ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիները ցանկանում են մեքենաներով հատել սահմանը. եթե խնդրին լուծում չտրվի՝ հուլիսի 30-ին գնալու են Բագրատաշենի անցակետ
Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին՝ պահանջելով, որպեսզի իրենց հնարավորություն տրվի մեկնել Ռուսաստան:
Նրանցից շատերը հայեր են, ովքեր Հայաստան էին եկել տարբեր պատճառներով՝ որպես զբոսաշրջիկ, հյուր կամ առողջական ինչ-ինչ խնդիրներից ելնելով, սակայն կորոնավիրուսի պատճառով, երբ սահմանները փակվեցին, նրանց մեծ մասը, ով ժամանել էր մեքենայով՝ խնդրի առջև կանգնեց:
Մարտի 24-ին վրացական կողմի համաձայնությամբ Հայաստանից ՌԴ մեկնեց առաջին խումբը, որը բաղկացած էր 24 հոգուց։ Քանի որ սեփական մեքենաներով են եղել բոլորը, ապա այդ 24 հոգու մեքենաներն իրենց հաշվին տեղափոխվել են Վերին Լարս՝ Վրաստանի ոստիկանության ուղեկցությամբ, իսկ նրանք մեկնել են ավտոբուսով։ Երկրորդ խումբը մեկնել է մարտի 27-ին։ Ապրիլի 29-ին հնարավոր է դարձել Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին ավտոբուսներով Վրաստանի սահմանով տեղափոխել Ռուսաստան։
Հնարավորություն ընձեռվեց նաև մեկնել ինքնաթիռով, պարբերաբար չվերթեր կազմակերպվեցին:
Սակայն, պարզվում է՝ շատերը դեռ գտնվում են Հայաստանում: Նրանք նշում են, որ գրանցվում են տոմս գնելու համար, սակայն պատասխան են ստանում, որ տեղեր այլևս չկան, իսկ ՌԴ դեսպանությունն իրենց հրաժարվում է օգնել:
Ակցիայի մասնակիցները նամակ փոխանցեցին, միաժամանակ նշեցին, որ, եթե իրենց խնդրին լուծում չտրվի՝ հուլիսի 30-ին գնալու են Բագրատաշենի անցակետ:
«Ռուսաստանից փող են ուղարկում, որ մարդիկ ապրեն, շատերը բարեկամների տանն են ապրում, ոմանք՝ վարձով: Ուզում են, որ սահմանը բացեն, և ավտոմեքենաներով վերադառնան: Թե չէ մեկ մեքենա ուղարկելը 300-350 դոլար է, քիչ փող չէ, չունեն մարդիկ: Ծանոթներիցս մեկն այնտեղ էր, մեքենան ուղարկեցին Վլադիկավկազ, Մոսկվայից գնաց, վերցրեց: Բայց խնդիրն այն է, որ, եթե դու այնտեղ ես գտնվում՝ մեքենան ուղարկես՝ ո՞վ պետք է դիմավորի, ո՞ւր պետք է կայանեն: Եթե ինքնաթիռով ժամանես՝ երկու շաբաթ պետք է ինքնամեկուսանաս, դրա համար այդ պահը ժողովրդի համար մի քիչ դժվար է»,- 168.am–ի հետ զրույցում ասաց բուժման նպատակով Հայաստան ժամանած Վարդան Պալյանը, ում մարտի 30-ին հաջողվել է ինքնաթիռի տոմս գնել ու վերադառնալ Ռուսաստան: