«Այն օրը, երբ ռուսական զորամասերը լքեն Հայաստանը, Երևանում ման են գալու ենիչերիները. դա միշտ պետք է հիշել». Գագիկ Հարությունյան

Հուլիսի 29-ից Թուրքիան և Ադրբեջանը համատեղ լայնածավալ պլանային զորավարժություններ են սկսում Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում, իսկ օգոստոսի 1-5-ը՝ Նախիջևանում: Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ թուրք-ադրբեջանական կողմը մշտապես կարողանում է հոգեբանական, տեղեկատվական ճնշում գործադրել հայ ժողովրդի վրա:

«Սա թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունն  է, և սա առաջ է բերել նաև որոշակի անհանգստություն: Մեզ համար առանձնապես վտանգավոր է նախիջևանյան ուղղությունը, այն կրիտիկական տրանսպորտային նշանակություն ունեցող տարածք է և այն վայրն է, որտեղից կարելի է հրետակոծել նաև Երևանը: Հույս ունենանք, որ Թուրքիան և Ադրբեջանը խելամիտ կլինեն և չեն անցնի ավելի ակտիվ գործողությունների, բայց չեմ բացառում տարբեր տիպի պրովոկացիոն գործողություններ, որոնք ամեն օր են լինում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ուորլիքն առավել մտահոգիչ է համարել այն, որ բախումներն արձանագրվում են երկրների միջև սահմանին, որը հեռու է հակամարտության գոտուց: Գագիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ Ադրբեջանն ինչո՞ւ է պարբերաբար ռազմական գործողությունները տեղափոխում Հայաստանի սահման:

«Արցախին վերաբերող բանակցություններն ինչ-որ մի տեղ փակուղի մտան, և այդ գործում իր մասն ունի նաև հայկական կողմը, որոնք ասացին, որ մինչ այդ մենք չենք ունեցել արտաքին քաղաքականություն, որն արդեն իսկ դիվանագիտական խոշոր սխալ էր: Եվ կարծես թե եղել են ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք չեն կատարվում առ այսօր, որովհետև ինձ մոտ տպավորություն է, որ ողջ հայ ժողովուրդը միահամուռ դեմ դուրս եկավ բոլոր այն տարբերակներին, որոնք մասնավորապես լսեցինք Լավրովից: Սա երևի թե ստիպեց մեր իշխանություններին՝ փոքր-ինչ արգելակել այդ գործընթացը, որից երևի թե վիրավորված զգաց իրեն նաև ադրբեջանական կողմը, որին թվում էր՝ եթե ոչ այսօր, ապա վաղն այդ խնդիրները պետք է լուծվեն: Ինչ-որ չափով սա նրանց բողոքն էր այդ խնդրի վերաբերյալ, որը ձգձգվում էր՝ իրենց կարծիքով, և հույս ունեմ, որ երբեք չի իրագործվելու»,- ի պատասխան՝ ասաց նա՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարում շատացել են հենց ՀՀ սահմանին կատարվող գործողությունները:

Նա ընդգծեց՝ շատ է խոսվում ռուս-թուրքական բարեկամության մասին, բայց ըստ նրա՝ շատ հաշվենկատ համագործակցություն է գնում նրանց մեջ. «Այն, ինչ կատարվում է Սիրիայում, շատ հաշվարկված քայլ է, բայց սա չի փոխում ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք քաղաքակրթական հակասությունների մեջ են. նույն կերպ, ինչպես հայ-թուրքական հարաբերությունները, հույն-թուրքական հարաբերությունները: Ես պատահական չեմ համարում նաև, որ Իրանն այսօր սկսեց իր զորավարժությունները: Բոլորն էլ իրենց շահերն ունեն, քաղաքականությունն առանց շահերի չի լինում, բայց ընդհանուր գաղափարախոսական առումով մենք պետք է ձգտենք այդ առանցքի կայացմանը, որը, առաջին հերթին, մեր անվտանգության երաշխիքն է»:

Նա ընդգծեց. «Ցավոք, Հայաստանն այսօր արտաքին ղեկավարության տակ գտնվող երկիր է: Երբեք շատ անկախ չենք եղել, և դա գրեթե անհնար է: Շատ կարևոր բան է ինքնիշխանությունը, բայց դու չես կարող մեկուսացված ապրել աշխարհից, դու պետք է ինչ-որ զիջումներ անես, բայց տեղն ինչ-որ բան ստանաս: Այն օրը, երբ ռուսական զորամասերը լքեն Հայաստանը, Երևանում ման են գալու ենիչերիները. դա միշտ պետք է հիշել: Չկրկնենք 1920թ. սխալները, երբ մենք զիջեցինք Նախիջևանը, Ղարսն ու Իգդիրը, և սա՝ այն պարագայում, երբ ադրբեջանական կողմը՝ բոլոր այս մուսավաթականները, դարձան բոլշևիկ: Իսկ մենք հույս ունեինք, որ անգլիացիները գալու են՝ Արարատի վրա նստեն և մեզ փրկեն: Ես մեծ հարգանք ունեմ բոլորի նկատմամբ, բայց անվտանգությունը բարձրագույն նպատակ է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս