Բաժիններ՝

Դիանա Գալոյանի վարչական բողոքների հիման վրա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը բողոքարկման վարույթներ է հարուցել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հուլիսի 17-ին ավելի քան 3 ժամ տևած նիստի արդյունքում կառավարման խորհրդի 26 անդամից  22-ը փակ գաղտնի քվեարկությամբ իր ձայնը տվեց հօգուտ համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի: Իսկ այդ ընթացքում արդեն հրապարակվել էր ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈԿ) հուլիսի 17-ին ընդունած որոշումը, համաձայն որի՝ անվավեր էր ճանաչվել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը, որտեղ նշված է, որ  հիմք ընդունելով ԲՈԿ-ի ուսումնասիրությունների արդյունքում Ատենախոսության մեջ այլ աղբյուրներից և հեղինակներից առանց համապատասխան հղումների օգտագործված նյութերի, փոխառությունների առկայության բացահայտումը, ինչը հանդիսանում է ՀՀ կառավարության 08.08.1997թ. «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» 11-րդ կետի խախտում, ղեկավարվելով ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ գլուխների պահանջներով:

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մտադիր է առաջիկայում չեղարկել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի որոշումը:

ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից 168.am-ը հետաքրքրվեց՝ ՀՊՏՀ ռեկտորի հետ կապված նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել: Ի պատասխան՝ հայտնեցին.

«Դ. Գալոյանի վարչական բողոքների հիման վրա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հարուցել է բողոքարկման վարույթներ: Բողոքարկվող հրամանների կատարումը կասեցվել է մինչև բողոքների վերաբերյալ ըստ էության որոշումների կայացումը»:

Հավելենք, որ նիստի ընդմիջման ժամանակ Դիանա Գալոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ բողոքարկել է ՀՀ ԲՈԿ-ի վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը, ինչը վարչական վարույթը կասեցնելու հիմք էր:

«Օրենքն ասում է, որ՝ եթե կա վարչական վարույթի ներկայացված վարչական բողոք՝ վերադասության կարգով, ինքն այդ պահին ավտոմատ պետք է ստոպ լինի, կանգ առնի, մինչև կլինեին արդյունքները նախարարության կողմից: Նախարարությունը տեղեկացրել է այդ մասին, ես անձամբ եմ մուտք արել ԲՈԿ»,- ասել է նորընտիր ռեկտորը:

Իրավաբաններից շատերը նշում են, որ վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը վարչական ակտ չէ, ուստի դրա նկատմամբ այս նորմը կիրառելի չէ:

Նշենք նաև, որ ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները դեռ պետք է հաստատվեն հիմնադրի` ՀՀ կառավարության կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս