«Ցինիկ բաներ է անում. այդ տարիքում կինոաստղ չեն դառնում»․ Վանաձորի քաղաքապետը՝ Լոռու մարզպետի մասին
«Վանաձորի համայնքապետի անսկզբունքայնության, անկարողության ու ամենաթողության պատճառով ինքս ձեռնամուխ եղա ապօրինաշինության վերացմանը՝ այն տեղափոխելով համայնքապետարանի բակ՝ այդպիսով «հեշտացնելով» համայնքապետի աշխատանքը». ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և կից լուսանկարներ հրապարակել:
Մարզպետն իր գրառմամբ նաև մատնանշել է Վանաձոր քաղաքում առկա բացթողումները, որոնք դուրս են մնացել համայնքի ղեկավարի ուշադրությունից.
«Հույս կա, որ քաղաքի տարբեր հատվածների ապօրինաշինությունները չնկատող համայնքապետը կնկատի իր աշխատավայրի մուտքի դիմաց տեղադրված կարկասն ու համապատասխան քայլեր կձեռնարկի: Շնորհակալություն ոստիկանության և ԱԻՆ մեր աշխատակիցներին»:
Նշենք, որ երեկ Վանաձոր քաղաքի փողոցներից մեկում ապօրինի տեղադրված տաղավարը հեռացնելու համար քաղաքապետարանի աշխատակիցները ժամը 20:00-ի սահմանում գնացել են նշված վայր, սակայն իրավիճակը լարվել է, և որպեսզի խուսափեն կոնֆլիկտներից, քաղաքապետարանի աշխատակիցները որոշել են առավոտյան իրականացնել ապօրինի տաղավարի հեռացումը: Ավելի ուշ մարզպետն անձամբ է հրահանգել ոստիկանության և ԱԻՆ-ի աշխատակիցներին, որ տաղավարը հեռացնեն այդ վայրից, ապա հրահանգել է այն տանել և դնել քաղաքապետարանի շենքի առաջ՝ հավանաբար քաղաքապետի ուշադրությունը հրավիրելու նպատակով։
168.am-ը փորձեց կապ հաստատել մարզպետի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:
Մենք կապ հաստատեցինք Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ և խնդրեցինք միջադեպից մանրամասներ պատմել, ինչպես նաև արձագանքել մարզպետի գործողություններին ու ֆեյսբուքյան գրառմանը։
«Այդ մարդու մոտ խնդիրներ կան՝ ինքնադրսևորման, ինքնահաստատման, ինքնակայացման: Իր լիազորությունները թողած, այլ գործառույթներ է իրեն վերագրել, բացահայտ ցինիկ բաներ է անում, որի նպատակը դեռ փորձում ենք տրամաբանության մեջ հասկանալ, բայց տրամաբանության մեջ չի տեղավորվում, որովհետև կարծում եմ՝ մարզպետի պաշտոնը շատ ավելի կարևոր է, քան ինքը պատկերացնում է, իսկ իր կատարած ցանկացած քայլին ես նաև իրավական հետևանք եմ առաջացնելու, անպայման վարչական վարույթ եմ հարուցելու այդ կարկասը քաղաքապետարանի մոտ տեղափոխելու համար: Դեռ պետք է խորհրդակցեմ, հասկանամ, թե արդյոք իր լիազորությունների մե՞ջ է նման գործառույթներ իրականացնելը, թե՞ ոչ: Նման մարդկանց հետ՝ միայն օրենքի դաշտում, որովհետև ինչպես տեսնում եմ՝ մարդկային, սովորական, գործընկերային հարաբերություններն այստեղ սկսում են չաշխատել: Տրամաբանական և այլ օրինաչափություններ կան, որոնց մեջ նաև պաշտոնյաները պետք է իրենք իրենց տեղավորեն և չմտածեն, որ պաշտոնն ինչ-որ հավելյալ բնութագրիչներ է այդ մարդուն տալիս: Մարդը պետք է այդպիսին լինի, պաշտոնով ուղղակի կարողանա իր գործառույթներն ըստ արժանվույն, օրենքին համապատասխան իրականացնի, ոչ թե մտնի ցինիկության դաշտ կամ կինոաստղ դառնա: Այդ տարիքում էլ աստղ չեն դառնում»,- ասաց Վանաձորի քաղաքապետը:
Հարցին, թե վերջերս մարզպետը տարբեր արարքների մեջ քաղաքապետին է մեղադրում, գուցե այդ պաշտոնում այլ թեկնածո՞ւ ունեն, Ասլանյանը պատասխանեց. «Յուրաքանչյուրի մոտ կարող է գայթաղություն առաջանալ, այդ թվում՝ նաև իր մոտ, ես առանց փաստերի չեմ խոսում, դրանք լուրերի, բամբասանքների մակարդակի են, որոնք այս պահին էլ շրջանառվում են, բայց, բնականաբար, ես որոշակի անցած ճանապարհ ունեմ և բամբասանքներով չեմ առաջնորդվում, կարծում եմ՝ առաջիկայում կերևա, թե ինչ նպատակ ունի»:
Անդրադառնալով մարզպետի արարքին՝ ապամոնտաժված կարկասը քաղաքապետարանի շենքի դիմաց տեղափոխելուն, Ասլանյանն ասաց. «Եթե ուզում է ասենք՝ ապրեք, որ այդ բուդկեն քանդել եք, ասենք՝ ապրեք, բայց որ մեծ սխալ է գործել, որ այդ բուդկեն տեղափոխել է քաղաքապետարան, դրա համար ինքը պետք է պատասխան տա, որովհետև դա անհարգալից վերաբերմունք է: Ինքն իմ հանդեպ, որպես անձ, չի կարող, այդքան չկա, որ անհարգալից վերաբերմունք դրսևորի, իսկ որպես պաշտոնյա՝ դա իմ ու իր հոր կամ պապու տունը չէ, որ բերի այդտեղ բան դնի: Դա վանաձորցու տունն է, վանաձորցիները երբեք իրեն չեն ներելու դա»,- եզրափակեց Վանաձորի քաղաքապետը։