ԲՈԿ-ը ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու գործընթաց է սկսել
ԲՈԿ-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու գործընթաց է սկսել, մասնավորապես՝ հուլիսի 9-ին հրաման է ստորագրվել՝ Դիանա Գալոյանի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին։ Այսօր էլ այդ հարցով արդեն լսումներ են սկսվել:
«Վարչական վարույթ է, ԲՈԿ-ն է իրականացնում՝ որպես վարչական մարմին: Խնդիրը հենց դրա մեջ էր. ԲՈԿ-ն իրավունք ունի՞ որպես վարչական մարմին՝ վարույթ հարուցի: Փետրվարին ստացանք Արդարադատության նախարարից պարզաբանում, որ կարող ենք, ու ոնց որ` առաջինը սա էր, էլի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը:
Հարցին՝ միայն Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության թեմայո՞վ են լսումներ լինելու, թե՞ այլ աշխատանքների ևս անդրադառնալու են, գործընթացը շարունակական լինելո՞ւ է, ԲՈԿ նախագահը պատասխանեց.
«Կարծում եմ՝ այո: Առաջինը սա էր, նախադեպայինը միշտ ամենաբարդն է, դրանից հետո հեշտ է լինելու»:
Հարցին՝ այս դեպքում նա կարո՞ղ է մասնակցել ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին, Սմբատ Գոգյանը պատասխանեց.
«Չգիտեմ, դա արդեն մեզ հետ կապ չունի: Ես այնտեղ կառավարման խորհրդի անդամ չեմ, չգիտեմ: Բայց չեմ կարծում, որ այսօր մենք որոշում կայացնենք: Աշխատողները դեռ ուսումնասիրում են»:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020թ. հունիսի 5-ի թիվ 700-Ա/2 հրամանով հայտարարվել է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ: Հայտ է ներկայացրել երկու հավակնորդ․
– Գալոյան Դիանա Ռոբերտի- 1980թ․, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր,
– Մարտիրոսյան Տիգրան Սերյոժայի– 1977թ․, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր։
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու 2020 թ. հուլիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ դահլիճում:
Դիանա Գալոյանը տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ստացել է 2015թ.: 2019թ. դեկտեմբերին ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել էր նրա դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողով, որն արձանագրել էր, որ Դիանա Գալոյանի գիտական աշխատանքում առկա են առանց հեղինակների ու աղբյուրների նշման փոխառություններ, ինչն էլ վարույթ սկսելու հիմք է հանդիսացել։