Բաժիններ՝

«Գնդակը ռուսական դաշտում է». Ավագ Հարությունյանը՝ գինեգործության, կոնյակագործության խնդիրների մասին

Օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ կառավարության 24-րդ միջոցառումը վերաբերում է գյուղոլորտի աջակցության ծրագրերին՝ առանձնահատուկ շեշտադրմամբ, քանի որ թիրախավորել է հատկապես խաղողի մթերման ժամանակահատվածը:

Նախարարը պարզաբանել է՝ չնայած աջակցությունն ուղղված է գինեգործությամբ և կոնյակագործությամբ զբաղվող կազմակերպություններին, սակայն աջակցության առանձնահատուկ պայմանը հետևյալն է՝ գումարները ստանում են ոչ թե կազմակերպությունները, այլ իրենց բանկային հաշիվներին՝ գյուղացիական տնտեսությունները, որոնք խաղող են վաճառել մթերող կազմակերպություններին:

«Այսինքն՝ յուրաքանչյուր վաճառքի դեպքում, որպեսզի կազմակերպությունն իր ֆինանսական վիճակի պատճառով չուշացնի վճարումները, կառավարությունն անտոկոս վարկային միջոցներ է հատկացնում, իսկ կազմակերպությունը երկու տարիների ընթացքում վերադարձնում է կառավարությանն այդ վարկային միջոցները»,- հավելել էր նախարարը:

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել էր նաև այս մոտեցման պատճառները. «Այս տարին տարբերվում է նախորդ տարիներից նրանով, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով գինի և կոնյակ արտադրող և վաճառող կազմակերպությունները թե՛ ներքին, և թե՛ արտահանման շուկաներում ունեն վաճառքների ծավալների զգալի կրճատում: Կազմակերպությունների մոտ թվերը տարբեր են, բայց ընդհանրական է այն, որ այդ վաճառքները կրճատված են ավելի քան 30 տոկոսով: Դրանք մասնավորապես կրճատված են այն պատճառով, որ տևական ժամանակահատվածում կամ չի գործել, կամ (ոչ միայն ՀՀ-ում է այդպես, այլ նաև այն շուկաներում, որտեղ մենք սովորաբար վաճառում ենք) հանրային սննդի գործունեությունն իր բնականոն ծավալներով տեղի չի ունեցել»:

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը նշեց, որ նախորդող տարիներին անտոկոս վարկային միջոցները տրվում էին միայն մեկ տարով, և այժմ իրենց խնդրանքով ժամկետը երկարաձգվել է.

«Քանի որ այս տարի իրացում չկա, մենք չէինք կարող մեկ տարով վերցնել, որովհետև դա չէինք կարող վերադարձնել, դրա համար խնդրեցինք՝ երկու տարի լինի, արտոնյալ ժամկետն էլ՝ կես տարի, որ կարողանանք իրացնել մեկ տարի ուշացումով: Այսինքն՝ կորոնավիրուսը մեր ողջ պլանները մեկ տարի հետաձգեց»:

Ավագ Հարությունյանը հավելեց, որ այս տարի իրացրել են արտադրանքի միայն 40 տոկոսը, ինչի պատճառով մթերվող բերքի ընդամենը 40 տոկոսը կգնա բարձրորակ արտադրանքի ստեղծմանը, իսկ մնացածը՝ ցածրարժեք արտադրանքի կամ սպիրտի համար. «Սա նշանակում է, որ կգնվի ավելի ցածր արժեքով խաղող, քան անցյալ տարի»:

Մեր զրուցակիցը համոզված է՝ կառավարության որոշումն այս պահին միակն էր, ինչը կարելի էր անել, որովհետև գնդակը ռուսական դաշտում է, և ռուսական շուկայի վարած քաղաքականությունից է կախված հետագան:

Գինու ազգային կենտրոնի նախագահը հիշեցրեց՝ Հայաստանը 70 տոկոսով ռուսական շուկայում է աշխատում, իսկ մնացած 30 տոկոսի մեջ հայաստանյան սպառումն է (հիմնականում՝ տուրիստները) և արտահանումը՝ Եվրոպա, ԱՄՆ, Չինաստան: Նա նաև ռուսական շուկայի հետ կապված մի քանի խնդիրներ մատնանշեց.

«Ռուսաստանը միակողմանիորեն փոխում է խաղի կանոնները. մինչև հիմա մենք աշխատում էինք ռուսական օրենսդրությամբ, ռուսական գոստերով, որովհետև դրանք չէին հակասում մեր օրենսդրությանը, մեր գոստերին և տեխնիկական այն ռեգլամենտներին, որոնք Եվրասիական միությունն ուներ:

Բայց մշակվել է մի հիմնական տեխնիկական ռեգլամենտ, որով ալկոհոլային խմիչքները պետք է արտադրվեն և վաճառվեն ԵԱՏՄ տարածքում: Երբ մենք սա մշակում էինք (4 տարի մշակեցինք), հիմնվում էինք երկու հիմնադրույթների վրա` առաջինը՝ մենք պետք է պահենք մեր պատմական անցյալը, այն մշակութային մոտեցումները, որոնց վրա հիմնվել է մեր արտադրությունը, և միաժամանակ՝ դա պետք է ներդաշնակ լինի Եվրամիության օրենսդրությանը:

Սա պետք է ուժի մեջ մտներ եկող տարի հունվարի 9-ից, սակայն Ռուսաստանը մշակեց իր ազգային օրենսդրությունը նորովի, որտեղ ԵԱՏՄ անդամ մի քանի երկրների համար, այդ թվում՝ մեզ համար, կային անընդունելի դրույթներ»:

Հարցին՝ որո՞նք են այդ դրույթները, նա նկատեց. «Օրինակ՝ սահմանումներ կան, որ մրգային գինիներն արգելում են ռուսական շուկայում վաճառել, մեր թանկ գինիներն արգելում են ռուսական շուկայում վաճառել»:

Ա. Հարությունյանը հավելեց, որ ռուսական նոր օրենսդրությամբ միջազգային պայմանագրերը, այդ թվում՝ ԵԱՏՄ պայմանագրերը, ստորադասվում են ռուսական Սահմանադրությանը. «Մենք սրա հետ կարող էինք համակերպվել՝ հաշվի առնելով, որ հունվարի 9-ից ուժի մեջ կմտներ մշակված տեխռեգլամենտը, որը կվերացներ առկա բոլոր հակասությունները, և բոլորս կխաղայինք նույն կանոններով, սակայն ՌԴ-ն փորձում է ոչ միայն իր օրենսդրությունը փոխել, այլ այնպես անել, որ ԵԱՏՄ-ի տեխնիկական ռեեգլամենտը, որը մշակել ենք բոլորս միասին 4 տարի, ուժի մեջ մտնի ոչ թե 2021 թվականի հունվարի 9-ից, այլ՝ 2023 թվականի»:

Ի՞նչ եք պատրաստվում անել. այս հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ ստեղծվել է դժվար իրավիճակ, և պետք է փորձել այդ հարցը կառավարության մակարդակով բարձրացնել ԵԱՏՄ հանձնաժողովներում: Ավագ Հարությունյանը տեղեկացրեց, որ եկող շաբաթ խնդրով պաշտոնապես կդիմի կառավարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս