«Սա պատեհ հնարավորություն է՝ ստեղծելու Հայաստան-Ռուսաստան-Իրան եռակողմ դաշինք և այդ դաշինքին հաղորդելու հակաթուրքական բնույթ». Իրանագետ

Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվելու են  թուրք-ադրբեջանական համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ:

Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են  զրահատեխնիկա, հրետանային համակարգ, ականանետ, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, մասնակցելու են  երկու երկրների զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտութան ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով այս զորավարժություններին՝ նշեց, որ առաջին հերթին՝  այդ նետերն ուղղված են Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ, թե՛ նախիջևանյան հատվածում, թե՛, իրանագետի բնորոշմամբ, Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման այլ շրջաններում։

«Իրականության մեջ ակնհայտ է, որ թուրքական ակտիվությունը թե՛ մայրցամաքային Ադրբեջանում, թե՛ Նախիջևանի հատվածում միտված է նաև Հարավային Կովկասում սեփական դիրքերի ամրապնդմանը, հատկապես Նախիջևանում։ Այս ամենը, բնականաբար, հակասում է՝ ինչպես ռուսական շահերին այս տարածաշրջանում, այնպես էլ՝ իրանական շահերին։ Հետևաբար՝ պետք է ասել, որ նման զորավարժություններով միտում կա ազդելու թե՛ հայկական կողմերի, թե՛ նաև որոշակիորեն՝ ռուսական ու իրանական կողմերի վրա։ Սա պատեհ հնարավորություն է ստեղծում նաև Հայաստանի համար՝ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ Հարավային Կովկասում և հատկապես Նախիջևանում Թուրքիայի ամրապնդման առումով՝ ստեղծելու Հայաստան-Ռուսաստան-Իրան եռակողմ դաշինք և այդ դաշինքին հաղորդելու հակաթուրքական բնույթ»,- ասաց Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ թուրքական կողմը Հարավային Կովկասում ունի հեռագնա ծրագրեր, և այդ ծրագրերի ուղղորդիչը Ադրբեջանն է, հետևաբար՝ որքան թուրքական գործողություններն են թշնամական Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի հանդեպ, նույնքան էլ՝ ադրբեջանական գործողությունները։

Նա նաև ընդգծեց, որ, եթե այս պահին Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի կողմից դաշինք ստեղծելու քայլեր չկան, ապա նման քայլեր պետք է անպայմանորեն սկսել։

«Հայաստանը երկկողմ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ՝ դրանք անվտանգային դաշնակցային հարաբերություններ են։ Հայաստանը նույնանման հարաբերություններ ունի Իրանի հետ, որոնք ձգտում են ռազմավարականի, նաև մեր երկիրը ներգրավված է ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ ռազմաքաղաքական, իսկ ԵԱՏՄ-ում՝ քաղաքական իմաստով։ Հետևաբար՝ այս ամբողջ ներգրավվածության ֆոնի վրա, չեմ կարծում, թե լրացուցիչ դժվարություններ կլինեն իմ նշած եռակողմ համագործակցությունը ձևավորելու։ Պարտադիր չէ, որ այդ ամենն իրավական ձևաչափով ամրակայվի՝ որպես դաշինք, իրավականը՝ մի կողմ, կարելի է գործնական տիրույթում իրականացնել այդ դաշինքը, որը բխում է բոլոր կողմերի շահերից անխտիր։ Հակառակ պարագայում, չնայած Թուրքիան հայտնի է՝ որպես ավելի շատ հռետորաբանությամբ, քան գործողություններով, բայց ակնհայտ է, որ հատկապես Էրդողանի վարչակարգը փորձում է իր պետության ազդեցությունը զգալիորեն մեծացնել ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Հարավային Կովկասում, և որևէ առիթ բաց չի թողնում այդ գործողություններն իրականացնելու համար»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Նա նաև ընդգծեց, որ թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը Թուրքիայի հետ ունեն հարաբերություներ, որոնք, մեղմ ասած, սահուն չեն, սակայն որոշակի հատվածներում կողմերն ունեն ընդհանուր շահեր, որոնք կարճաժամկետ շահեր են։ Այդուհանդերձ, այդ շահերը ևս ազդում են գործընթացների վրա, մասնավորապես՝ պատժամիջոցների տակ գտնվող Իրանը որոշակիորեն օգտագործում է թուրքական ուղին՝ պատժամիջոցները շրջանցելու համար։ Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը՝ հաշվի առնելով Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները, նույնպես ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունների որոշակի ֆոն պահպանել։ Առավել ևս, որ այդ երեք պետությունները ներգրավված են սիրիական հակամարտության գործընթացում։

«Կարծում եմ՝ Հայաստանն ավելի ակտիվ պետք է լինի և որոշակի խնդիրներում կարող է հանդես գալ՝ որպես այլընտրանք թուրքական կողմին՝ դիցուք, Իրանի համար, երբ վերջինը գտնվում է պատժամիջոցների տակ։ Կամ հաշվի առնելով այն ստրատեգիական կարևորությունը, որն ունի  Հայաստանը Ռուսաստանի շահերի տեսանկյունից, ըստ էության մենք Ռուսաստանի միակ դաշնակիցն ենք այս տարածաշրջանում։ Սա պետք է օգտագործվի հանուն երկու պետությունների հարաբերությունների է՛լ ավելի ամրապնդման՝ փորձելով դիմակայել թուրքական ծավալապաշտությանը։ Այդ ծավալապաշտությունը դրսևորվում է  թե՛ հռետորաբանական, թե՛ արդեն իսկ գործողությունների մակարդակով, և դա աննախադեպ է։ Տավուշյան դեպքերի ընթացքում Թուրքիայի ակտիվությունը աննախադեպ էր, ինչը մեզ ստիպում է մտածելու լրացուցիչ գործողությունների առումով, որպեսզի չեզոքացվի մեզ համար ակնհայտ թշնամական դիրքորոշում ունեցող պետության գործողությունների ողջ տիրույթը»,- շեշտեց իրանագետը։

Վարդան Ոսկանյանը ընդգծեց մեկ կարևոր հանգամանք ևս՝ բացի պետությունների միջև դաշինքների ձևավորումից, կա հնարավորություն որոշակի աշխատանքներ կատարել նաև Թուրքիայի ներսում զանազան էթնիկական խմբերի հետ։ Մասնավորապես՝ խոսքը քրդերի, ալևիների և զազաների մասին է։ Նրա կարծիքով՝ սա նուրբ աշխատանք է, որով պետք է զբաղվել, ինչը կարող է լինել շատ արգասաբեր։շ

Տեսանյութեր

Լրահոս