Բաժիններ՝

«Վստահում ենք մեր առյուծ տղաներին՝ ապրում ենք, աշխատում ենք». Գյուղապետերը՝ մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների մասին

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր տեղեկացրել էր, որ հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 220 կրակոց:

«Չինարի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ, Ցղունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ, Զանգակատուն, Չիվա ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 13 անգամ»,- գրել էր նա:

168.am-ը զրուցեց նշված գյուղերի գյուղապետերի հետ՝ պարզելու, թե ինչ իրավիճակ է. նրանք վստահեցրին, որ սահմանային լարվածությունից գյուղերը չեն տուժել:

Արարատի մարզի Զանգակատուն համայնքի ղեկավար Հովիկ Կարապետյանը նշեց. «Մեր գյուղը հակառակորդի կողմից չի դիտարկվում ընդհանրապես, դրանից ելնելով՝ կրակոցներ, որոնք պիտի հասնեն գյուղին՝ բացառվում է»:

Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարն էլ վստահեցրեց՝  Չիվա գյուղը բացարձակապես չի տուժել:

Տավուշի մարզի Բերդ համայնքի կազմում գտնվող Չինարի գյուղի մասին համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը տեղեկացրեց.

«Մարտական դիրքերի ուղղությամբ լարվածություն կա, բայց գյուղերի ուղղությամբ այս պահին նորմալ է»:

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ցղունի համայնքի ղեկավար Գեղամ Օհանյանն էլ հայտնեց. «Մենք հիմա մեր գյուղատնտեսական գործերն ենք անում, գյուղը բնականոն կյանքով է, վստահում ենք մեր առյուծ տղաներին՝ ապրում ենք, աշխատում ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս