Տխուր ուղեցույց ընտրողների համար
Ինչպես խորհրդարանական ընտրություններին կուսակցությունները մինչև վերջին րոպեն գաղտնի էին պահում իրենց համամասնական ցուցակները, այնպես էլ հիմա` նախագահական ընտրություններից առաջ, նույն կոնսպիրացիան է: Միակ կուսակցությունը, որ, կարելի է ասել, ափիդ մեջ է, իշխող կուսակցությունն է: Այնտեղ հավաքված են կանխատեսելի վարքով և նախանձելի հնազանդության մարդիկ: ՀՀԿ-ն այսօր կարելի է համարել մեկ հեռախոսազանգի կուսակցություն: Եվ ոչ մի ինքնագործունեություն: Հետևաբար, այս կուսակցության հարցում ամեն ինչ նույնքան պարզ է, որքան Գալուստ Սահակյանի մտքերը:
Մեր երկրի քաղաքական առանձնահատկությունն այն է, որ այսօր կա մեկ իշխող կուսակցություն և բազում ընդդիմադիրներ: Եթե ընտրողի համար ակնհայտ է` պետք է քվեաթերթիկում ջնջի գործող իշխանության թեկնածուին, ապա լրիվ մութ անտառ է ընդդիմադիր դաշտը:
ՀՅԴ-ն ընդդիմադի՞ր է: ԱԺ-ում Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցում չմասնակցեց քվեարկությանը, սուր ելույթ ունեցավ` ընդդեմ գործող իշխանության: 2008-ի Մարտի մեկից հետո, սակայն, կողմ քվեարկեց ընդդիմադիր չորս պատգամավորիներին անձեռնմխելիությունից զրկելուն: Կունենա՞ այս կուսակցությունն իր թեկնածուն նախագահական ընտրություններին: Վատ չէր լինի:
Ի վերջո, ավանդույթներ, գաղափար ունեցող միակ կուսակցությունն է, ուր չկա խիստ ընդգծված կուռք-լիդեր: Եվ շատ-շատերն իրենց ձայնը կտան այս կուսակցության թեկնածուին, հատկապես, եթե այդ թեկնածուն լինի Վահան Հովհաննիսյանը: Սակայն նա արդե՛ն մեկ անգամ առաջադրվել էր` ընդդեմ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի: Ընտրություններն անցան կեղծիքներով, սակայն ՀՅԴ-ն, այդուհանդերձ, շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին: Վահան Հովհաննիսյանը նեղացավ և հրաժարվեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, սակայն Մարտի 1-ից հետո, թող որ կարճ ժամանակով, սակայն ՀՅԴ-ն մտավ իշխանական կոալիցիա:
«Ժառանգություն»: Այս կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, արդեն ակնհայտ է` մասնակցելու է 2013-ի փետրվարի նախագահական ընտրություններին: Հենց «նախագահական ընտրություններին ընդառաջ» ձևակերպմամբ էլ նա վայր դրեց պատգամավորական մանդատը: Այս կուսակցությանն ընդդիմադիր ՀԱԿ-ը համարում է «ական»` ընդդիմության դաշտում: «Ժառանգությունը» պատասխանում է նույն սիրալիրությամբ` «Ականը դու ես»: «Ժառանգությունը», այդուհանդերձ, 2008 թվականի Մարտի 1-ից հետո իրեն շատ արժանավայել պահեց. Մարտի 1-ին մինչև վերջ հրապարակում մնաց, իսկ դրանից հետո պայքարեց քաղբանտարկյալների ազատության համար և ընդդեմ գործող իշխանությունների ապօրինությունների:
Այս կուսակցության առաջնորդի պահվածքը շատ հաճախ ադեկվատ չէ. գործողությունն ու գործողության հետապնդած նպատակը հաճախ իրար չեն հանդիպում (հացադուլը, երկրի նախագահին ուղղվող նամակները), սակայն դժվար է թերագնահատել նրան և չնկատել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է համարվել ՀՀ նախագահի ֆավորիտ-թեկնածուներից մեկը:
