Ամուլսարի ճանապարհների փակվելուց հետո Գնդեվազում ու Գորայքում ահագնանում է արտագաղթը

Ամուլսարի հարցն արդեն երկու տարի առկախված է։ Վերջին շրջանում ընդհանրապես տպավորություն է, որ կառավարությունը մոռացել է, որ երկրում արդեն 2 տարի փակ ճանապարներով արտերկրյա ներդրում կա, և ինքը՝ կառավարությունը, արդեն երկու տարի չի կատարում իր ուղղակի պարտավորությունը՝ լուծում չի տալիս խնդրին՝ թողնելով ինքնահոսի։

Վերջին օրերին «Լիդիանի» ու ճանապարհ փակող խմբի միջև պարբերական լարվածության ֆոնին կառավարությունը ոչ մի առերևույթ քայլ չի ձեռնարկում։ Այս իրավիճակում առավել զավեշտալի են կառավարության՝ ներդրումների բացակայության մեղքը սրա-նրա վրա բարդելու փորձերը։ Նույնիսկ Ամուլսարի Գնդեվազ ու Գորայք համայնքների բնակիչներն են հասկանում, որ կառավարությունը պարզապես գլուխն ավազի մեջ է մտցրել երկու տարի  և անընդունակ է լուծում տալ խնդրին։

Գնդեվազում ու Գորայքում ծայրահեղ վատ սոցիալական վիճակ է, մարդիկ աշխատանք չունեն, վարկերի տակ կքված են։ Ամուլսարի ճանապարհների փակվելուց հետո այս համայնքներում ահագնանում է արտագաղթը։

Մեր զրուցակիցները պնդում են, որ այս համայնքներում մարդիկ կողմ են հանքի շահագործմանը, հատկապես, որ կառավարությունը մեկ տարի առաջ բոլորիս գրպանից 400 հազար դոլար ծախսեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման  փորձաքննության համար ու այդպես էլ ոչ մի եզրակացության չեկավ։ Երկրորդ՝ հատկապես կորոնավիրուսի հետևանքով «խոպան» մեկնելու հնարավորությունից զրկված համայնքաբնակները չեն պատկերացնում, թե ինչպես են ապրելու։ Դեռ երկու տարի առաջ այս համայնքներում մարդիկ կայուն աշխատանք ունեին, իսկ այսօր չունեն ոչ աշխատանք, ոչ ապրելու միջոց ու դրա համար մեղադրում են կառավարությանը։

ԵՎԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս