ կավարտի, այլևս չի պահի և ուրիշ գործով կզբաղվի, կգնա քաղաք: Մրցակցային գնումը չկա»,- ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահը։

Ըստ Արմեն Պողոսյանի՝ գնման ճիշտ ընթացակարգն այն է, որ գնորդը գարնանը գա, գյուղացուն գումարը տա և ասի, որ իր աշնան բերքը գնում է, իսկ գյուղացին այդ գումարը ներդնի իր աշխատանքի մեջ: Սպառողների ասոցիացիայի նախագահի գնահատմամբ՝ կա նաև սեզոնային գյուղմթերքի գնաճ:

«Այդ տարբերությունը ես կգնահատեի 5-10 տոկոս, բայց սա գնահատական է, ոչ թե ստույգ հետազոտության արդյունք, գնի բարձրացում կա: Առաջին պատճառն արտահանման նվազումն է, պահանջարկի նվազումը»,- ասաց Պողոսյանը:

Վերջինի գնահատմամբ՝ գնաճ կա նաև գրենական պիտույքների և պայուսակների շուկայում, իսկ առջևում սեպտեմբերի 1-ն է:

«Ես ինքս գնել եմ պայուսակ 8500 դրամ արժողությամբ: Անցյալ տարվա համեմատ՝ որոշակի բարձրացել է գինը»,- ասաց Պողոսյանը:

Նա նաև հիշեց, որ մեր երկրի ղեկավարը վերջերս հայտարարել է, որ կլիներ տնտեսության թռիչքային աճ, սակայն կորոնավիրուսը խանգարեց։

«Եթե թռիչքային զարգացում լիներ, մենք կտեսնեինք դրա ազդեցությունն ապրանքների, գների վրա, մեր եկամուտների, նպաստների, թոշակների վրա: Մինչև կորոնավիրուսը և՛ արտահանումն է աճել, և՛ ներկրումը։ Եթե երկուսն էլ աճել են, կարծես թե դրական զարգացում է գնում, բայց արտահանումն աճել է 11%-ով, իսկ ներմուծումը՝ 14%-ով։ Այսինքն՝ տարբերությունն ի վնաս մեզ է, դա նվաճում չէ, եթե հակառակը լիներ՝ մենք բավարարված կլինեինք:  Ստացվում է, որ մենք կերակրում ենք Թուրքիայում կամ որևէ այլ երկրում աշխատող բանվորներին, եթե մեր գումարի մի մասը գնում է այնտեղ, որտեղից ստանում ենք այդ բարիքները՝ լինի հագուստ թե սննդամթերք»,- ասաց Արմեն Պողոսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս