«Ո՞վ է դեմ խաղաղասիրությանը, մենք խաղաղություն չե՞նք սիրում՝ սիրում ենք, բայց ի՞նչ է նշանակում՝ ռազմաշունչ երկրի հետ խաղալ պացիֆիզմ՝ միմիայն պարտվողականություն». Աշոտ Մելքոնյան
«Դեռևս վերջնական որոշում չենք կայացրել, սակայն արդեն տեղի է ունեցել տնօրինության նիստ, որի ժամանակ որոշվել է, որ պետք է հրավիրենք Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունն այն խնդրի վրա, որի մասին բարձրաձայնել ենք։ Խնդիրն այն է, որ Լիլիթ Մկրտչյանը, որը «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների չափորոշիչները մշակող փորձագետների թիմի ղեկավարն է, հեղինակել է «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությունը, որտեղ ներկայացված է, թե ինչ չափորոշիչներով պետք է Հայաստանում և Թուրքիայում կազմվեն պատմության գրքերը։ Սա մտահոգիչ չէ՞»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Հարցին՝ ԱԱԾ-ից ի՞նչ ակնկալիքներ ունեն, Աշոտ Մելքոնյանը պատասխանեց, որ կառույցի նկատմամբ միշտ վստահությամբ է լցված եղել, նախորդ տարիներին նախադեպ եղել է, որ ԱԱԾ-ն ցույց է տվել անաչառություն։
«Երբ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ հանդես էի գալիս այդ օրվա իշխանությունների դեմ՝ որպես Պատմության ինստիտուտի տնօրեն, պատկերացրեք, որ ԱԱԾ-ն պաշտպանեց ինձ, քանի որ համաձայն էր, որ հայ-թուրքական արձանագրությունները պրոհայկական բովանդակություն չունեն։ Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի։ Այնպես որ, կարծում եմ՝ քանի որ այստեղ պետականության խնդիր կա, այդ ծառայությունը միշտ իր բարձրության վրա պետք է լինի, որպես պետականակերտ կարևոր մարմին։ Խորհրդային տարիներին ԱԱԾ-ին զանազան անուններ են դրել՝ որպես բռնությունների միջոց, բայց դրանից հետո այդ կառույցը միշտ էլ պետականության կողքին է եղել»,- շեշտեց Աշոտ Մելքոնյանը։
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ, եթե «Հայ գրականություն» կամ «Հայոց պատմություն» առարկաների մեջ չկա «հայ» կամ «հայրենասիրություն» բառը, ապա դա չի նշանակում, որ երեխաներին վատ են կրթելու, պատմաբանը հարց բարձրացրեց՝ արդեն «հայրենասիրություն» բառը մարդկանց բառապաշարից դո՞ւրս է եկել, և հայրենասիրությունը, պատրիոտիզմը, որն ամբողջ աշխարհում գոյություն ունի, արդեն բացասական բովանդակությո՞ւն է իր մեջ պարունակում, որ մեկ-երկու տեղ գոնե չի հիշատակվել։
«Մեկ-երկու տեղ նշվում է՝ ազգային ինքնություն, բայց այդ նույն տրամաբանությամբ կարող էին այդ բառն էլ հանել, մենք ենթատեքստով հասկանայինք, որ այդ ամենը այդուամենայնիվ կա։ Բայց երբ խոսում են ֆեմինիզմի կարևորության մասին, չպետք է մոռանան, որ մենք պատրիարխալ հասարակություն ենք, որի մեջ որևէ բացասական բան չկա, և սա բոլորովին էլ չի ենթադրում կնոջ դերի նսեմացում։ Հայ ընտանիքում կնոջ դերը միշտ էլ ծանրակշիռ է եղել՝ երեխայի դաստիարակություն, ընտանիքի հենարան, այս ամբողջը կապվում է հայ կնոջ հետ։
Հայ ազգային-ազատագրական պայքարի մեջ հայ կինն այնքան վճռական դեր է ունեցել, որ այդ ինչպե՞ս եղավ, որ մենք անտեսել ենք կնոջ դերը, և ֆեմինիզմը հանկարծ դարձավ կարևոր բան։ Պատմաբան Էդիկ Մինասյանը երկու գիրք է գրել «Հայ կանայք, հայ ազգային-ազատագրական շարժման մեջ», եթե ֆեմինիզմի բացակայության մասին են խոսում, թող ասեին՝ պարոն Մինասյան, այդ երկու հատոր գիրքը ներառեք նաև դպրոցական դասագրքերի մեջ։ Բայց այսօր այնպիսի մարդիկ են գրում կրթության չափորոշիչները, որոնք այդ խնդրով երբևէ չեն զբաղվել։ Տարօրինակ է, չէ՞»,- հավելեց Աշոտ Մելքոնյանը։
Թե ինչո՞ւ կրթության չափորոշիչները մշակող փորձագիտական թիմում չեն ներառել Պատմության ինստիտուտի տնօրենին, կամ գոնե փարձագիտական կարծիք հարցնեին, Աշոտ Մելքոնյանն ասաց, որ Պատմության ինստիտուտից երիտասարդ սերունդը պետք է մասնակցեր նոր չափորոշիչները կազմելուն, ինստիտուտից Լիլիթ Հովհաննիսյանը, որ նշված խնդիրներով երկար տարիներ զբաղվել է, հայտ էր ներկայացրել, որը մերժել էին, թե ինչ պատճառաբանությամբ՝ պարզ չէ։
«Առհասարակ ուրիշ մարդիկ էլ, որոնք ցանկություն են ունեցել ընդգրկվելու փորձագիտական խմբում՝ նրանց հայտերը ևս մերժվել է։ Նախապատվություն են տվել այն մարդկանց, որոնք 2017 թվականից, գուցե ավելի վաղ՝ սկսել են ֆեմինիզմի, ժողովուրդների բարեկամության, խաղաղության, խաղաղասիրության ոգով խոսել։ Ո՞վ է դեմ խաղաղասիրությանը, մենք խաղաղություն չե՞նք սիրում՝ սիրում ենք, բայց երբ մեր ռազմաշունչ հարևանն այսօր չի էլ ճանաչում Արևելյան Հայաստանի գոյությունը և այն համարում է Արևմտյան Ադրբեջան, ի՞նչ է նշանակում՝ այդ երկրի հետ խաղալ պացիֆիզմ՝ միմիայն պարտվողականություն։ Մենք, լինելով 3 մլն, 8-10 միլիոնանոց Ադրբեջանի հետ պայքարում հաղթանակ ենք արձանագրել, գաղտնիքը ո՞րն է․ գաղտնիքը հենց կրթական համակարգի, դաստիարակության, ազգային ինքնության ձևավորման մեջ էր»,- ընդգծեց Աշոտ Մեքոնյանը։
Նա միաժամանակ նշեց, որ դեմ չեն բարեփոխումներին, սակայն մինչև դրանք չքննարկվեն, հանրային հավանության չարժանանան՝ խիստ կասկածում է, որ դրանց կիրառությունը կարող է օգտակար լինել։