Իշխանություններին առաջարկած երկխոսությունը, ապա ԲՀԿ-ի հետ (թող որ ընդդեմ գործող իշխանությունների) համագործակցելու ցանկությունն ակնհայտորեն պակասեցրին Հայ ազգային կոնգրեսի համակիրների մեծ բանակը: Ո՞ւմ կառաջադրի` որպես նախագահի թեկնածու, ՀԱԿ-ը: Լևոն Տեր-Պետրոսյան: Այս մեկ անունն է, որ թե՛ ՀԱԿ-ում, թե՛ հասարակության շրջանում կընկալվի` առանց կտրուկ շարժումների: Սակայն տրվում է ևս մեկ հնարավոր հավակնորդի` Հրանտ Բագրատյանի անունը: Բարձր որակավորման այս տնտեսագետը հասցրել է իր տնտեսական վերլուծություններով և իշխանություններին ուղղված սուր գնահատականներով վայելել ո՛չ միայն ՀԱԿ ներկայացուցիչների համակրանքը: Սակայն նա ունի մեկ տեսանելի «թերություն». մեկ անգամ արդեն ՀՀ վարչապետ է եղել: Եվ հետո, նրա գնահատականները, որքան էլ հիմնավոր լինեն, կտրուկ են, ինչն էլ ստիպում է մտածել, որ նա ոչ այնքան հավասարակշռված գործիչ է: Թեև, խոշոր հաշվով, Տեր-Պետրոսյանից բացի` նա միակ թեկնածուն է, ում առաջադրվելը ժպիտով կամ մտահոգությամբ չի ընդունվի:
ԲՀԿ: Ահարոն Ադիբեկյանին հավատալու որևէ հիմք ընտրողները չունեն: Սակայն տակավին երեկ նա ասաց մեկ նախադասություն, որը ամբողջովին բնորոշում է այս կուսակցությունը` «Գագիկ Ծառուկայնը սոլո է: Հանեք նրան կուսակցությունից, և կուսակցությունը կքանդվի»: Պարոն Ծառուկյանն ունի մեծ ընտրազանգված: Նրա երկարամյա բարեգործական գործունեությունը, գործող իշխանությունների հանդեպ մեծագույն անվստահությունը, ԲՀԿ առաջնորդի ուժի և ֆինանսական ռեսուրսների հանդեպ հարգանքը շատ ընտրողների են հակել դեպի այս գործիչը:
Սակայն նրա դեպքում ևս կա խնդիր. օբյեկտիվորեն չունենալով քաղաքականության ասպարեզում մեծ հավակնություններ` նա ունի շրջապատ, որն, ի տարբերություն իր առաջնորդի, ունի մեծ հավակնություններ, սակայն փոքր հնարավորություններ և գրեթե զրոյական վարկանիշ: Եվ խարիզմատիկ, ուժեղ և հարուստ այս գործարարին տարբեր կողմերից փորձում են հրել քաղաքականություն. նրան սոսնձված գործիչների միակ հնարավորությունն է` այդկերպ հայտնվել հայաստանյան «խոշոր» քաղաքականության մեջ:
Նախագահական ընտրություններին հայտ ներկայացնելու հնարավորություն ունի նաև «Սարդարապատ» շարժումը (ընդ որում, այս շարժման գրեթե բոլոր ներկայացուցիչները վառ անհատականություններ են), Արամ Զավենի Սարգսյանը: Նախագահ դառնալու իրենց ցանկության մասին հայտնել են նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Տիգրան Կարապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Այլ առաջադրումներ ևս հնարավոր են:
Սակայն իրական հնարավորություններն ու երկրում ինչ-որ բան փոխելու ցանկությունը երկու մեծ տարբերություն են: Ընտրողները նախընտրում են մեծահարուստ, քաղաքակիրթ, գիտելիքների պաշար ունեցող, հարստությունից գլխապտույտի մեջ չընկնող և խարիզմատիկ գործիչների: Հայաստանում այսօր, գուցե սխալվում եմ, սակայն աննախադեպ հաջողություն կունենային ժամանակին որպես ՀՀ վարչապետ աշխատած, այժմ Մեծ Բրիտանիայում բնակվող Արմեն Սարգսյանը, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը: Սակայն Հայաստանը նրանց համար այդչափ հետաքրքիր չէ: Նրանք Հայաստանը չեն սիրում այնքան, որքան Բիձինա Իվանիշվիլին` Վրաստանը: Եվ մեզ` ընտրողներիս, բախտ չի վիճակվի այս անգամ էլ ՀՀ նախագահի ցուցակում տեսնել վառ, կյանքում իրենց գիտելիքով, կրթությամբ, ժամանակակից աշխարհին ադեկվատ և ոչ ձանձրալի թեկնածուներ:
Իսկ այս դեպքում, ինչպես հայտնի է, ամենից անկեղծ քվեարկում են ցուցակի վերջին «թեկնածուի» օգտին: Իսկ այնտեղ գրված է` «դեմ եմ բոլորին»: