Բաժիններ՝

Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքն ընդունվել է Պեկինում

Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն (ԺՆՀԺ ՄԿ) հուլիսի 28-ին ընդունել է Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքը: Այդ մասին հաղորդել է հոնկոնգյան South China Morning Post հրատարակությունը: Հրատարակությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ օրենքը միաձայն ընդունվել է ԺՆՀԺ ՄԿ-ի 162 անդամների կողմից: Օրինագծի քննարկումը, որը ԺՆՀԺ-ի նստաշրջանը ներկայացրել էր մայիսին, կոմիտեի կողմից սկսվել էր հուլիսի 26-ին:

Աղբյուրների տեղեկատվության համաձայն, օրենքը հրապարակվելու է հուլիսի 28-ին, օրվա երկրորդ կեսին՝ «Սինհուա» գործակալության կողմից եւ ուժի մեջ է մտնելու հուլիսի 29-ին: Այդ օրենքը խախտելու համար նախատեսված են տարբեր ժամկետներով բանտարկություն՝ ընդհուպ մինչեւ ցմահ, Twitter-ում գրել է պեկինյան Global Times թերթի գլխավոր խմբագիր Հու Սիցզյանը: Նա այլ մանրամասներ չի ներկայացրել, նշելով, որ հիմնվում է այն մարդկանցից ստացված տեղեկատվության վրա, որոնք ծանոթ են օրենքի տեքստին:

Օրենքը սահմանում է երկրի կենտրոնական կառավարության պարտավորությունները եւ Հոնկոնգի իշխանությունների պատասխանատվությունը հատուկ վարչական շրջանի ազգային անվտանգության ապահովման համար, պատիժ է նախատեսում հանցագործությունների չորս հիմնական տեսակների համար, որոնք են՝ անջատողական գործունեությունը, պետական իշխանությանը վնասելը, ահաբեկչական գործունեությունը, արտասահմանում գտնվող օտարերկրյա պետությունների եւ ուժերի հետ համաձայնության գալը՝ նպատակ ունենալով վնաս հասցնել ազգային անվտանգությանը: Հոնկոնգի վերաբերյալ օրենքն ընդունելու որոշումը Պեկինի հասցեին քննադատության ալիք է առաջացրել ԱՄՆ-ի եւ արեւմտյան երկրների կողմից. Վաշինգտոնն այցագրային սահմանափակումներ է մտցրել Չինաստանի պաշտոնյաների նկատմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս