«ՀՀ ԶՈՒ-ն այնպիսի պատասխան տվեց, որ ոչ ոք չէր սպասում». Փաշինյանը խիստ քննադատել է Ալիևի ռազմատենչ հայտարարություններն ու ագրեսիվ քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում քննադատել է Ադրբեջանի ղեկավարության` հուլիսի 12-ին նախորդած և վերջին տարիներին առկա ագրեսիվ հռետորաբանությունը:

Լրագրողի այն հարցին, թե ում էր ձեռնտու վերջին լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, ՀՀ վարչապետն ասել է. «Մենք պետք է հետևություններ անենք փաստերից: Երկար տարիների ընթացքում, նաև վերջին ամիսների, նույնիսկ շաբաթների ընթացքում Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը շարունակում էր աճել: Դեպքերից բառացիորեն մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ նախագահ Ալիևի բավականին կոշտ հարցազրույցը, որի ընթացքում նա սպառնաց, որ դուրս կգա բանակցային գործընթացից: Նա ասում էր, որ այսօր միջազգային հարաբերություններում գլխավոր շեշտը դրվում է ուժի վրա, այսինքն՝ ուժային արտաքին քաղաքականությունը միակ ուղին է հարցեր լուծելու, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու համար»:

ՀՀ վարչապետը բացատրել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի փոխարեն Տավուշի մարզի վրա հարձակվելը կապված է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում տեղադրված սարքերի հետ, որոնք ֆիքսում են ադրբեջանական բանակի ցանկացած տեղաշարժ:

«Ադրբեջանի ղեկավարը երկար տարիների ընթացքում իր բնակչությանը վստահեցնում էր, որ կլուծի Լեռնային Ղարաբաղի հարցը զինված հարձակման միջոցով: Ադրբեջանի կառավարությունը վերջին 10 տարիների ընթացքում ծախսել է մի քանի միլիարդ դոլար Ադրբեջանի զինված ուժերի զարգացման նպատակով: Եվ ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի առաջնորդը ստիպված է լինում բացատրել սեփական ժողովրդին, թե ինչու այն գումարները, որոնք չեն ծախսվել Ադրբեջանի քաղաքացիների բարեկեցության համար, որևէ արդյունք չեն տալիս: Դեպքերից մեկ շաբաթ առաջ պաշտոնական բացատրություն եղավ, որտեղ նրանք ասացին. «Մենք հիմա չենք կարող հարձակվել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, քանի որ Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ-ն շփման գծում տեսանկարահանող համակարգեր է տեղադրել, և Ադրբեջանի զորքերի ցանկացած շարժ տեսանելի կլինի Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի համար»:

Կա նաև երկրորդ գործոնը. շփման գծում կան շատ ադրբեջանական բնակավայրեր, և հիմա բավականին դժվար է հարձակում սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Այսինքն՝ նրանք հարձակվեցին այնտեղ, որտեղ, օրինակ, սահմանն այնքան էլ համալրված չէ տեսանկարահանող սարքերով, և, ի դեպ, այդ ուղղությամբ կա միայն մեկ ադրբեջանական գյուղ, իսկ հայկական գյուղերն այնտեղ շատ են:

«Դա էլ բացատրում է, թե ինչու է հարձակումը հենց այդ ուղղությամբ եղել: Դա բացատրություն է հստակ մի էպիզոդի համար, բայց ես ինչպես արդեն ասացի, 15 տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարը զարգացնում է ռազմատենչ հռետորաբանության գիծը, որ իբր այս հարցը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը, մենք պատրաստվում ենք լուծել ուժային ճանապարհով: Ես մի քանի անգամ՝ և՛ հրապարակայնորեն, և՛ աշխատանքային միջավայրում խորհուրդ եմ տվել Ադրբեջանի նախագահին մեզ հետ չխոսել սպառնալիքի լեզվով, քանի որ դա ոչ մի արդյունք չի տա: Ընդհանրապես նրա քաղաքականության գիծն այսպիսին էր. Ադրբեջանն ուժեղ բանակ ունի և երբ պետք լինի, 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի բանակն իբր կլուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այսպիսի լեգենդ նրանք կառուցել են 15 տարվա ընթացքում: Եվ ինչո՞ւ են նրանք այդքան նյարդայնացած արձագանքում այս իրադարձություններին: Քանի որ այդ լեգենդը փշրվեց: Փշրվեց ամբողջապես: Ինչո՞ւ փշրվեց: Որովհետև Հայաստանի զինված ուժերն այնպիսի պատասխան տվեց, որ ոչ ոք չէր սպասում, շատերը նույնիսկ Հայաստանում այդպիսի բան չէին սպասում»,-նշել է ՀՀ վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս