Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր, բայց կար քաղաքապետի որոշում. Դավիթ Խաժակյան
Ցավով եմ արձանագրում, որ երկու տարիների ընթացքում քաղաքաշինության հետ կապված համակարգաստեղծ գործունեություն չի իրականացվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարությանն առ այն, թե Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասել է, որ երկու տարի է պաշտոնավարելու: Դավիթ Խաժակյանը Արթուր Մեսչյանի գործունեության հետ կապված մի քանի դրավագներ ներկայացրեց, հիշեց նաև Մեսչյանի երգերից մեկի խոսքերը՝ «Ես հեռանում եմ ամենից, ամեն տեսակ սուտ խաղերից… բարով մնաք…»:
Ըստ նրա՝ քաղաքաշինության, շինթույլտվությունների վերաբերյալ խնդիրներն ամեն օր բնակիչների համար դառնում են գլխացավանք:
«Հիմա շատերը Մաշտոցի պուրակն են նկատել, բայց ես կրկնում եմ՝ այդպիսի օրինակները բազմաթիվ են քաղաքով մեկ և ցավալի է, որ պարոն Մեսչյանն առնվազն որոշակի դերակատարում է ունեցել այս գործընթացներում: Թե որքանով է այդտեղ խանգարող եղել քաղաքական իշխանության հանգամանքը, կդժվարանամ ասել, բայց իր դերակատարումը որպես գլխավոր ճարտարապետի բնականաբար մեծ է եղել : Ես անգամ չեմ ուզում խոսել մետրոյի կայարանի մասին, ճոպանուղու մասին»,-նշեց Դավիթ Խաժակյանը:
Խաժակյանը նշեց, որ երբ իրենք զգուշացնում էին, որ իրատեսական ուղի չեն մատնանշում ծրագրերի իրականացման համար, իրենց ասում էին, որ «չուզողություն» են անում: Դավիթ Խաժակյանն ասաց, որ Մեսչյանի նկատմամբ խորին հարգանք ունի։
«Մեսչյանը պետք է դառնար այն լուսավոր օղակը քաղաքապետարանում, որը մարդկանց հույսը պետք է արդարացներ, ինչը, ցավով եմ արձանագրում, երկու տարի անց չկա և գուցե չկա, որովհետև իր համար հնարավոր չեղավ արդյունավետ աշխատանք կազմակերպել այս քաղաքային իշխանությունների, քաղաքապետի հետ: Համոզված եմ՝ շատ դեպքերում այն, ինչն իր համար ընդունելի չէր, նա դրա տակ ստորագրում էր, քանի որ կար քաղաքական որոշում քաղաքապետի կողմից»,-ասաց նա:
Մանրմասները՝ տեսանյութում
«Ես հեռանում եմ ամենից, ամեն տեսակ սուտ խաղերից… բարով մնաք…»
Gepostet von Davit Khazhakyan / Դավիթ Խաժակյան am Dienstag, 4. August 2020